Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կանխված հեղաշրջում

Հունիս 28,2020 12:00

Սկզբնական շրջանում շատ արխեյին ընկանք՝ մտածելով, որ կորոնավիրուս կոչեցյալ փորձանքը հեռու է մնում մեզանից ու Հայաստանից: Արցախից ներառյալ: Այդ ընթացքում արցախցիք նույնիսկ իրենց հերթական նախագահական ընտրությունները հաջողացրին անցկացնել: Ընդ որում` միանգամայն հաջող ու միանգամայն արդար:
Կարճ ասած` ինքներս մեզ աչքով տվինք: Փաստորեն` մեր աչքը մեզ կպավ: Ընդ որում` շատ ուժեղ:
Հիմա վիճակն ու իրավիճակը կտրականապես փոխվել են, և բոլորս ու ողջ Հայաստանը պաշտպանիչ դիմակներով շրջում ենք` հնարավոր այս ու այլ միջոցներով պաշտպանվելով մեզ ու աշխարհին պատուհասած համաճարակից:

Ասում են, որ վրացիք, Վրաստանը և նույնիսկ ադրբեջանցիք ու Ադրբեջանն են կորոնավիրուսի դեմ պայքարի իմաստով մեզնից լավ վիճակում: Բայց, իհարկե, էս ասածս չի նշանակում թե Վրաստանն ու վրացիք և հատկապես Ադրբեջանն ու ադրբեջանցիք թեկուզև առողջապահության հարցերում առավել զարգացած են, քան, ասենք, ԱՄՆ-ն կամ Իտալիան, որտեղ կորոնավիրուսը խոշոր ավերածություններ է գործել:
Բայց ասել թե՝ Վրաստանի կամ Ադրբեջանի վիճակը ոչինչ չի նշանակում, դա էլ, կարծում ենք, ճիշտ չի լինի: Բոլոր դեպքերում ճիշտ կլինի եթե ուսումնասիրվի այն երկրների փորձը, որտեղ կորոնավիրուսը չի հաջողացրել տերուտիրական դառնալ: Կապ չունի` տվյալ երկրները զարգացած են, թե`ոչ:

Կյանքը ցույց տվեց և շարունակում է ցույց տալ, որ կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողության են հասել և հաջողության են հասնում այն երկրները, որտեղ լավագույն հիմքերի վրա են դրված առողջապահության գործն ու դրվացքը: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ ծավալած անձամբ մեր` հայերիս պայքարին, սխալ կլինի չնկատել, որ մենք այդ պայքարում արել և անում ենք գրեթե ամեն ինչ. խոսքը վերաբերում է հավասարապես թե պետությանն ու իշխանությանը, և թե հասարակ ժողովրդին ու քաղաքացիներին, ովքեր իշխանություններից ոչ պակաս պետական մոտեցում ու վերաբերմունք են հանդես բերում այդ արտասովոր ու աննախադեպ պատուհասի դեմ պայքարում: Այդ պայքարում նույնիսկ անչափահասներն ու երեխաներն են մարտունակություն ու էնտուզիազմ հանդես բերում: Եվ եթե չափահասներն ու ավագները զլանում են պաշտպանիչ դիմակները կրել կամ կորոնավիրուսի դեմ պարետի և այլ պատասխանատուների սահմանած հակակորոնավիրուսային այլ օրենքներին ենթարկվել, նաև երեխաների ու անչափահասների դիտողություններին ու նկատողություններին են արժանանում:

Կարճ ասած, բոլորն են ենթարկվում այդ օրենքներին և ամենևին պատահական չէ, որ մեր պետությունն ու իշխանությունները, որ առաջիններից էին, որ իրենց երկրում կորոնավիրուսի դեմ արտակարգ դրություն սահմանեցին , որոշել են չավարտել և երկարաձգել տվյալ արտակարգ դրությունը: Կարճ ասած, կարելի է ասել, որ մենք առաջին իսկ օրվանից սկսած տվյալ համաճարակային պատուհասի դեմ պետականորեն ու ազգովի ենք պայքարում և եթե այս ոգով շարունակենք, համաճարակը շուտ թե ուշ հեռու կվանվի մեզանից, և մենք արժանիորեն մեր հարցերը կփակենք տվյալ փորձանքի հետ, որի գոյությունը մեր գոյությանն ամենևին սազական չէ, և կյանքն էլ մի գեղեցիկ օր ցույց կտա, որ սույն պատուհասի Հայաստանում հայտնվելը միանգամայն պատահականություն էր, և վաղուց արդեն անհրաժեշտություն է իր մեկուսացումը հայերից ու Հայաստանից:

Օրեր առաջ «Առավոտն» իր վերլուծականներից մեկում կարծիք էր հայտնել, որ քանի դեռ մեր երկրում վխտում է կորոնավիրուս կոչեցյալը, ցանկալի է, որ մեր ընդդիմադիրները մոռանան, որ իրենք ընդդիմություն են: Գագիկ Ծառուկյանը ոչ միայն չմոռացավ, այլև միանգամայն խրոխտ կերպով պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Իմացողներն ասում են, որ Ծառուկյանն այլ ուժերի հետ Փաշինյանի դեմ շարժում ու դավադրություն էր պատրաստում: Փաստորեն, Ազգային ժողովը Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելով` զրոյացրեց Ծառուկյանի ու մյուս ընդդիմադիրների հեղաշրջման հնարավորությունը:
Ելույթ ունեցող Ծառուկյանականներն աջ ու ձախ աղաղակում էին, որ իշխանությունները քաղաքական հալածանքի են ենթարկում Գագիկ Ծառուկյանին: Այսինքն, եթե Ծառուկյանին կալանավորեն, կհամարվի քաղբանտարկյալ: Նրանք մոռանում են, որ քաղբանտարկյալ լինելու համար նախ և առաջ պետք է քաղաքական գործիչ լինել, հետո նոր` բանտարկյալ:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930