Լրահոս
Օրվա լրահոսը

Մի փորձեք գցել թյուրիմացության մեջ, թե իբր անշարժ գույքի հարկի դրույքաչափերի վերջին փոփոխություններով դուք «հերոսաբար» փրկեցիք մարդկանց շատ ավելի բարձր հարկեր վճարելու պարտականությունից. Արկադի Խաչատրյան

Հունիս 29,2020 12:07

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի գրառումը

Իշխանությունները պետք է ազնիվ լինեն՝ անշարժ գույքի հարկի ռեֆորմի և համահարթ եկամտային հարկի մասին խոսելիս

Իշխանական թևի իմ բազմաթիվ գործընկերներն այս օրերին պնդում են, որ անշարժ գույքի հարկի բարձրացումը կապահովի սոցիալական արդարությունը, չէ՞ որ իրենք իջեցրել են եկամտային հարկը, սահմանելով այն 23% համահարթ, մեծացրել են մարդկանց տնօրինվող եկամուտը, հիմա էլ իբր հարկային բեռ չեն ավելացնում, ընդամենը մարդկանցից հետ են վերցնում իրենց «ավելացրած» գումարները՝ անշարժ գույքի հարկի տեսքով, իսկ առաջիկա տարիներին եկամտային հարկը կիջեցնեն մինչև 20%՝ դրանով իսկ փորձելով հիմնավորել, որ իբր մարդիկ նույնիսկ շահած են դուրս գալու այս ամենի արդյունքում: Ասում են նաև, որ իրենք ուղղակի պարտավոր էիք հենց հիմա ընդունել անշարժ գույքի հարկման այս օրենքը, որպեսզի «փրկեն» մարդկանց հարկի անխուսափելի «չարաբաստիկ» բարձրացումից:

Ի պատասխան այս բոլոր պնդումների՝ իմ գործընկերներին և մեր հայրենակիցներին ես ուզում եմ ասել հետևյալը.

1.2020թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրվեց 23% համահարթ եկամտային հարկը՝ նախկինում գործող երեք դրույքաչափերի փոխարեն՝ 23% (աշխատավարձի մինչև 150 հազ. դրամ գումարից), 28% (150 հազ-ը գերազանցող գումարից) և 36% (աշխատավարձի 2 մլն-ը գերազանցող գումարից):

2.Դեռ անցած տարի ՀՀ-ում վարձու աշխատողների 65-70%-ը ստանում էին ՄԻՆՉԵՎ 150 հազ. դրամ աշխատավարձ, հետևաբար այսպես թե այնպես նրանք վճարում էին և հիմա էլ վճարում են 23% եկամտային հարկ, այսինքն` նրանց կյանքում համահարթ եկամտային հարկի ներդրումը որևէ էական բան չի փոխել:

3.Եթե խիստ պայմանականորեն միջին խավ համարենք 500 հազ-ից 2 մլն. դրամ աշխատավարձ ստացող մարդկանց (կրկնում եմ ՝ խիստ պայմանականորեն), ապա նրանք կարծես թե համահարթ եկամտային հարկի ներդրմամբ ս.թ. հունվարի 1-ից մինչ այսօր խնայում էին 150 հազ-ը գերազանցող գումարի 5%-ի չափով:

4.Սակայն, ինչպես ս.թ. հունիսի 23-ին նշել էի իմ ֆեյսբուքյան էջում, 2020թ. հուլիսի 1-ից սկսած ՀՀ-ում ամսական 500000 դրամից ավելի աշխատավարձ ստացող մարդիկ կսկսեն վճարել սոցիալական վճար՝ իրենց աշխատավարձի 10%-ի և 25000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 77000դր.՝ նախկինում 25000 դր. առավելագույն ամսական շեմի փոխարեն: Հատուկ նշեմ, որ ներկայումս, ժամանակավորապես, մինչև առաջիկա տարիներին եկամտային հարկի նվազումը, քաղաքացիների սոցիալական վճարների կեսը, բայց ոչ ավելի քան 12500դր. կատարում է պետությունը, ինչը աստիճանաբար կդադարի առաջիկա տարիներին:

