Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Sprezzatura կամ Արամ Աբրահամյանի նոր գիրքը

Հունիս 29,2020 12:30

«Ես փորձում եմ տարանջատել իրական եւ առասպելական Մոցարտին: Իմ հիմնական վարկածն այն է, որ տաղանդավոր մարդը, հանճարը կամ անգամ հանճարների հանճարը, որպիսին Մոցարտն էր, տաղանդավոր է կամ հանճարեղ է ի՛ր բնագավառում, իսկ բոլոր մնացած առումներով նա մեզ նման սովորական մահկանացու է…»:

Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու եւ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի «Հանճարը՝ առասպելից դուրս: Ազատ գրառումներ Մոցարտի մասին» օրերս հրատարակված գիրքը կոնսերվատորիայի գրադարանում է:

Հեղինակը մերօրյա չորրորդ իշխանության ազնվական կերպարներից է՝ հայ ժամանակակից լրագրությանը տալով անդադար փնտրող ստեղծագործողի եզակի օրինակ:

Դիրիժոր ու գրող դառնալու երազանքով ապրող պատանուն երաժշտության սերը տարել էր Պյոտր Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի տեսական բաժին: Արամ Աբրահամյանը մեր կոնսերվատորիայում սովորել է 1978 – 1983 թվականներին՝ նրա բնորոշմամբ «երաժշտական ճաշակի, կուլտուրայի եւ մտավորականի ազնվազարմության չափանիշ» Լազար (Ղազարոս) Մարտիրոսովիչ Սարյանի ղեկավարած տարիներին: Ապագա երաժշտագետն ավարտել է Երաժշտության տեսության ամբիոնի բազմավաստակ գիտնական ու անկրկնելի ինտելեկտուալ Ռաֆայել Ստեփանյանի մասնագիտական դասարանը: Նա կոնսերվատորիայի գրկից մեծ կյանք մուտք գործած եւ ընդմիշտ երաժշտությանը սիրահարված, իր մասնագիտությանը անդավաճան, ուսուցիչներին հավատարիմ երաժշտագետներից է՝ այս գիրքը նվիրելով Երաժշտության պատմության իր դասախոսներ Մարգարիտ Հարությունյանի եւ Աննա Բարսամյանի հիշատակին:

Գրքի 11 գլուխները Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտին դուրս են բերում հանճարի կյանքի ու ստեղծագործությանն առնչվող ամենատարածված մոլորություններից: Մի խմբում հորը, իտալացիներին, կնոջը, մասոններին վերաբերող առեղծվածների պարզաբանումն է: Նույնպիսի շեշտադրում ունեն Մոցարտի կոթողային ստեղծագործություններին անդրադարձող բաժինները:

Ընթերցողին հեղինակը հուշում է «Մոցարտիանա»-ի ամենատարբեր անդրադարձները. մասնավորապես՝ երաժշտագիտության մեջ Հերման Աբերտի, Օտո Յանի, Կառլ Նեմեչեկի, Գեորգի Չիչերինի, Լեւոն Հակոբյանի աշխատությունները, կինոարվեստում՝ Միլոշ Ֆորմանի, Վուդի Ալենի, Ինգմար Բերգմանի, Բու Վինտերբերգի մեկնաբանումները (անգամ Մոցարտի երաժշտության մեջ հեղինակը տեսնում է կինոյի լեզվով ասած «25-րդ կադրի» առկայությունը), գիտության մեջ՝ անգլիացի բնագետ Դեյնս Բարինգթոնի, դանիացի փիլիսոփա Սյորեն Կիրկեգորի, քրեական իրավունքում «մարդաբանության» ուղղության հիմնադիր, հոգեբույժ Չեզարե Լոմբրոզոյի, գերմանացի բողոքական աստվածաբան Կառլ Բարտի դատողությունները, կատարողական արվեստում՝ Ռիկարդո Մուտիի, Մաուրիցիո Պոլինիի, Անդրաշ Շիֆի անունները:

