Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորմալ չէ, երբ Իլհամ Ալիևի ասածները դարձնում են ներքաղաքական դիսկուրսի առարկա». Արմեն Վարդանյան

Հունիս 28,2020 19:15

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ նորմալ չէ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը միմյանց հետ բանավիճում են՝ որպես ներքաղաքական բանավեճի առարկա օգտագործելով Ալիևի խոսքերը Հայաստանի մասին:

Aravot.am-ի հետ զրույցում փորձագետն ասաց. «Նախ՝ Ալիևը չի կարող օբյեկտիվ լինել մեզ համար, չի կարող լինել ընդհանրապես հղման աղբյուր, եթե մեր երկրին է վերաբերում հարցը, Ալիևը կարող է նաև մանիպուլյացիաների դիմել»:

Արմեն Վարդանյանը հիշեցրեց՝ օրինակ՝ Իլհամ Ալիևն ասում էր, որ 2018-ի թավշյա հեղափոխության ժամանակ իր անմիջական մասնակցությամբ է եղել, որ Սերժ Սարգսյանին տապալել են: Ակնհայտ է, որ դա այդպես չէ, բայց նման հայտարարություններ անելով՝ նա մի կողմից քարոզչական նպատակներով ներքին լսարանի վրա է ազդում, մյուս կողմից էլ փորձում է սրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարություններին, նշել էր. «Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով, բայց նա պետք է լավ հիշի, որ սրանք, ինչպես և իր ռեժիմը, անցողիկ են, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հաղթական բանակով և հայրենանվեր բազմաթիվ հայ քաջորդիներով միշտ պատրաստ են հերթական շառաչուն ապտակը հասցնելու հոխորտացող ագրեսորին: Եվ չմոռանա նաև, որ ոչ հեռու ապագայում, երբ Հայաստանում իշխանության վերադառնան ազգային ու կարող ուժերը, միջազգային հանրությունը կրկին պարտադրելու է նրան` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը»:

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն տարածեց, որում նշված էր. «Իլհամ Ալիեւի լեզուն երկարել է, որովհետեւ ի տարբերություն երկուսուկես տարի առաջվա, նա տեսնում է, որ այսօր Հայաստանի իշխանության եւ ժողովրդի թիկունքում գործում է հինգերորդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սերժ Սարգսյանի ընտանիքը: Եվ հետաքրքիրն այն է, որ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի գնահատականները գրեթե նույնական են»:

Արմեն Վարդանյանի համոզմամբ՝ և′ իշխանությունը, և′ ընդդիմությունը պետք է դադարեն Ալիևի հայտարարությունները բերել ներքաղաքական խոսույթ, ներքաղաքական դիսկուրս և դրանք դարձնեն դիսկուրսի առարկա: Միևնույն ժամանակ նա նշեց, որ Ալիևի հայտարարություններն  օգտագործելը ներքաղաքական քննարկումներում ՀՀ-ում նոր երևույթ չէ, նախկինում էլ ենք նման դեպքերի բազմիցս ականատես եղել: Սերժ Սարգսյանի հայտարարության առիթով Արմեն Վարդանյանն ասաց. «Առաջինը սկսեց Սերժ Սարգսյանը: Նրա հայտարարության ուղերձն այն էր, որ Հայաստանն այնքան է թուլացրել իր դիրքերը միջազգային հարաբերություններում, որ Ալիևը նման կոշտ հայտարարություն է անում: Այնուհետև սլաքներն ուղղեց ՀՀ իշխանությունների վրա՝ հայտարարելով, որ դա ՀՀ իշխանությունների մեղքն է: Դա էր ուղերձը՝ ցույց տալ, որ ՀՀ իշխանություններն իրենց ապիկարությամբ և անկարողությամբ ստիպել են, որ Ադրբեջանի նախագահը նման կոշտ հայտարարություն անի»:

Ըստ փորձագետի՝ սա ոչ մի տեղ տանող գործընթաց է: Նա հորդորեց ընդհանրապես դադարեցնել Ալիևի ասածները դարձնել ներքաղաքական դիսկուրսի առարկա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930