Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը, հենց սկզբից, դեմ էր ու նորից է դեմ բարոյական սահմանադրությանը

Հունիս 29,2020 13:00

Մի՞թե ԱՄՆ-ում հաճախ շարքային դատավորը չի վճռում, թե այս կամ այն հարցը հակասում է սահմանադրությանը

Սահմանադրությունը, ըստ էության, այն ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ է, ինչը «կնքում են» տվյալ երկրի բոլոր քաղաքացիները թե՛ իրար հետ, թե՛ իրենց իսկ ընտրած իշխանավորների, պետերի խմբի, այսինքն, պետություն կոչվածի հետ, որ հայտնի լինի, թե այդ երկրում մարդիկ իրար հետ ի՛նչ կարգով, ի՛նչ պայման ու օրենքով պիտի ապրեն, իսկ պետերն էլ ինչ կարգով պիտի ծառայեն ժողովրդին ու ինչ կարգով պիտի հաշվետու լինեն ժողովրդին, ինչ կարգով ազատվեն իրենց ընտրովի պաշտոններից, ու ինչ կարգով պատժելի լինեն:

Ինչպես ցույց է տալիս տնտեսագիտական ու իրավագիտական վերլուծությունն ու մեր քաղաքակրթության ողջ փորձը, միակ հնարավոր ԱՄԵՆԱԲԱՐՈՅԱԿԱՆ, ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿՈՆՖԼԻԿՏ հասարակական կարգը ազատ շուկայական հարաբերությունների կարգն է, կամ կարճ` ազատ շուկան: Այս կարգը հաստատում է մեր քաղաքակրթության հայտնագործած բարոյական երեք գլխավոր նորմը: Բարոյականության առաջին գլխավոր նորմը պահանջում է, որ անհատի նյութական ու հոգեւոր սեփականությունը (ազատություններն ու իրավունքները) լինեն անձեռնմխելի ու որ անհատը ամենայն իրավունք ունենա այս սեփականությունը իր ուզած ձեւով տնօրինելու:

Երկրորդ գլխավոր նորմը պահանջում է, որ մասնավոր սեփականությանը վերաբերող բոլոր վեճերը լուծվեն միմիայն պայմանով (ոչ բռնի), այսինքն, ըստ հռոմեական իրավունքի ժամանակակից գլխավոր թեզերի: Երրորդ նորմը պահանջում է օրենքի առաջ բոլոր-բոլորի հավասարությունը, ինչը բացառում է, օրինակ, որեւէ իմունիտետի առկայությունը ու ապահովում է օրենքով պաշտպանված ազատ մրցությունը: Եթե մեր ուզածը այս բարոյակա՛ն կարգն է, ուրեմն, մեր ուզածը բարոյակա՛ն սահմանադրությունն է, որովհետեւ ուզում ենք, որ մեր երկրում բարոյակա՛ն հասարակական կարգ, այսինքն, բարոյակա՛րգ հաստատվի: Օրենսդրության խնդիրը` օրենքների հենց ա՛յն ժողովածուները մշակելն է, ինչն ապահովի բարոյական երեք նորմի` մասնավոր սեփականության նորմի, հարաբերությունները օրենքով կարգավորելու նորմի ու օրենքի առաջ բոլորի հավասարության նորմի (այսինքն, ազատ մրցության նորմի) լիակատար ու պարտադիր ու անխափան գործունեությունը: Իսկ սրա համար էլ բարոյակարգ հաստատող ամեն մի սահմանադրության հենց առաջին հոդվածը պիտի շարադրի այս երեք նորմն ու սրանց մեկնությունը: Հենց ա՛յս երեք նորմի պահանջն է հաստատում ժողովրդավարություն կոչվածը ու հնարավորություն տալիս, որ ազատ շուկայում օրենքով ապահովվի անհատի ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ազատության չափն ու տիրույթները:

Հենց սրա՛նք են հնարավորություն տալիս, որ հաստատվեն ու գործեն ՕՐԵՆՔՈՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ արդարությունն ու ՕՐԵՆՔՈՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ազատ մրցությունը, հենց ա՛յս նորմերն են հնարավորություն տալիս, որ հաստատվի օրենքի առաջ բոլորի հավասարությունը: Սահմանադրության մնացած հոդվածներն էլ պիտի լրացնեն այս նորմերն ու ապահովեն սրանց պարտադիր ու լիակատար ու անխափան գործունեությունը: Քրեական ու քաղաքացիական օրենսգրքերը պիտի չհակասեն վերը նշած նորմերին ու ողջ սահմանադրությանը, ու պիտի լրացնեն սահմանադրության հաստատած նորմերը (վերջին հաշվով՝ վերը նշած նորմերը) կիրառելու ձեւերը:

Պետական իշխանության երեք անկախ թեւը

Ազատ շուկայական հարաբերություններով ժողովրդավարական հասարակական կարգ ստեղծելու համար պետական իշխանությունը (պետերի խմբի իշխանությունը) պիտի անպայման բաժանվի իրարից լրիվ անկախ երեք թեւի, Օրենսդիր ժողովի (օրինակ՝ 9 հոգանոց, ոչ ավել), Կառավարության (7-8 հոգանոց, ոչ ավել) ու լրիվ Անկախ Դատարանների, որ պետությունը (պետերի խումբը) չդառնա իրեն ընտրած ժողովրդի անօրեն բռնակալն ու ժողովրդին չճորտացնի: Արդեն մի քանի դար է, ինչ զարգացած երկրների մեծագույն մասի օրենքները կազմում ու ընդունում է այդ երկրների պառլամենտ կամ Օրենսդիր Ժողով (ՕԺ, կամ խորհրդարան, կամ ազգային ժողով, սենատ, կոնգրես, զանազան պալատներ եւն) կոչված ընտրովի օրգանը: Ժողովո՛ւրդն է սրանց անդամներին, այսինքն, իր ներկայացուցիչներին, ընտրում ուղղակի (առանց թեկնածուների ցուցակների) ու գաղտնի քվեարկությամբ, սրա համար էլ ՕԺ-ին ու ԳԺ-ին (նաեւ` դատարաններին) երբեմն ասում են ներկայացուցչական մարմիններ: Բացի սրանք, այդ պետություններն ունեն Դատարանների Համակարգ, որոնց անդամ դատավորներն է՛լ կարող են ժողովրդի ընտրածները լինել: Այս բոլորի գործունեությունը պիտի հսկեն դատարանները, որոնք պիտի հսկեն նաեւ հենց իրենց: Կառավարությունը (ԳԺ-ն) պտի զուրկ լինի որեւէ օրենսդիր նախաձեռնության իրավունքից, որ նախ ժողովրդին կեղեքող կամ խանգարող օրենքներ չառաջանան, երկրորդը՝ չառաջանան կառավարության ծավալը մեծացնող բազում հիմնարկը, որոնց թիվը անընդհատ մեծանալու տենդենց ունի ու երրորդը՝ չմեծանան ու վիթխարի չդառնան կառավարության ծախսերը, այսինքն, հարկատուի բե՛ռը չմեծանա: Դատարանների այս հսկողական ու պատժողական ֆունկցիաներին չափազանց է նպաստում Ազատ Մամուլը, ու սրա համար էլ սրան հաճախ ասում են Չորրորդ Իշխանություն:

Բարոյակարգի դատական իշխանությունը

Իշխանության մի թեւը դատական իշխանությունն է, այսինքն, դատարանների համախումբը: Դատավորների ընտրության ու դատավարության կարգերն աշխարհում շատ բազմազան են, ու այս պատճառով էլ դատական իշխանությունը կազմակերպելու հարցը թերեւս ամենաբարդն է:

