Լրահոս
Օրվա լրահոսը

Անսկզբունքայնության արշավ

Հունիս 28,2020 21:01

Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքում խառնաշփոթ է։ Ելնելով պահի քաղաքական նպատակահարմարությունից, տարբեր խմբեր, անձեր հարձակման թիրախներ են ընտրում, իրենց կամ իրենց պատվիրատուների ատելությանը հագուրդ տալու համար։ Եվ բացարձակապես կարևոր չէ, թե ով է հանդիսանում թիրախը, նրա նախկին և ներկա գործունեությունը, կարևորը պրպտել, ինչ-որ իրենց կարծիքով վարկաբեկիչ նյութ գտնել տվյալ անձի, նրա ընտանիքի մասին և․․․ ա՛յ, գտա, տեսե՛ք, հասե՛ք։

Սկզբունքորեն ես կողմ կլինեի, եթե տարբեր լրատվամիջոցներ գտնեին տեղեկություններ որևէ գործչի նախկին գործունեության մասին, նրա խոսքերը և համեմատեին այսօրվա հետ՝ ցույց տալով նրա անսկզբունքայնությունը։ Սակայն մերկապարանոց քննադատություններն ու այդ ամենին խառնել տվյալ անձի ընտանիքի անդամներին, բացարձակապես անընդունելի է։

Ինչո՞ւ հիշատակեցի այս ամենի մասին։ Վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցներ և գործիչներ հարձակումներ են սկսել, իմ կարծիքով, Հայաստանի ամենասկզբունքային իրավապաշտպաններից Զարուհի Հովհաննիսյանի և նրա ամուսնու նկատմամբ։ Զարուհին, ինչպես նախկին իշխանությունների, այնպես էլ այսօրվա հեղափոխական իշխանությունների ժամանակ չի հարմարվել և չի կորցրել իրավապաշտպանի իր առաքելությունը։ Նա ոչ միայն հատկապես կանանց իրավունքներով է զբաղվել, այլև ավելի լայն իրավապաշտպանական գործունեությամբ։ Նա եղել է քրեակատարողական մարմիններում հասարակական դիտորդների անդամ, այցելել ազատազրկման վայրեր՝ պաշտպանելով ազատազրկվածների իրավունքները։ Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր խիստ քննադատում է ոստիկանության անօրինական գործողությունները։ Իսկ որ նա հանդիսանում է ԲՀՀ տնօրենների խորհրդի անդամ և տեսե՛ք, տեսե՛ք, նրա ամուսինը տարիներ առաջ նույն ԲՀՀ-ից դրամաշնորհ է ստացել, ներկայացվում է որպես մահացու հանցանք՝ այդ ամենը համեմելով  բացարձակ ստերով և հերյուրանքներով։

Կարդալով Զարուհու վերջին գրառումները՝ զգացի, նրա ոչ այնքան զայրույթը, որքան, ների՛ր Զարուհի, նրա անպաշտպանվածության զգացումը։

Հարգելի խմբագիրներ, լրագրողներ, գործիչներ, ֆեյսբուքյան օգտատերեր, ձեր հրապարակումներով ոչ միայն վարկաբեկում եք, ներեցեք զեղումներիս համար, լավ, սկզբունքային մարդկանց, այլև նրանց «կոտրում», հուսահատեցնում։

Սիրելի Զարուհի, միշտ եղիր քո սկզբունքներին հավատարիմ և խնդրում եմ, մի հուսահատվիր։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. HOMO says:

    Կեցցե ԻՇԽԱՆՅԱՆՆԵՐԻ ազնվազարմ ներկայացուցիչները…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930