Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում նախորդ ռեժիմի մերժման ալիքի վրա տեղի ունեցած հանրահավաքային տարերքը հանգեցրեց պոպուլիստական տրամադրվածություն ունեցող ընդդիմադիրի իշխանության». «Պրոֆիլ»

Հունիս 28,2020 20:40

«Պրոֆիլ» ամսագրում հրապարակված, Ֆյոդոր Լուկյանովի հեղինակած «Մինսկի ամրոց. փոփոխությունների գործընթացը մոտենում է Բելառուսին» վերլուծական հոդվածում անդրադարձ կա Հայաստանին:

Օգոստոսին Բելառուսում կայանալիք նախագահական ընտրությունների համատեքստում քննարկվում են Բելառուսում փոփոխությունների հնարավոր տարբերակները: Այս առիթով խոսվում է Ուկրաինայում, Մոլդովայում, Ուզբեկստանում, Հայասանում և այլ երկրներում կատարված փոփոխությունների մասին: Հոդվածի հեղինակը, անդրադարձ կատարելով այս երկրներում կատարված փոփոխությունների սցենարներին, Հայաստանում տեղի ունեցածին տալիս է այսպիսի ձևակերպում. «Նախորդ ռեժիմի մերժման ալիքի վրա տեղի ունեցած հանրահավաքային տարերքի՝ պոպուլիստական ​​տրամադրվածություն ունեցող ընդդիմադիրի իշխանության հանգեցնելը»:

Ըստ հեղինակի՝ փոքր պետություններում, որոնք գտնվում են գերտերությունների հետաքրքրությունների կիզակետում, ներքաղաքական գործընթացները չեն կարող ածանցյալ չլինել արտաքին գործոններից: Սակայն միևնույն ժամանակ նշվում է, որ այս դեպքում էլ կարող են սցենարներն ու արտաքին ուժերի ներգրավվածության բնույթը տարբեր լինել: Գնահատելով 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, վերլուծաբանն ըստ էության նշում է, որ այդ իրադարձություններում արտաքին ուժերի ազդեցություն չի եղել ու մեկնաբանում. «Որոշ դեպքերում արտաքին ուժերի շեղում է նկատվում, կամ էլ կարծում են, որ իրադարձությունների ցանկացած հանգուցալուծման պարագայում արմատական փոփոխություն տեղի չի ունենա և այդ ժամանակ իրենց քայլերը պայմանավորվում են սեփական տրամաբանությամբ»:

Բելառուսի և Հայաստանի միջև համեմատականներ անցկացնելով՝ հեղինակը նշում է. «Հայաստանում միապետություն չի եղել, սակայն Հայաստանում իշխանությունը 20 տարի պատկանել է մեկ խմբի, ինչը հանգեցրել էր կոռումպացվածության և կառավարման անարդյունավետության: Մյուս բնորոշ գիծն այն է, որ և′ Մինսկը, և′ Երևանը Մոսկվայի ուղեծրում են և ռեալ հնարավորություն չունեն այնտեղից դուրս գալու: Եթե Բելառուսի պարագայում տնտեսությունն է, ապա Հայաստանի պարագայում՝ անվտանգությունը: Երկու դեպքում էլ այս կապը, միևնույն է, չի բացառում մանևրումը, ինչն արեցին նաև հայկական իշխանությունները՝ միևնույն ժամանակ իրենց հաշիվ տալով, որ կոմնորոշման փոփոխությունը ուտոպիստական է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930