Aravot.am-ը դժգոհություններ է ստացել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող որոշ արվեստի դպրոցների սաների ծնողներից, որ իրենց երեխաների հետ 4 ամիս չեն անցկացվել պարապմունքներ՝ կորոնավիրուսի պատճառով, մասնավորապես պարի պարապմունքներ անցկացնելը հեռավար մեթոդով անհնար է եղել, սակայն իրենցից պահանջել են վճարել այդ ամիսների համար պահանջվող 32000 դրամ վարձը: Ըստ ծնողների, արվեստի դպրոցներից իրենց ակնարկել են, որ եթե ծնողները վարձերը չվճարեն, քաղաքապետարանը դա կգանձի ուսուցիչներից:
Aravot.am-ը Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչու են պահանջում վճարել չկայացած պարապմունքների համար եւ արդյոք արվեստի դպրոցներին սպառնացել են հակառակ պարագայում վարձերը ուսուցիչներից գանձել: Մամուլի խոսնակը նախ առաջարկեց կոնկրետացնել, թե որ դպրոցների մասին է խոսքը, ապա ընդգծեց. «Եթե կա նման դեպք, դա հակաօրինական է: Այդպիսի ձեւակերպմամբ, որեւէ բան չկա, խնդիրը հետեւյալն է՝ հատկապես պարի խմբակների եւ մնացածի վերաբերյալ: Ամսական վճարը տեղական տուրքն է, որ գանձվում է արվեստի դպրոց հաճախող երեխաներից, եւ դա պարտադիր տուրք է: Ամսվա մինչեւ որոշակի օր պետք է վճարվի այդ գումարը:
Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի ստեղծած իրավիճակը՝ այն արվեստի խմբակները, որոնց դեպքում հեռավար պարապմունքներ հնարավոր չեն, դա մասնավորապես պարին է վերաբերվում, քաղաքապետարանը ծնողներին առաջարկում է արվեստի դպրոցների հետ սեպտեմբերին կնքել պայմանագրեր, որ իրենք պարտավորվում են վճարել անցած չորս ամիսների վարձերը միայն այն դեպքում, երբ կլրացվեն այդ չորս ամիսների դասերը: Այսինքն՝ եթե սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր կլրացվեն նաեւ մարտ-հուսիս ամիսների բաց թողած դասերը, այդ դեպքում ծնողները կպարտավորվեն վճարել այդ գումարը, եթե ոչ՝ չեն վճարի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