Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւն օգտագործել է պետության ղեկավարին եւ բանակցող կողմին ոչ հարիր բառապաշար

Հունիս 29,2020 14:30

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը ելույթում իրեն թույլ է տվել մեղմ ասած ոչ կոռեկտ արտահայտություններով խոսել անկախ Հայաստանի, նրա ղեկավարության եւ գեներալիտետի մասին: «Պետության ղեկավարին եւ բանակցող կողմին ոչ հարիր բառապաշար է նա օգտագործել, ընդ որում՝ վիրավորել է ՀՀ-ի ոչ միայն գործող իշխանությանը, նրա մերձավոր շրջապատին եւ ընտանիքին, այլեւ ՀՀ անկախությունը, անկախության տարիների բոլոր իշխանություններին»,-«Առավոտ»-ի հետ զրույցում փաստեց թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը:

Նրա գնահատմամբ՝ այսպես Ալիեւը ներքին քաղաքական հարցեր է փորձում լուծել. «Օրինակ, նա Հայաստանի հեղափոխությունը համարում է «արտաքին ուժերի կողմից ուղղորդված հեղափոխություն»՝ այն ուժերի, որոնք հետխորհրդային երկրներում իրականացրել են, իր խոսքով, «արյունալի» հեղափոխություններ: Նա ասում է՝ «տեսեք ովքեր են այդ հեղափոխության հեղինակները, որոնք այսօր պաշտոն են ստացել, նախկինում ի՞նչ ծրագրերում են աշխատել»: Նա փորձում է սեփական ժողովրդին հասկացնել, որ հանկարծ չգնա հեղափոխության ճանապարհով, այլապես գալու են այնպիսի ուժեր, որոնք Ադրբեջանի հանրությանը խորթ են»:

Կարեն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ անդրադառնալով ՀՀ-ի նախկին իշխանությանը՝ Ալիեւն ասել է, թե նախկին իշխանությունը եղել է «ավազակապետություն, եւ դրա մասին իմացավ ամբողջ աշխարհը՝ շնորհիվ ՀՀ-ի ներկա իշխանության, որի գեներալները տուշոնկայի գողեր են»:

Հովհաննիսյանի խոսքով՝ այսպես Ալիեւը փորձում է իր քաղաքացիներին ասել, որ եթե հեղափոխության փորձ լինի, կգան այնպիսի ուժեր, որոնց սատարում են նրանք, ովքեր հետխորհրդային երկրներում փորձում են իշխանափոխություն անել եւ որոնց նպատակը պետության անցած ճանապարհին հերոսացածներին վարկաբեկելն է: «Այսինքն, Ալիեւը ներքին քաղաքական հարց է լուծում եւ ՀՀ-ին փորձում ներկայացնել «մութ ապագայով»՝ ցանկանալով իր ռազմատենչ նկրտումները կյանքի կոչել: Մեզ հարեւան, բայց ոչ բարեկամ երկրի ղեկավարն այսպես արդեն սկսել է ՀՀ ղեկավարությանը, զինվորական վերնախավին հավասարեցնել հողին՝ ներքին քաղաքական կյանքին հղում անելով: Ուստի կարծում եմ՝ պետք է արձագանքել նման հայտարարություններին՝ առանց իջնելու նույն մակարդակին:

Գոնե կոչով է պետք հանդես գալ՝ եթե ոչ վարչապետի, ապա ԱԳՆ-ի մակարդակով, որպեսզի Ադրբեջանն իրեն պահի կոռեկտության սահմաններում, քանի որ մենք բանակցային փուլում ենք, ու սա կարող է ազդել բանակցային գործընթացի վրա՝ միմյանց հանդեպ անվստահություն առաջացնելով: Արձագանքը պետք է լինի նվազագույնը կոչ՝ մնալ կոռեկտության սահմաններում»,-համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930