1.Թերեւս արժի, որ հրաժարվենք դատարանների բազմամակարդակ համակարգից ու, ըստ էության, թողնենք միայն մի տեսակ դատարան, ընդհանուր իրավասության դատարանները, բողոքարկությունները հանձնելով հարեւան դատարաններին ու մասամբ էլ՝ հատուկ Արդարադատության խորհրդին (ինչը պիտի կազմված լինի թոշակի անցած համբավավոր շարքային ու օրենսդիր դատավորներից) ու հանրաքվեներին: Այսօր մեր դատարանները, ըստ էության, հենց սահմանադրությունով ենթակա են կամ Հայաստանի վարչապետին, այսինքն, ՕԺ-ի մեծամասնությանը (կամ էլ նախկին օլիգարխներին) ու de facto միայն հենց ՕԺ-ն ու վարչապետն են բոլոր դատավորներին նշանակում գործի, ու նաեւ գործից ազատում: Սա փաստ է, ինչ էլ որ ասեն կամ գրած լինի մեր այսօրվա սահմանադրության մեջ: Հենց սրա համար էլ մեր դատական իշխանությունը բոլորովին էլ անկախ չի, ուրեմն չի կարող հսկել ո՛չ հզոր օլիգարխներին, ո՛չ կառավարական պաշտոնյաներին, ո՛չ օրենսդիր ժողովի անդամներին, ո՛չ վարչապետին, ո՛չ սրանց հովանավորյալներից մեկնումեկին, ոչ է՛լ առանձին դատավորներին:

2.Ճիշտ կլիներ, որ մեր դատավորներն էլ լրիվ անկախ լինեին (բայց պաշտպանվա՛ծ անկախ) ու մեր դատարանները կազմվեին համարյա նույն սկզբունքներով, ինչ սկզբունքներ որ առաջարկվել են (իմ մի ուրիշ հոդվածում) ՕԺ-ն կազմելու համար, այսինքն, բոլոր դատավորներին ուղղակի ընտրությամբ ընտրեր ժողովուրդը, սրանք ընտրվեին 40-55 տարեկան իրավագետ-տնտեսագետներից, ու պաշտոնավարեին 15-20 տարի:

3.Հանցանք կատարած դատավորին պիտի դատի մեկ ուրիշ շարքային դատարանը:

4.Ցանկալի է, որ շարքային դատարանի նախագահի ինստիտուտը լուծարվի: Եթե դատարանի նախագահի ինստիտուտը, այնուամենայնիվ, պիտի մնա, լավ կլինի, որ տվյալ դատարանի դատավորները նախագահեն հերթով, օրինակ, տարին մեկ հաջորդելով իրար:

5.Զինվորական դատարանները չպիտի տարբերվեն քաղաքացիական դատարաններից (կամ ուղղակի զինվորական դատարան չպիտի լինի), բացի այն դեպքերը, երբ ռազմական գաղտնիքի հարց կա, ինչը պիտի այնպես սահմանվի, որ լինի հույժ հազվագյուտ, այսինքն, ըստ էության՝ գաղտնիություն չլինի:

6.Ռազմական հազվագյուտ գաղտնիքից բացի, ուրիշ ոչ մի պետական գաղտնիք չպիտի լինի, քանզի, ինչպես ցավալի փորձն է ցույց տալիս, պետական գաղտնիք կոչվածը միայն խոշոր պաշտոնյաների հանցանքները թաքցնելու համար են:

7.Դատավորները պիտի նույն ձեւով դատելի լինեն, ինչպես թե՛ կառավարության անդամները, թե՛ օրենսդիր ժողովի անդամները, թե՛ դատական խորհուրդների անդամները եւն, այսինքն, ցանկացած քաղաքացի պիտի ցանկացած դատավորին դատարան կանչելու իրավունքն ունենա: Մեղադրանքը չապացուցվեց, հայցվո՛րը պիտի դատվի:

8.Դատելի պիտի լինի նաեւ ցանկացած իրավաբանական անձը, սրանց հետ էլ, ինչ-որ ձեւով, բոլոր համայնքապետերը, նախարարներն ու նախարարությունները ու զանազան պետերը, ինչպես նաեւ վարչապետն ու փոխվարչապետը:

