Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինագծեր նախաձեռնելուց առաջ պիտի փորձեին փոփոխել իրենց բառապաշարը, միգուցե, դա առանց իրավական խստացումների տար որոշակի արդյունք»

Հունիս 29,2020 14:00

«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում պատգամավորներ Վահագն Թեւոսյանի, Մխիթար Հայրապետյանի եւ Արման Բաբաջանյանի հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումներին՝ նա ասաց. «Ամբողջ քննարկման ժամանակ, ինչպես նաեւ մինչեւ այդ տեղի ունեցող խորհրդարանական լսումներում, երկրորդական խնդիրների վրա են ուշադրություն դարձնում՝ բաց թողնելով ամենակարեւորը, որ ՀՀ-ում ուշացել է տեխնոլոգիական փոփոխությունների հետ կապված արձագանքը նաեւ օրենսդրական կարգավորման նկատմամբ: Այդ գործընթացը դեռ 15-20 տարի առաջ էր սկսել եւ շարունակվում է: Որեւէ արդիականացում մարդկանց պատկերացումների մեջ տեղի չի ունենում, եւ դա կամաց-կամաց տանում է գոնե վերգետնյա հեռարձակման ոլորտի արդեն ոչ թե դեպի ճգնաժամի, այլ ոչնչացման»:

Բորիս Նավասարդյանը ցավով նշեց, որ այդ ճանապարհը կանխելու, որեւէ լուրջ փոփոխություն անելու համար չկա պատրաստակամություն, նրա կարծիքով՝ միգուցե նաեւ չկան բավարար գիտելիքները: Բորիս Նավասարդյանը նկատեց՝ այն պահից, երբ կարծես պետք է հասունանար այդ խնդրի նկատմամբ ավելի լուրջ վերաբերմունքը, իսկ դա կապում է նաեւ այն քաղաքական փոփոխությունների հետ, որ տեղի ունեցան երկու տարի առաջ, դա տեղի չունեցավ: Այս առիթով ասաց. «Դա տեղի չի ունեցել այն դեպքում, երբ անհրաժեշտ էր շատ լուրջ վերաբերվել եւ հետեւողական ու բազմակողմանի քննարկումներ անցկացնել մասնավոր հատվածի, լրատվամիջոցների ոլորտի, ինչպես նաեւ տեխնիկական փորձագետների հետ, որոնք պետք է հնարավորություն տային մեզ մշակել հայեցակարգ, թե ինչպես ենք մենք դարձնում հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենդրությունը տեսալսողական, ինչն անհրաժեշտ քայլ էր: Բայց մեզ մոտ փոխվեց միայն օրենքի անունը, սակայն բովանդակությամբ մենք շարունակում ենք պահպանել միայն ավանդական, բուն լրատվական միջոցների գործունեությունը եւ չենք հասնում այն նպատակին, որը դրված է օրինագծի հետ կցվող հիմնավորումներում, որ այս օրենսդրությունը պետք է տեխնոլոգիապես չեզոք լինի, հավասարապես եւ նույն արդյունավետությամբ կարգավորի ամբողջ դաշտը եւ հավասարեցվեն ե՛ւ իրավունքները, ե՛ւ պարտականությունները տարբեր հարթակներում գործող տեսալսողական մեդիայի»:

Հետաքրքրվեցինք՝ այս օրինագծով, փաստորեն, ի՞նչ է սահմանվում, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Փաստորեն, այս օրինագծով այդ խնդիրը ոչ թե չի ապահովվում, այլ ընդհանրապես շրջանցվում, արհամարհվում է: Մենք շատ հանգիստ անելով որոշ ոչ էական փոփոխություններ՝ կարող էինք պահել գործող օրենքն իր անունով եւ իր մոտեցումներով, եւ դրանից ոչ մի տարբերություն չէր առաջանա այն օրինագծի հետ, որը մենք այսօր ունենք: Եվ որպեսզի ցույց տալ, որ հիմնավորված է ե՛ւ նոր օրենքի ընդունումը, ե՛ւ նոր վերնագրով օրենքի ընդունումը, այնտեղ ավելացվել են այնպիսի կարգավորումներ, որոնք ուղղակի հնարավոր չէ իրականացնել: Երբ, ընդհանրապես, ցանկացած օրենքում նախատեսված են անիրատեսական կարգավորումներ, դա վարկաբեկում է ե՛ւ օրենքը, ե՛ւ լուրջ խնդիրներ է առաջացնում տվյալ դեպքում հեռարձակվող լրատվամիջոցների ոլորտում»:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին: Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեցինք՝ այդ ելույթում հնչած հայտարարություննե՞րն էլ էին հուզական, թե՞ այդտեղ ատելության խոսք կար, նա պատասխանեց. «Ժամանակակից աշխարհում տարբեր քաղաքական գործիչներ կան, նաեւ այնպիսիք, որոնք հուզական տարբեր արտահայտություններ են թույլ տալիս: Երեւի դա ինչ-որ տեղ մեր ժամանակաշրջանին բնորոշ երեւույթ է: Այնպես որ, դրա հետ կարելի էր երեւի համակերպվել, եթե մեզ մոտ մեր ղեկավարների խոսքի ու գործերի միջեւ լիներ հստակ կապ եւ խոսքին հետեւեին գործեր: Ես ավելի շատ այդ խնդիրն եմ տեսնում, եւ վարչապետը մեկ-մեկ այնպիսի բացահայտումներ է անում, որոնց անպայման պետք է հետեւություն լինի, եւ կոնկրետ քայլեր, փոփոխություններ լինեն մեր կյանքում: Վարչապետը շատ դեպքերում դիպուկ նկատում է խնդիրները եւ խոսում է դրանց մասին, բերում կոնկրետ փաստեր, բայց դրան ոչ մի բան չի հետեւում: Ես ամենամեծ խնդիրն այստեղ եմ տեսնում, որ պատկերացնելով որոշ խնդիր՝ այս երկու տարիների ընթացքում այդ խնդիրների լուծման ուղղությամբ ոչ մի պրակտիկ, արդյունավետ քայլ չի կատարել, եւ այդ բոլոր խնդիրները մնում են կախված եւ ինչ-որ տեղ ամբողջ գործընթացը երկրի կառավարման անլրջացնում է:

Եթե ներկա բառապաշարով շարունակի խոսել մեր քաղաքական առաջնորդը, բայց դա կապված լիներ հետեւողական, արդյունավետ գործողությունների հետ, միգուցե դա հնարավոր կլիներ հանդուրժել եւ նույնիսկ սովորել դրան: Իսկ երբ խնդիրների վերաբերյալ սուր, հուզական արտահայտություններին իշխանությունների կողմից չեն հետեւում արդյունավետ եւ օրինական գործողություններ դրանց վերացնելու ուղղությամբ, այդ արտահայտությունները դառնում ու ընկալվում են զուտ որպես ատելության խոսք: Բացի դրանից, վարչապետին փորձում են նմանվել իր թիմի մնացած անդամները: Եվ եթե Նիկոլ Փաշինյանի դեպքում դա իր արտահայտվելու ուրույն ոճն է, իր թիմից շատերի կրկնությամբ դա արհեստական, անբնական է հնչում եւ ընկալվում է ոչ թե որպես հուզական վերաբերմունք խնդիրների նկատմամբ, այլ որպես դիմացինին վիրավորելու, ահաբեկելու ձգտում: Իսկ արդեն նրանցից տարածվում է լրատվամիջոցներով: Այնպես որ, օրինագծեր նախաձեռնելուց առաջ պիտի փորձեին փոփոխել իրենց բառապաշարը, միգուցե, դա առանց իրավական խստացումների տար որոշակի արդյունք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930