Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Թեւոսյան. Հայերենի պարտադրանքը վերաբերում է միայն տեղական արտադրության տեսալսողական արտադրանքին

Հունիս 29,2020 14:09

Պարզաբանում է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Տեսալսողական մեդիայի» մասին նոր օրենքի համահեղինակ Վահագն Թեւոսյանը:

-Պարոն Թեւոսյան, օրեր առաջ «Հայաստանի օպերատորների միության» տնօրեն Քրիստինե Գյոնջյանն «Առավոտին» տված հարցազրույցում որոշակի մտահոգություններ էր արտահայտել «Տեսալսողական մեդիայի» մասին նոր օրենքի նախագծի մասով, որոնք, ընդունեք, տրամաբանական էին: Օրինակ ինչպե՞ս եք պատկերացնում, որ օտարերկրյա արդեն պատրաստի ծրագրերը թարգմանվեն օպերատորների կողմից:

-Պետք է արձանագրեմ, որ դա թյուրիմացություն է՝ որոշակիորեն պայմանավորված ոչ հստակ ձևակերպումներով, մեր մեղավորությունն է: Ու շնորհակալ ենք միությանը այս հանգամանքի վրա մեր ուշադրությունը բեւեռելու համար: Իհարկե, անտրամաբանական է, որ նման բան լինի, ըստ այդմ՝ նախագիծը երկրորդ ընթերցման կուղարկվի արդեն ավելի հստակեցված ձևակերպումներով: Մեր հայեցակարգում չի եղել նման մտադրություն. ո՛չ ցանցային օպերատորների միջոցով, ոչ էլ հանրային մուլտիպլեքսով տարածվող օտարերկրյա տեսալսողական ծրագրերը թարգմանման ենթակա չեն կարող լինել: Դա անհնար է տեխնիկապես: Հայերենի պարտադրանքը վերաբերում է միայն տեղական արտադրության տեսալսողական արտադրանքին, երբ ինքդ ես ծրագիրը պատրաստում: Այսինքն` եթե միջկառավարական պայմանագրով, օրինակ, ռուսական Կուլտուրա ալիքը սփռվելու է հանրային մուլտիպլեքսով, այն սփռվելու է այն լեզվով, որով կազմված է ծրագիրը՝ ռուսերենով: Նույնը վերաբերում է նաև բոլոր այն ալիքներին, որոնք սփռվում են ցանցային օպերատորների միջոցով:

-Իսկ ինչո՞ւ են արգելվում այն օտարերկրյա ծրագրերը, որոնք պարունակում են գովազդ:

-Անկեղծ ասեմ՝ նման իմպերատիվ պահանջ դրված չէ: Այս արգելքը գործում է միայն այն դեպքում, եթե առկա է միևնույն ծրագրի առանց գովազդի՝ միջազգային տարբերակը: Իսկ այն ալիքները, որոնք չունեն առանց գովազդի տարբերակ, կարող են գովազդով հեռարձակվել, ինչ արած: Բանն այն է, որ դրսի գովազդի այսօրինակ մուտքը մեր մեդիադաշտ հնարավորություն է տալիս խոշոր բրենդերին խուսափել Հայաստանի գովազդային շուկային մասնակցությունից, ինչը տնտեսական խնդիր է: Բացի այդ անհասկանալի է, թե ինչու է հեռուստաալիքը գովազդ վաճառում մի երկրում, բայց այն ցուցադրում նաև այլ երկրում: Հանրությունն էլ է դժգոհում՝ ինչու պետք է անընդհատ նայենք ինչ-որ գովազդ, որի թիրախը մենք չենք. օրինակ՝ ինչ-որ այլ երկրի բանկի գովազդ: Բայց քանի որ ցանցային օպերատորների կայացման խնդիր ունենք, կտրուկ կարգավորումից զերծ ենք մնացել:

-Օպերատորները չեն հասկանում նաեւ, թե ինչու է արգելվում նրանց ունենալ սեփական արտադրության ծրագրեր:

-Սա շատ պարզ է: Սկսենք նրանից, որ նախագծով ծրագիր պետք է ստեղծի Հայաստանում գրանցված իրավաբանական անձը, որպեսզի կարգավորողը օրենքով սահմանված իր հարաբերությունները պարզի հենց այդ իրավաբանական անձի հետ: Դիցուք, տուգանքները սահմանվում են այդ X իրավաբանական անձի նախորդ տարվա հասույթի ինչ-որ տոկոս: Հիմա պատկերացրեք մի քանի հարյուր միլիոն շրջանառություն ունեցող օպերատորի հասույթը. այդտեղից հանած տոկոսն ահռելի գումար է կազմելու: Դա ձեռնտու չէ հենց իրենց՝ օպերատորներին: Այս հանգամանքը բազմիցս բացատրվել է, ու չեմ հասկանում՝ որն է բարդությունը նոր ընկերություն ստեղծելու, թեկուզ օպերատորի վերահսկողության տակ գործող: Մեր օրենսդրությունը թույլ է տալիս տնտեսվարողների խմբեր (Group) ստեղծելու: Այնպես որ օպերատորներին չի արգելվում լինել ինչ-որ մեդիածառայություն մատուցողի մասնակից, պարզապես այդ ծառայությունը պետք է մատուցվի առանձին իրավաբանական անձով:

-Եվ վերջապես հանրային մուլտիպլեքս-օպերատորներ հարաբերությունների մասին: Օպերատորների միությունն ասում է, որ նախագծի սկզբնական տարբերակում կար պարտադրանք, որ հանրային մուլտիպլեքսում ներառված ալիքները ցուցադրվեին նաեւ ցանցային օպերատորների կողմից, հիմա այդ պարտադրանքը հանվել է: Ինչո՞ւ:

-Այո, ամեն ինչ հենց այդպես է: Անկեղծ ասեմ՝ ես այդ պարտադրանքի կողմնակիցներից եմ: Բայց քանի որ կան իրարամերժ երկու կարծիքներ հենց տնտեսվարողների միջև, մենք այս փոփոխությունը վերանայելով որոշակի հանրային դիսկուրս հրահրեցինք, որպեսզի հաղթող տեսակետը տեղ գտնի նախագծում՝ երկրորդ ընթերցումից առաջ: Այս պահին դեռ հաղթում է պարտադրանքի կողմնակիցների տեսակետը: Իմ տեղեկություններով, կառավարությունը՝ ի դեմս լիազոր մարմնի, նույնպես հակված է այդ տեսակետին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930