Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երբ զգում ես, որ մի ոտքով գնում ես…». 42 օր պայքարել է կորոնավիրուսի դեմ

Հունիս 29,2020 13:30

47-ամյա Արմենը 42 օր կյանքի համար պայքար է տվել, կորոնավիրուսի դեմ էր պայքարում: Արմենը (անունը փոխված է, չցանկացավ անուն, ազգանունը հրապարակենք) չի պատկերացնում, թե ումից է վարակվել, միայն ենթադրում է՝ մեկ այլ, ոչ կորոնավիրուսային բուժմամբ մասնագիտացված հիվանդանոցում գործ է ունեցել, շփում ունեցել, երեւի այդտեղ է վարակվել:

Արմենը հիմա լավ է, հունիսի 22-ին է դուրս գրվել Արտաշատի հիվանդանոցից, որը զբաղվում է բացառապես կորոնավիրուսային հիվանդների բուժմամբ:

«Սխալվում են նրանք, որոնք կարծում են, թե իրենց մոտ չի գա այս հիվանդությունը, կամ այն գոյություն չունի: Այս հիվանդությունն այնքան անսպասելի է գալիս, չես էլ հասցնում վերլուծել՝ էս ինչ կատարվեց»,-ասում է Արմենը:

Մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը, Արմենը որպես կոնտակտավոր ինքնամեկուսացված է եղել Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում: Այստեղ մի քանի օր մնալուց հետո ջերմել է, որից հետո տեղափոխել են Նորք ինֆեկցիոն հիվանդանոց՝ թեստ հանձնելու: Պատասխանը դրական է եղել, ու նրան տեղափոխել են Արտաշատի հիվանդանոց. «Երբ թեստի պատասխանը լսում ես՝ դրական, մի տեսակ վախ ես զգում: Առաջինը մտածում ես ընտանիքիդ մասին, երեխաներիդ մասին, բայց իրենց մոտ բացասական է եղել թեստի պատասխանը»:

Արմենն ասում է՝ գանգատներ չի ունեցել, խրոնիկ հիվանդություն չի ունեցել, վերջին տարիներին ծխելն էլ թողել էր, բայց նրա մոտ կորոնավիրուսը շատ արագ ախտահարել էր թոքերը՝ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել: Արմենի մոտ հազ, լուծ, ցավեր, համի կամ հոտի կորուստ չի եղել. կորոնավիրուսին բնորոշ ախտանիշեր տղամարդու մոտ չեն եղել, միայն՝ բարձր ջերմություն: Արմենն ասում է՝ համի զգացողությունն անընդհատ աղով էր ստուգում, աղն էր համտեսում:

«Սկզբում Արտաշատի հիվանդանոցի հիվանդասենյակում էի, մի քանի օրում վատացա, օդը չէր բավականացնում, թթվածինս իջել էր, այդ պահին չես հասկանում՝ ինչ է կատարվում: Անմիջապես տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, նայում ես՝ չորս կողմդ բժիշկներն ինչ-որ բան են անում, ամենքը մի բան է անում, միացրեցին արհեստական շնչառության սարքին: Հետո ես գիտակցում՝ ինչ էր այդ ամենը, հետո ես հասկանում, որ բժիշկները քո կյանքն են փրկում, քո համար պայքարում»,-պատմում է 47-ամյա տղամարդը:

Բժիշկներն Արմենի վիճակի մասին ասում էին՝ երկար ժամանակ ծայրահեղ ծանր է եղել, հետո կարողացել են վիճակը լավացնել՝ ծայրահեղ ծանրից հասցնելով ծանրին ու կայուն վիճակի: Հիվանդի այս առաջընթացով բժիշկները Արմենից ու նրա հարազատներից պակաս չեն ուրախացել:

«Ես էլ էի պայքարում: Երբ զգում ես, որ մի ոտքով գնում ես… մտածում ես ընտանիքիդ մասին, երեխաներիդ մասին»,-ասում է Արմենը, հետո նաեւ կատակում. «Այդ պահին անգամ վարկիդ մասին ես մտածում: Նայում էի շուրջս, սարսափեցնող տեսարան էր՝ մեկն ընդհանրապես չի խոսում, չի շարժվում, մյուսին բուժքույրն է կերակրում, ու մտածում ես՝ այս ինչ վտանգավոր վիրուս է»:

Արմենը թոքերի արհեստական սարքով շնչել է մոտ 25 օր: Ասում է՝ աննկարագրելի բան է, երբ սարքն անջատում են ու մարդը կարողանում է ինքնուրույն շնչել. «Զգում ես, որ հետ ես եկել կյանք, զգում ես մաքուր օդ շնչելը, ինքնուրույն շնչելն ինչ թանկ բան է, ու համեմատում ես, երբ արհեստական սարքն է քեզ օդ տալիս, ու հասկանում՝ ինքնուրույն շնչելը պարգեւ է»:

Արմենն ասում է՝ հիվանդանոցում օտարություն, մենակություն չի զգացել. «Բժիշկներն անընդհատ կողքիս էին այնպես, ինչպես հարազատ մարդը քո հիվանդ ժամանակ կողքիդ է լինում ու նվիրված հոգ տանում: Այդպես բոլորն էին՝ բժիշկները, բուժքույրերը, սանիտարկաները, երբեք մենակ չեմ զգացել ինձ»:

Հետո երբ արհեստական շնչառության սարքն անջատել են ու Արմենը որոշ ժամանակ հետո իրեն լավ է զգացել, առաջին բանը, որ արել է՝ զանգել է տնեցիներին՝ ծնողին, կնոջը, երեխաներին: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ընտանիքը տանը տոն է կազմակերպել:

Հիմա Արմենը ավելի լավ է, բուժում չի ստանում, թեստի պատասխանը բացասական է եղել, բայց դեռ 14 օր պետք է ինքնամեկուսացված մնա: Այս ընթացքում էլ զգոնությունը չի թուլացնում, ասում է՝ տնեցիքով խիստ պահպանում են հակահամաճարակային բոլոր կանոնները, անհամբեր է, թե երբ է անցնելու աշխատանքի:

«Անհնար է փոխանցել այն երախտագիտությունը, որ զգում ես բուժանձնակազմի նկատմամբ, այդ մարդիկ շատ լարված են աշխատում, անսահման նվիրված: Ու հիմա երբ համաճարակային ամենօրյա թվերն եմ նայում, ափսոսանք եմ զգում, չեմ հասկանում՝ ինչո՞ւ է այդպես շատ, ինչո՞ւ են մարդիկ անտարբեր, իրենք պետք է մտածեն իրենց ու իրենց հարազատների մասին եւ սա նախ պատասխանատվություն է»,-ասում է Արմենը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930