Պարկեշտ հեղինակը նշում է, որ իր գիրքը նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար, բայց փաստենք՝ աշխատության 119 էջերում Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ժամանակը եւ ստեղծագործությունները դիտարկվում, զուգահեռվում ու վերլուծվում են այսօրվա մասնագետ երաժշտի ուսումնառության համար չափազանց կարեւոր, ճիշտ ու պատմական ընդհանրացում-բանալիներով, ինչը անհրաժեշտ է դարձնում հայալեզու դեռեւս եզակի գիրքը ներառել հայրենական ուսումնական գրականության շարքում: Այդպիսի բանալիներից են հետեւյալ մեջբերումները. «Քերուբինոյի շուրթերով Մոցարտը խոսում է իր սիրո մասին…» (էջ՝ 49), «անսամբլների աննախադեպ առկայությունը, եւ որն ավելի կարեւոր է՝ դրանք չեն կանգնեցնում գործողությունները, այլ մղում են առաջ… ռեչիտատիվի կարիքն առանձնապես չի զգացվում» (էջ 50), «…Մոցարտին ավելի շատ հետաքրքրում էր ոչ թե սոցիալական, այլ իրավիճակների հոգեբանական ենթատեքստը, որը ճանապարհ էր բացում զուտ երաժշտական լուծումների համար» (էջ 51) եւ այլն: Այստեղ են առանձին ժանրերի, ձեւերի հակիրճ ու անվրեպ բացատրությունները, իսկ պատմական ակնարկի դեպքում գիտնականի շեշտակի դիտարկմամբ արդարացիորեն արեւմտյան երաժշտարվեստի համայնապատկերում հիշատակում է հայ հեղինակին. «…20-21-րդ դարերում կոմպոզիտորները «Ռեքվիեմ» են կոչել տարբեր տեսակի ստեղծագործություններ՝ լատինական եւ ոչ լատինական տեքստով: Այս պահի դրությամբ վերջին ամենահայտնի Ռեքվիեմը պատկանում է նշանավոր հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին (2011թ.). տեքստն այստեղ լատինական է, սակայն երաժշտության ելեւէջները բխում են մեր հոգեւոր երաժշտությունից՝ տաղերից, շարականներից եւ, իհարկե, Կոմիտասի Պատարագից» (էջ 106):

Այս ամենի կողքին Արամ Աբրահամյանը Վ. Ա. Մոցարտի կոմպոզիտորական ձեռագիրն ու կյանքը բնութագրում է աշխարհիկ հմայքը վերահաստատող դարաշրջանում ծնված հասկացությամբ՝ sprezzatura, երբ ստեղծագործության մեջ չի երեւում ջանքը, աշխատանքը, բայց ամեն ինչ կատարյալ է, այսինքն՝ էլեգանտ ու նրբին: Թույլլ տանք նշել, որ այդպիսին է նաեւ Արամ Աբրահամյանն այս գրքում՝ սկսած իր գծանկար – դիմանկարից հար վերջին տողը:

Մինչեւ կբացենք նորագույն հայ երաժշտարվեստում Մոցարտին նվիրված հայալեզու հեղինակային եզակի գրքերից մեկն ու նորից կլսենք հանճարի այն երաժշտությունը, որի մասին գրում է Արամ Աբրահամյանը, փոխանցենք հեղինակի երախտագիտությունը ԵՊԿ Երաժշտության պատմության ամբիոնի դասախոս Սեդա Շեյրանյանին, ով ինչպես առաջին՝ 2018-ին հրատարակված «Գերմանական կվինտետ: Ազատ գրառումներ Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի, Բրուքների մասին» աշխատանքը, «այս անգամ էլ իր վրա է վերցրել գիրքը խմբագրելու դժվար պարտականությունը»:

«Կախարդական սրինգը» օպերային վերաբերող դրվագում երաժշտագետը հարցնում է, թե որոնք են այն գործիքները, որոնցով բարին ու արդարը հաղթում են: Այդ գործիքներն, իհարկե, երաժշտական են: Ավելացնենք, այդ գործիքներից է Արամ Աբրահամյանի «Հանճարը՝ առասպելից դուրս: Ազատ գրառումներ Մոցարտի մասին» գիրքը… կարդանք ու հիանանք:

Շարունակելով Մոցարտի սիրելի կրկնակի ֆինալների տրամաբանությունը, լսենք դո մինոր մեսայից «Et incarnates est»-ը, որի մասին, ինչպես գրում է Արամ Աբրահամյանը 108-րդ էջում, Հռոմի ներկայիս պապ Ֆրանցիսկոսը ասել է, այդ երաժշտությունը տանում է մեզ ուղիղ Աստուծո մոտ: Կարծում եմ՝ դա կարելի է ասել ընդհանրապես Մոցարտի երաժշտության մասին:

Օլյա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ
Երաժշտագետ
արվեստագիտության թեկնածու
ԵՊԿ դասախոս

«Առավոտ» օրաթերթ
27.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Ըստ իս, հանճարը, որևէ բնագավառում բացահայտում կատարած անձն է: Այդ առումով, ես Մոցարտին հանճար չեմ համարում, քանի որ նա բացահայտում չի կատարել: Նա, ընդամենը, կրկնել, զարգացրել և տարածել է Հայդնի բացահայտած սկզբունքները, որը դասական ժանրերի հիմքն է: Մոցարտը շատ է շրջագայել, իսկ հանճարեղ Հայդնը գրեթե չի շրջագայել … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930