Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային-ժողովրդավարական բևեռն առաջարկում է Հայաստանի երկաթուղու վիճակի վերաբերյալ լսումներ կազմակերպել ԱԺ-ում և հանրության ներկայացուցիչների ընդգրկմամբ քննիչ հանձնաժողով ստեղծել

Հունիս 29,2020 10:27

Հայաստանի երկաթուղու աղետալի վիճակի և այն հաղթահարելու լուծումների վերաբերյալ

Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբն ի կատարումն իր Հռչակագրով սահմանված՝ ՀՀ ինքնիշխանության վերականգնման նպատակին, Հայաստանի երկաթուղու վիճակի փաստացի, ինչպես նաև դրա փաստաթղթային աղբյուրների քննարկմամբ արձանագրում է.

1) երկաթուղային տրանսպորտը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, ինչը հատկապես անփոխարինելի է պաշտպանական և պարենային անվտանգության ոլորտներում,

2) 2008 թ-ից Հարավկովկասյան երկաթուղիներ (ՀԿԵ) ռուսական պետական ձեռնարկությանը հավատարմագրային կառավարման հանձնված Հայաստանի երկաթուղին ներկայումս ծայրահեղ ծանր վիճակում է՝ լիովին թալանված և կաթվածահար:

3) Նման վիճակի պատճառը ՀԿԵ-ի արդեն 12-ամյա հանցավոր, կոռուպցիոն կառավարումն է: Մասնավորապես՝ ներդրումների անվան տակ ոչ միայն կատարվել է տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գումարների թալան, այլև ինչ-ինչ հեռահար նպատակներով կնքված ակնհայտ կոռուպցիոն պայմանագրի հիման վրա Հայաստանից չնչին գնով օտարվել է ամբողջ երկաթուղային շարժակազմը, մեզ թողնելով միայն երկաթուղային ենթակառուցվածքները՝ երկաթուղային գծերը, կայարանները և այլն, որոնց մեծ մասն արդեն քայքայված է, սակայն մինչ օրս չի նորոգվել կամ նորոգվել է շատ անորակ կերպով: Այս ամենի հետևանքով Հայաստանին ընդհանուր առմամբ հասցվել է մի քանի հարյուր միլիոն դոլար գումարի չափով վնաս:

4) Նշված պնդումները հիմնված են նաև երկաթուղու թալանի և քայքայման դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերով ՀՀ իրավասու մարմինների կատարած ուսումնասիրությունների փաստաթղթերով հաստատվող փաստերի վրա:

5) Հիշյալ քրեական գործերի վարույթն, ըստ էության դադարեցվել է, իսկ արդեն բացահայտված մեղավորներին մեղադրանք չի առաջադրվում:

Բևեռի նախաձեռնող խումբը, հաշվի առնելով ազգային անվտանգության, առաջին հերթին՝ արտաքին գործոններով պայմանավորված հավանական արտակարգ իրավիճակներում պաշտպանական և պարենային անվտանգության, ապահովման համար երկաթուղու անփոխարինելի դերն ու նշանակությունը, պարտադիր է համարում պրոբլեմը դիտարկել և լուծել ամենաբարձր պետական մակարդակում:

Այդ պատճառով Բևեռի նախաձեռնող խումբը դիմում է ՀՀ Ազգային Ժողովին, նրա նախագահին, համապատասխան հանձնաժողովներին ու խմբակցություններին՝ գործող օրենսդրությանը համապատասխան Երկաթուղու վիճակի վերաբերյալ ԱԺ-ում լսումներ կազմակերպելու, հանրության ներկայացուցիչների ընդգրկմամբ Երկաթուղու վիճակի ուսումնասիրության հարցերով քննիչ հանձնաժողով կազմելու առաջարկությամբ:

Իր հերթին՝ Բևեռի նախաձեռնող խումբը պատրաստակամ է Բևեռին միացած գործիչների և մասնագետների ռեսուրսով նշված քննիչ հանձնաժողովի աշխատանքում ներգրավվելու, նրան աջակցելու և իր ձեռքի տակ եղած մեծածավալ փաստերը տրամադրելու առումներով: Միևնույն ժամանակ՝ Բևեռի նախաձեռնող խումբը ՀՀ կառավարությունից և ՀՀ վարչապետից պահանջում է գործուն միջոցներ ձեռնարկել երկաթուղու թալանի և քայքայման դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի քննությունը շարունակելու և այն փաստորեն դադարեցրած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ՀԿԵ-ի հետ կնքած կոնցեսիոն պայմանագիրը վերանայելու կամ լուծելու ուղղությամբ:

Զուգահեռաբար, Բևեռի նախաձեռնող խումբը, հաշվի առնելով խնդրի կարևորությունը թե ՀՀ կենսունակության ապահովման և ինքնիշխան զարգացման, և թե հայ-ռուսական հարաբերությունների հստակեցման առումներով, ինչպես նաև մտահոգ լինելով խնդրի վերաբերյալ վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ներկայացրած ՌԴ կողմնակալ դիրքորոշմամբ, ստեղծում է Երկաթուղու հարցերով հանրային հանձնաժողով և մասնագետներին կոչ է անում մասնակցել դրա աշխատանքին:

Երկաթուղու հարցերով հանրային հանձնաժողովը կղեկավարի Բևեռի նախաձեռնող խմբի անդամ Արա Պապյանը:

Հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում նաև հանրային լայն ներառականությամբ, առաջնահերթորեն կուսումնասիրի երկաթուղու վիճակի վերաբերյալ փաստերն ու փաստաթղթերը, կկազմի զեկույցներ, կկազմակերպի հանրային բաց լսումներ և մասնագիտական քննարկումներ:

Արա Պապյանը նաև լիազորվում է Բևեռի նախաձեռնող խմբի անունից սույն հայտարարությունը, ինչպես նաև նրա բովանդակության հետ կապված դիմումներ և փաստաթղթեր ներկայացնել ՀՀ ԱԺ-ին, կառավարությանը և այլ պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու կազմակերպություններին:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ վաղը՝ Երեքշաբթի, հունիսի 30֊ին, ժամը 11֊ին, Երկաթուղու կայարանամերձ հրապարակում (Սասունցի Դավթի արձանի մոտ) տեղի կունենա Ազգային-ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչների բացօթյա ասուլիսը, որի ընթացքում բանախոսները կմեկնաբանեն սույն հայտարարությունը, ինչպես նաև կպատասխանեն լրագրողների հարցերին։

Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930