Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք մտել ենք մի շրջափուլ, որտեղ մաղձի և անցյալի դեմ պայքարի մոլուցքը միակ քաղաքական օրակարգն է. Վլադիմիր Մարտիրոսյան

Հունիս 28,2020 13:37

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մեր երկիրը կառավարվում է տոտալիտար աղանդի քարոզչա-արժեքային գործիքակազմով և մեթոդաբանությամբ:

Հայաստանի նոր քաղաքական «էլիտայի» և դրա առաջնորդի բնույթի, որակի և բովանդակության ընկալումն ու խորքային վերլուծությունը էական նշանակություն ունի հասկանալու համար, թե ինչպիսի իրական ձգտումներ, քաղաքական շարժառիթներ և մղումներ ունեն նրանք: Արդյո՞ք դրանք իրականում նոր «էլիտայինն» են, թե՞ մենք գործ ունենք այդ գործողություններն ու շարժառիթները կիրառող անտեսանելի «շահառուների» հետ:

Վերջին միտքը առավել հիմնավոր կյանքի իրավունք է ձեռք բերում, երբ սկսում ես ոչ թե մակերեսային «մասսայական օգտագործման» տեսանկյունից, այլ խորքային և համընդգրկուն դիտանկյունից գնահատել պրոցեսները, որոնք հարուցվում են իբր իշխանությունների կողմից, բայց կարծում եմ իրականում «ուրվական շահառուների» կողմից: Այս «շահառուների» իրական մղումները և շահերը կարող են լինել և սկսվել ֆինանսատնտեսական և ռազմաքաղաքական տարածաշրջանային շահերից մինչև գեոստրատեգիական ազդեցության գոտիներ կամ ուղղակի կրեն սոցիալ-էքպերիմենտալ բնույթ:

Բայց մաքսիմալ էֆեկտի հասնելու համար մեկ բան աներկբա է: Վերը նշված մղումների և շահերի լոկալ դերակատարները չպետք է ունենան և կրեն խորքային պատկերացումներ, ինտելեկտուալ և մասնագիտական խորություն, այլ պետք է լինեն պրիմիտիվ, կեղծ լոզունգային աշխարհայցքի և պարտադիր բևեռային մտածողության կրողներ, որոնք ձգտել են կազմաքանդման առանց կառուցելու մասին որևէ ստրատեգիական և արժեքային պատկերացումների: Վերջին հանգամանքը նոր քաղաքական էլիտայի որակման անքակտելի բնորոշիչ գիծն է:

Արդյունքում իշխանական քաղաքական էլիտայի հիմնական քաղաքական սևեռուն միտքը, դարձել է գերնպատակ, որը լայն զանգվածներին վերահսկելն է, իրենց սեփական նպատակների և «շահառուների» քաղաքական խաղի և շահի համար, որպես գործիք կամ «դեստրուկտիվ զանգված» օգտագործելը:

Էլիտայի գերագույն գլխավոր քարոզիչ մանիպուլյատորին բնորոշ է կեղծիքը, դերային խաղերը, ամեն գնով տպավորություն թողնելը, ագրեսիվ գրգռունակությունը, որն ուղղված է դեպի դուրս՝ դեպի իր քաղաքական օպոնենտները, իսկ վերջերս նաև դեպի սոցիալական շերտերը:

Մանիպուլյատորին ներհատուկ է նաև ապատիան ու տագնապները։ Նրա կողմից օգտագործվող բանալի բառերի հոգեվերլուծությունը վեր է հանում նրա ներքին տագնապները, պատժվելու վախը, բարոյական հանցանքը և ինֆանտիլ անօգնականությունը։ Արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունների համար անհրաժեշտություն են դառնում կոնֆլիկտները, կոնֆրոնտացիան, նրանց սևեռուն միտքը ուրիշներին վերահսկելն ու կառավարելն է, ցինիզմը, կեղծիքն ու անհավասարակշռությունը: Սրանք քաղաքական և սոցիալ-հոգեբանական սիմպտոմներ են, որոնք այլևս խոսում են նրա մասին, որ երբեմնի կիսաժողովրդավարական ռեժիմը այլևս տրանսֆորմացվում է ավտորիտար ռեժիմի, քանի որ ունի ինքնապահպանման խնդիր, իսկ գլխավոր քաղաքական ակտորը սկսում է հաշվի չնստել օրենքի, իրավունքի և սահմանադրականության հետ, դրանք հարմարեցնելով սեփական կամքին և դեսպոտիկ մղումներին։ Սակայն այս ամենը մատուցվում է այսպես կոչված «ժողովրդի անունից, ժողովրդի համար և հանուն ժողովրդի» դիզայներական փաթեթավորմամբ:

Նմանատիպ մոդելները լայնորեն օգտագործվում են կրոնական տոտալիտար աղանդների քարոզչա- հոգեբանական ազդեցության համար:

«Աղանդի հետևորդներն ապրում և քարոզում են իրենց «ուսուցչի» գաղափարներն ու «բարոյական» նորմերը»:
Աղանդավորների համոզմունքները հիմնվում են իրենց առաջնորդի կարծեցյալ հեղինակության, նրա աստվածացման վրա:
Աղանդավորական խումբը ստեղծվում է այն առաջնորդողի խոստումների, սպառնալիքների, հնարքների, իշխանության չարաշահումների ներքո՝ օգտագործելով հոգեբանական ճնշում՝ իր հետևորդներին դարձնում է իրենից կախյալ էակներ: Որպես հետևանք, հետևորդները կորցնում են քննադատական վերաբերմունքը աղանդի յուրաքանչյուր գործունեության, դրա մեթոդների և սկզբունքների նկատմամբ:

Յուրաքանչյուր աղանդ նաև մի նոր «պետություն» է պետության ներսում, որն ապրում է սեփական կանոններով և օրենքներով, ավանդույթներով և հավատալիքներով, ուստի ձգտում է քայքայել այն ամենն, ինչ հակասում է իր ներքին կանոններին:
Աղանդի կողմից ի հայտ են բերվում տրանսի, էքստազի և այլ հոգեբանական հնարքների տարրեր, որոնք մի կողմից բացատրվում են նախընտրած պաշտամունքի նկատմամբ նվիրվածությամբ, բայց մյուս կողմից նպաստում են ֆանատիզմի և ծայրահեղ վարքի դրսևորումների: Համեմատությունները և համընկնումները կարող եք շարունակել ինքներդ, իսկ նմանությունները ահռելի են: Մեր երկիրը կառավարվում է տոտալիտար աղանդի քարոզչա-արժեքային գերակայությունների մեթոդաբանությամբ և գործիքակազմով։

Այն քաղաքական և արժեքային բազան, որին մենք այսօր ենք ականատես լինում, որևէ կապ չունի մեր վաղվա սպասումների հետ: Ժամանակակից քաղաքական զարգացումներն ունեն ոչ ժողովրդավարական համապատասխանություններով և անկայունությամբ, սոցիալ-տնտեսական և սահմանադրա-իրավական ոլորտներում խորը ճգնաժամերով ուղեկցվելու միտումներ և դրանք արդեն սկսվել են: Քանզի հեղափոխական իշխանափոխություն իրականացրած առաջնորդները պոպուլիզմը և աղանդավորական ծայրահեղական արժեհամակարգը դարձրել են քաղաքական վարչակարգի մեթոդ՝ այն տարածելով մեր հասարակության մեջ: Այս հայեցակարգային պոպուլիզմը հանդես է գալիս որպես խոչընդոտ մեր հասարակության ժողովրդավարական և անվտանգային զարգացման համար:

Ուրվական շահառուների «Նոր Հայաստան» կոնցեպտը իր ողջ պոտենցիալով պայքարում է հենց իր դեմ, իր անցյալի դեմ, իր կողմից չընկալվածի, չհասկացվածի, մերժվածի դեմ և ամենավտանգավորը նրանում է, որ իր նպատակին հասնելու համար այլևս սկսել է մեթոդների և քայլերի ընտրության, օրինականության և հատկապես բարոյականության ընտրության մեջ տարբերություններ չդնել:

1. Քաղաքական կամակորությունը եկել է փոխարինելու քաղաքական հեռատեսությանը։

2. Քաղաքական տարերայնությունը` մտածված և արգումենտացված քաղաքականությանը։

3. Հեղափոխակարգ վոլյունտարիզմը` հասարակության քաղաքական ներդաշնակեցմանը։

4. Անգաղափար` հետևաբար և անարժեք և անսկզբունք քաղաքական գործելաոճը՝ պատասխանատու և սկզբունքային քաղաքական վարքաբանությանը:

5. Քաղաքական շահից բխող «ինկվիզիցիոն» գործելաոճը` տրամաբանված և սառը դատողությանը:

6. Հեղափոխակարգ իշխանության ոճը` պետականամետ հեռատեսությանը:

Քաղաքական սողացող հեղափոխության գործելաոճը իր բոլոր ենթաշերտերով մեր երկրի համար դարձել է իրական մարտահավեր: Մենք մտել ենք մի շրջափուլ, որտեղ մաղձի և անցյալի դեմ պայքարի մոլուցքը միակ քաղաքական օրակարգն է և այլևս իշխանությունների աջակցման շատ թույլ մոտիվացիոն բազան: Մինչդեռ մեր օրերի քաղաքականության սուպերաստղը պոպուլիստ ակտիվիստ է, որը «ֆլիրտ» է անում զանգվածների հետ `«Հենց ես եմ ժողովուրդը» կարգախոսով և աղանդավորական քարոզչի վարքագծային կառուցվածքով և ձգտումներով: Այս ամենը չի կարող ընդունելի լինել իր արժեհամակարգն ու գերակայությունները ունեցող հայ մարդու համար: Իսկ լուծումը մեկն է՝ սկսել ընկալել և գիտակցել այս ամենը: Այս ամենի ընկալումը գործի սկիզբն է:

https://www.facebook.com/vlad.martirosyan.3/posts/3102800649811344

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930