5.Վերը նշվածը նշանակում է, որ 2020թ. հուլիսի 1-ից սկսած 500000 դրամից ավելի աշխատավարձ ստացող մարդիկ կսկսեն վճարել սոցիալական վճար՝ իրենց աշխատավարձի մինչև 7.55%-ը (կախված աշխատավարձի չափից) (ժամանակավորապես 12500 դրամի չափով նվազեցման դեպքում՝ մինչև 6.32%)՝ այս պահին առավելագույնը 2.5%-ի փոխարեն:

6.Սա նշանակում է, որ, օրինակ՝ 1020000դր. աշխատավարձ ստացողը ս.թ. հուլիս ամսվա համար կվճարի արդեն 77000-12500=64500դր. սոցիալական վճար, այսինքն` Ԣ.32%՝ ս.թ. հունիս ամսվա համար վճարվող 1.23%-ի (12500 դրամի) փոխարեն, այսինքն` ավելի քան 5%-ով ավելի մեծ սոցիալական վճար:

7.Թեև սա մասնավոր դեպքի մատնանշում է, այդուհանդերձ նպատակը՝ ի ցույց դնելն է, որ պայմանականորեն վերցված այդ եկամտային հատվածը ներկայացնող միջին խավը ևս ս.թ. հուլիսի 1-ից սկսած համահարթ եկամտային հարկի ներդրումից առավելապես կամ էապես շահած այլևս չի լինի, քանի որ տնօրինվող եկամուտը կնվազի:

8.Իհարկե, մեր գործընկերները կարող են ասել, որ առաջիկա տարիներին եկամտային հարկի համահարթ դրույքաչափը կնվազի 23%-ից մինչև 20%, և մարդկանց տնօրինվող եկամուտը կավելանա անշարժ գույքի հարկի ներդրմանը զուգահեռ: Այո, կնվազի, բայց ափսոս, էլի չի ստացվում. եկամտային հարկի դրույքաչափի նվազմանը զուգահեռ բարձրանալու է վճարվելիք սոցիալական վճարների դրույքաչափը՝ ներկայիս 2.5%-ից դառնալով 5%: Կրկին մարդկանց եկամուտներում էական փոփոխություն չի լինի:

9.Իհարկե, հանուն արդարության, պետք է նշել, որ կարելի է նաև մատնացույց անել համահարթ եկամտային հարկի ներդրման արդյունքում էապես շահած մարդկանց՝ բարձր եկամտային հատվածներից, սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն չունեցող մարդկանցից և այլն, սակայն այդ մարդիկ մեծամասնություն չեն կազմում, հետևաբար մենք չենք կարող խոսել համահարթ եկամտային հարկի ներդրման արդյունքում մեր հայրենակիցների առավելապես շահած լինելու մասին՝ տնօրինվող եկամտի էապես մեծացման առումով:

10.Վերոհիշյալից ելնելով՝ հարկ է փաստել, որ քաղաքական մեծամասնության կողմից արտահերթ ռեժիմով, առանց հանրային և մասնագիտական բազմակողմանի քննարկման, արտակարգ դրության և տնտեսական խորը ճգնաժամի պայմաններում ընդունվել է անշարժ գույքի հարկման մի նախագիծ, որով նախատեսվում է ներդնել հարկման նոր, սակայն անարդար, ոչ մարդակենտրոն համակարգ՝ առանց սոցիալական երաշխիքներ, արտոնություններ և բացառություններ սահմանելու, առանց կոնկրետ գնային հատվածների գույքի սեփականատերերի եկամուտների մակարդակը հաշվի առնելու, առանց սոցիալական տարբեր շերտերի մտահոգությունները և միջին խավի շահը հաշվի առնելու, առանց բազմակողմանի և լուրջ վերլուծության, առանց ազդեցության գնահատման՝ ներդրումների, անշարժ գույքի գների, շինարարության, հիփոթեքային շուկայի և այլնի վրա, առանց քաղաքական ուժերի հետ քննարկելու և հորդորները հաշվի առնելու:

11.Վերջնարդյունքում այն առավելապես ենթադրում է հարկային բեռի մեծացում, իսկ միջին խավի համար՝ էական մեծացում՝ առանց եկամուտների համաչափ ավելացման:

Հաճախ մեր գործընկերներն ասում են, որ անշարժ գույքի հարկը կազմում է ամսական այսքան գումար: Հետաքրքիր է՝ դա ասողներից ո՞վ է երբևէ ամսական գույքահարկ վճարել: Այդ գումարը վճարվում է միանվագ, և մարդկանց մեծամասնության աչքին այդ գումարը երևալու է: Կառուցապատողից բնակարան գնելու դեպքում մարդիկ առավելապես դա անում են հիփոթեքային վարկի միջոցով, և պարտավոր են լինելու կատարել հետևյալ վճարումները՝ վարկի մայր գումարի մարումներ, տոկոսի վճարում, վարկի սպասարկման վճար, գույքի և երբեմն դժբախտ դեպքերից ապահովագրության վճարներ, այնուհետև շենքի պահպանման պարտադիր նորմերի վճարներ: Այս ամենին պետք է գումարել նաև անշարժ գույքի նոր հարկի զգալի վճարումը և այս ամբողջը 10-20 տարվա ընթացքում: Գումարենք այս ամենին հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձման սպասվող դադարեցումը կառավարության կողմից, ինչպես նաև սպասվող անշարժ գույքի գների անկումը, և ասացեք խնդրեմ՝ այս ամենը կազդի՞ միջին խավը և ոչ միայն այդ խավը ներկայացնող մարդու՝ հիփոթեքային վարկով նորակառույցում նոր բնակարան ձեռք բերելու որոշման վրա, թե՞ ոչ:

12.Ի սեր Աստծո, գոնե մի ասեք, որ համահարթ եկամտային հարկի ներդրմամբ միջին և ավելի ցածր եկամտային հատվածներում գտնվող մարդկանց համար մի էական և կարևոր բան եք արել, հիմա էլ իբր թե հարկային բեռ չեք ավելացնում, ընդամենը իրենցից հետ եք վերցնում ձեր «տված» գումարները՝ անշարժ գույքի հարկի տեսքով, մի հատ էլ իբր թե մարդիկ շահած են դուրս գալու:

Եթե ձեր նպատակը հարկային բեռ ավելացնելը չէր և միայն մեծահարուստ մարդկանց և օլիգարխների անշարժ գույքը հարկելն էր, կարող էիք ընդամենը շքեղության հարկ սահմանել և դրանով ավարտել:

13.Եվ ևս մի բան, իմ շատ հարգելի իշխանական թևի գործընկերներ, մի փորձեք գցել մեր հայրենակիցներին թյուրիմացության մեջ, թե իբր անշարժ գույքի հարկի դրույքաչափերի վերջին փոփոխություններով դուք «հերոսաբար» փրկեցիք մարդկանց շատ ավելի բարձր հարկեր վճարելու պարտականությունից: Դա առնվազն ազնիվ չէ: Անցած տարի նոյեմբերին դուք ընդունեցիք այդ օրենքը՝ անշարժ գույքի կադաստրային գնահատման վերաբերյալ՝ առանց հաշվի առնելու մեր հորդորները, իսկ հիմա փոխանակ հետաձգեք այդ օրենքի կիրառության ժամկետը, մարդկանց անազնվորեն ասում եք, որ դուք ուղղակի պարտավոր էիք հենց հիմա ընդունել անշարժ գույքի հարկման այս օրենքը, որպեսզի «փրկեք» մարդկանց հարկի անխուսափելի «չարաբաստիկ» բարձրացումից:

Նույնիսկ կարելի է «հուզվել»:

Առողջ եղեք:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1000467307036005&id=663766160706123

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930