9.Դատական օրենսգրքերի մեջ պիտի ընդգրկվեն սահմանադրության բոլոր հոդվածները խախտելու համար պատիժներ (սահմանադրության մանավանդ ա՛յն օրենքները խախտելու համար, որոնք ապահովում են բարոյակարգը, այսինքն, ապահովում են վերը ասած բարոյական նորմերի գործունեությունը):

10.Բացի սա, թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական օրենքները պիտի լինեն հնարավորին չափ անփոփոխ ու հարատեւ, որ անհատ տնտեսվարողը իր համար երկարատեւ պլաններ կազմելու հնար ունենա, վստահ լինելով, որ օրենքների արագ փոփոխությունը չի խանգարի կամ չի խոչընդոտի իր պլաններին:

11.Սահմանադրական դատարանը պիտի լուծարվի ու սրա լիազորությունները պիտի փոխանցվեն շարքային դատարաններին ու մասամբ էլ` ՕԺ-ին ու Արդարադատության խորհրդին (կամ դատական խորհուրդներին): Ինչո՞ւ: Նախ որովհետեւ երկրի սահմանադրությունը պիտի հնարավորին չափ հստակ ու համառոտ լինի, քանի որ սա երկրի գլխավոր օրենքների ժողովածուն է, ու սա պիտի հասկանալի լինի գոնե միջին մտավորականին:

Երկրորդը, եթե շարքային դատավորը (կամ պատգամավորը, ով օրենք ստեղծող դատավոր է) ունակ չի մի ՅՈԹ-ՈՒԹ ԷՋԱՆՈՑ սահմանադրությունը հասկանալու (սահմանադրությունը երբեք չպիտի ծավալուն լինի) ու իր վճիռները հանելու սահմանադրությանը համաձայն, կամ ունակ չի պարզելու, թե ի՛նչն է հակասահմանադրական, ուրեմն կա՛մ սահմանադրությունը բանի պետք չի, կա՛մ այդ դատավորը (պատգամավորը) բանի պետք չի: Գուցե հարց առաջանա, թե շարքային դատարանը ինչպե՞ս պիտի քննի սահմանադրական օրենքների թնջուկները: Պատասխանը պարզ է, ճիշտ այնպես, ինչպես որ քննում է «սովորական» օրենքների թնջուկները:

Մի՞թե սահմանադրությունը օրենքների ժողովածու չի: Ի վերջո, ՍԴ-ի դատավորների ոտները ամպո՞տ են, որ միայն իրենք իրավունք ունենան քննելու որեւէ վիճելի հարցի սահմանադրականությունը: Մի՞թե ԱՄՆ-ում հաճախ շարքային դատավորը չի վճռում, թե այս կամ այն հարցը հակասում է սահմանադրությանը:

Պիտի ամենայն խստությամբ դատվեն ու պատժվեն` մասնավոր այն տեսակ սեփականության անձեռնմխելիությունը խախտողները, ինչին ասում ենք` օրենքի առաջ բոլորի հավասարություն, մարդու իրավունքներ, ցույցերի ու հանրահավաքների ազատություն, խոսքի, կարծիքի, հավատի ու ինֆորմացիա ստանալու իրավունք, ու անպայման` ընտրակարգի օրենքները խախտողները եւն:

Մասնավոր առումով՝ պիտի լուծարվի «պետության գերակա շահի» հասկացությունը: Սրա համար էլ պետք է, որ սովորական դատարաններն իրավունք ունենան` դատելու ու պատժելու ուղղակի հենց սահմանադրական օրենքներով, այսինքն, սահմանադրությունն է՛լ պիտի համարվի օրենսգիրք: Դատախազները պիտի ունենան միայն ու միայն նույն իրավունքները, ինչ իրավունքներ որ ունեն դատապաշտպանները, որ դատական մրցությունն արդար ու հավասար պայմաններով լինի: Այսինքն, դատախազների հսկողական ֆունկցիաները պիտի լուծարվեն:

Մերուժան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ դասախոս

«Առավոտ» օրաթերթ
27.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930