Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արդյոք, ինչպես իրենք են նշում՝ բնիկները, որեւէ առավելություն ունե՞ն ծայրամասերում բնակվողների նկատմամբ». Ուլիխանյանը ամոթանք է տալիս ու փակում թեման

Հունիս 29,2020 13:12

«Գույքահարկի մասին» օրենքը քննադատության տեղի է տվել ու քանի օր է՝ սոցցանցերում «ես բնիկ երեւանցի եմ» կարգախոսով ֆլեշմոբեր են իրականացվում, որոնց միացել են նաեւ մշակութային գործիչներ: Այս առնչությամբ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հարցին՝ հիմա ժամանա՞կն է քաղաքացիների վրա նոր բեռ ավելացնելու՝ պատասխանեց. «Մեր օրենսդրությունը եւ տասնամյակների պատմությունը ենթադրել են տալիս, որ դա ուղղակի բեռ է լրացուցիչ եւ արդյունք չի տալիս քաղաքացիներին: Օրենսդրության մեջ ասվում է, որ հարկը պետության բյուջե վճարվող անհատույց գումար է, այնինչ մենք ի՞նչ ենք ուզում ցույց տանք, որ քաղաքացիները հարկեր վճարելով՝ ստանում են հարկերից բազմապատիկ ավելի արդյունք՝ այլ տեսքով՝ աշխատավարձերի բարձրացման, պետական ծառայությունների որակի բարելավման, ճանապարհաշինության բարելավման, բակերի վերանորոգման, ընդհանրապես միջավայրի բարելավման առումով: Նույնը վերաբերում է գույքահարկին, որը ոչ թե մարդու վրա դրած հարկ է, այլ՝ կոնկրետ ունեցվածքի՝ գույքի: Գույքահարկը պետք է վճարվի՝ գույքի արժեքից ելնելով: Այո, կարող են լինել քաղաքացիներ, որոնք կարող է ունենան դժվարություններ գույքահարկը վճարելու հետ կապված: Ստեղծված աղմուկի մեջ կորում է այն կարեւոր տեղեկությունը, որ, այնուամենայնիվ, ավագանին կարող է եւ ունի իրավունք հավաքագրվելիք գույքահարկի 10 տոկոսի չափով անհրաժեշտ եւ օբյեկտիվ պայմանների դեպքում իրականացնել զեղչեր ու զրոյացնել գույքահարկի գանձման չափը: Ավագանին, եթե խնդրահարույց է գույքահարկը վճարելը, կարող է օժանդակել ու բացառիկ հնարավորություններ տալ»:

Ուլիխանյանն ասաց, որ եթե այս օրենքը չընդունեին, նախորդ տարի ընդունված օրենքի շրջանակում, կադաստրային արժեքը մոտարկելով շուկայական արժեքին, քաղաքացիները ավելի շատ գումար պետք է ստիպված լինեին վճարել. «Գույքահարկի մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո էականորեն ավելի քիչ են վճարելու, էլ չեմ ասում, որ դա 6 տարվա ընթացքում է լինելու ու վստահ եմ՝ այնքան սահուն է լինելու, որ քաղաքացիները մեծ դժվարություն չեն տեսնելու»:

Հետո պատգամավորը քննադատողների համար հարցադրումներ հնչեցրեց. «Սահմանամերձ համայնքի եւ Կենտրոնի բնակիչներն արդյոք նույն չափո՞վ են գույքահարկ վճարելու: Արդյոք, ինչպես իրենք են նշում՝ բնիկները, որեւէ առավելություն ունե՞ն այլ համայնքների՝ ծայրամասերում բնակվողների նկատմամբ: Այս երկու հարցը հերիք է այդ թեման փակելու համար, դա անթույլատրելի է ու կարծում եմ նաեւ ամոթ է, ամոթալի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930