Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մամիջանյան. «Չի կարող պարոն Փաշինյանը ինչ-որ պահի որոշել, որ ինքը կաթողիկոս է դառնում»

Հունիս 29,2020 12:56

ՀՀԿ երիտասարդները բողոքի ցույց են անում Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի առջեւ: Նրանք դեսպանին նամակ փոխանցեցին, որով տեղեկացնում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հակասահմանադրական եւ հակաժողովրդավարական բնույթը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, որ նամակ են հանձնել նաեւ ՀՀ –ում հավատարմագրված ԵԱՀԿ երկրների բոլոր դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին եւ Եվրոպայի խորհրդին:

«Նամակը պարունակում է նկարագրություն՝ իրավական եւ քաղաքական տեսանկյունից այն ամենաթողությունը, որը տեղի է ունենում ՍԴ-ի հետ եւ առհասարակ, ժողովրդավարական գործընթացների տրամաբանությամբ: Սկսել ենք ԵՄ դեսպանությունից, որովհետեւ տիկին դեսպանը հաճախ իր կողմնակալ խոսքով, հաճախ կողմնակալ լռությամբ տպավորություն է ստեղծում, թե եվրոպական միջազգային կառույցները կողմ են կամ լուռ են այս գործընթացների նկատմամբ: Այնինչ, թե Վենետիկի հանձնաժողովը, թե ԵԽ-ն, թե ԵԺԿ-ն, բոլորն արտահայտել են իրենց կարծիքն այս ամենաթողության նկատմամբ»:

Հայկ Մամիջանյանի խոսքով. «Մենք նման ակցիաներ անում ենք, որպեսզի այժմյան իշխանությունները հասկանան՝ որ իրենք ամեն ինչ անել չեն կարող: Վաղ, թե ուշ՝ թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային հարթակներում մեր իշխանությունների քիթը պիտի հատակին կպնի, ու իրանք հասկանան, որ ամեն ինչ չի կարելի անել: Չեն կարող ասել, որ լրագրողներն են մեղավոր իրենց ձախողած կորոնավիրուսի դեմ պայքարի պարագայում: Չի կարող պարոն Փաշինյանը ինչ-որ պահի որոշել, որ ինքը կաթողիկոս է դառնում: Այդպես չի լինելու»:

Հայկ Մամիջանյանն ասաց՝ իրենց ընկերներն ասում են, թե նամակներ գրելու ժամանակն անցել է. «Բայց միանշանակ՝ շատ շուտով գալու է գործողությունների ժամանակը»: Թե ինչ գործողություն, նա չասաց, բայց նշեց՝ այդ անակնկալը կպահպանեն իշխանությունների համար. «Իրենց թվում է, որ արտակարգ դրության պայմաններում հնարավոր չէ բողոք արտահայտել: Իրենց վստահեցնում եմ, որ իրենք մոտ ապագայում բազմաթիվ տարբերակներ կսովորեն արտակարգ դրության կարգը դույզն ինչ չխախտելու պարագայում իրենց բողոքը բարձրաձայնելու համար»:

Հունիսի 22-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը 89 պատգամավորով «կողմ» քվեարկեցին սահմանադրական փոփոխությունների նախագծին: Այն արդեն ուժի մեջ է, եւ ըստ այդմ, դադարեցվում են 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները: Իշխանությունը համարում է, որ այսպիսով լուծվում է ՍԴ ճգնաժամը: Ընդդիմությունը այս գործընթացը համարում է հակասահմանադրական:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930