Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ վատ են արել, որ հանել են դիմակը, բայց ես էլ եմ հանում, ժողովուրդ ջան… մենք հո չե՞նք ասում ամեն ինչով նմանվեք մեզ». «Իմ քայլի» պատգամավոր

Հունիս 29,2020 13:45

«Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն». երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսպես դիմում էր քաղաքացիներին՝ կոչ անելով տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ձեռնպահ մնալ սրճարաններ, ռեստորաններ գնալուց: Մինչդեռ համացանցում այս կոչին զուգահեռ տարածվում էին պատգամավորների նկարներ՝ փողոցում, սրճարանում, այդ թվում՝ դիմակները կիսով չափ հանած:

Այսօր այս առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես մեր սիրելի հայրենակիցներին հորդորում եմ պահպանել պարետատան կողմից սահմանված 3 պարզագույն կանոնները՝ ժամանակ առ ժամանակ ախտահանել ձեռքերը, կրել դիմակներ ու պահպանել սոցիալական հեռավորություն՝ անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես է պահպանում կանոնները: Ես գիտեմ, որ իմ բոլոր գործընկերները պահպանում են կանոնները, մեկը՝ մի քիչ լավ, մեկը՝ մի քիչ վատ: Եթե հրապարակվել են լուսանկարներ, որ մեկը ինչ-որ մի պահի հանել է դիմակը, շատ վատ են արել, որ հանել են, բայց ես էլ եմ հանում, ժողովուրդ ջան, ժամանակ առ ժամանակ ես էլ հանում եմ՝ մի հատ մաքուր օդ շնչելու: Ես էլ եմ շատ վատ անում, չպետք է օրինակ վերցնել վատ արարքից, պետք է օրինակ վերցնել լավ արարքից ու որեւէ մեկը թող իր գործողությունները չկապի ուրիշների հետ: Այո, մենք խնդիր ունենք օրինակ` ծառայելու, բայց մենք հո չե՞նք ասում ամեն ինչով նմանվեք մեզ: Մեր դրական գործողությունները ընդօրինակելի են, բացասական գործողությունները…Հայաստանում այդպիսի մարդ չկա, որ բացասական բան չանի, պե՞տք է բացասականն ընդօրինակել: Շատ վատ են արել, ով որ նկարվել է այդպես: Ես էլ չեմ դիմանում, ես էլ եմ մեկ-մեկ դիմակս հանում այնտեղ, որտեղ չպետք է հանեմ, օրինակ, մեր այգում, լինում են այդպիսի բաներ: Հո դա հանրությունից չե՞մ թաքցնում, բայց նաեւ չեմ էլ քարոզում այդպիսի վարքագիծ»:

Դիտարկմանը, որ ձեզ չեն տուգանում, իսկ մյուս քաղաքացիներին, հենց դիմակը հանում են՝ տուգանում են՝ Ուլիխանյանը պատասխանեց. «Ես ուզում եմ ասել, որ սխալվել կարող են բոլորը ու այդ սխալը չպետք է դառնա վարքագծի կանոն, խրախուսելի կանոն, որ եթե ԱԺ պատգամավորը հանում է, ուրեմն մյուսն էլ պետք է հանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930