Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես շեշտում եմ ոչ թե բնիկ երևանցու հանգամանքը, այլ օրենքի անկատարությունը». Վահան Արծրունի

Հունիս 28,2020 16:57

Գույքահարկի բարձրացման օրենքի դեմ «Ես բնիկ եմ, և սա իմ քաղաքն է» ֆեյսբուքյան ակցիայի մասնակիցներն ընդունել են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի առաջակը՝ միասին քննարկել գույքահարկի թեման:

Aravot.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից, երգիչ, երգահան Վահան Արծրունին տեղեկացրեց, որ չորեքշաբթի տեղի կունենա հեռավար քննարկում: Քննարկման ժամի հետ կապված դեռ պայմանավորվածություն չկա. Բաբկեն Թունյանը դեռ չի արձագանքել: Վահան Արծրունին նշեց, թե ովքեր կմասնակցեն քննարկմանը. «Քննարկմանը կմասնակցեն Մարկ Գրիգորյանը, Հրանուշ Խառատյանը, Զարուհի Մուրադյանը և Հրանտ Թոխատյանը: Նաև սպասում ենք Լևոն Չուգասզյանի համաձայնությանը»:

Մեր հիշեցմանը՝ իրենց ակցիան քննադատությունների արժանացավ. ընդդիմախոսները մի կողմից նշում էին, թե ճիշտ մոտեցում չէ նման տարանջատումները, մյուս կողմից փաստում, որ օրենքը վերաբերում է բոլորին: Վահան Արծրունին վստահեցրեց, որ ինքը շեշտում է ոչ թե բնիկ երևանցու հանգամանքը, այլ օրենքի անկատարությունը: Նա պարզաբանեց. «Ամենամեծ սխալը հենց դա է, որ մի խումբ քաղաքացիներ միտումնավոր շեղում են հանրության ուշադրությունը գլխավոր թեմայից դեպի երկրորդական:

Ես հրավիրել եմ քննարկման լրիվ այլ հարց: Քննարկման առարկա իմ բարձրացրած հարցը լրիվ այլ իմացաբանական և գիտակցական դաշտում է, Դուք մեջբերում եք այլ խնդիր, որն իմ բարձրացրած խնդրի հետ որևէ աղերս չունի: Ես պնդում եմ իմ՝ բնիկ լինելու հանգամանքը և ընդամենը բարձրաձայնել եմ համընդհանուր խնդիրը: Բոլոր քաղաքացիների համար կարևորված համընդհանուր խնդիրը պարզապես բարձրացրել եմ բնիկ երևանցու անունից՝ ոչ ավել, ոչ պակաս»:

Մեր դիտարկմանը՝ բնիկ երևանցի տարանջատումն ու շեշտումը շահարկվում է, Վահան Արծրունին արձագանքեց. «Իսկ ի՞նչը չի շահարկվում մեր երկրում: Ես չեմ կարող մեկնաբանություն տալ մեկնաբանության շուրջ, որովհետև մենք կշեղվենք բուն թեմայից»:

Վահան Արծրունին ասաց, որ իրենք ունեն հստակ առաջարկներ ու հայտնեց․ «Հանդիպման ժամանակ պահանջելու ենք անկատար օրենքը հետ կանչել, նոր նախագիծ ներկայացնել, որով հաշվի կառնվեն բոլոր քաղաքացիական խմբերի շահերը: Պահանջելու ենք, որ դրանից հետո օրենքը դրվի հասարակական լայն քննարկման, միայն դրանից հետո օրենքը տեղափոխել ԱԺ քննարկմանն  ու ընդունմանը»:

Վահան Արծրունին հավաստիացրեց՝ այն, ինչի մասին խոսում է, օրինական և սահմանադրական է: Սպասվող քննարկման առիթով Վահան Արծրունին ասաց, որ իրենք միայն բաց ռեժիմով քննարկման տարբերակին են կողմնակից ու եզրափակեց. «Դա չի լինելու հերթական փակ քննարկումն ԱԺ հրավերով, որը ոչ մի հետևանք չի նախատեսում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930