Ժամանակին ձեր ուշադրությանը ներկայացրել եմ հանրահայտ «Պավլովա» աղանդերի բաղադրատոմսը՝ հիշեցնելով այդ աղանդերի ստեղծման պատմությունը: Այսօր առաջարկում եմ Շոկո- Պավլովայի բաղադրատոմսը, որը նույնքան թեթեւ եւ համեղ է, որքան օրիգինալ տարբերակը, սակայն կգոհացնի նաեւ շոկոլադի սիրահարներին:
Անհրաժեշտ մթերքները
Ձվի սպիտակուց- 8 ձվի
Շաքարավազ-4ճաշի գդալ
Կարդացեք նաև
Խնձորի կամ սպիտակ գինու քացախ-2 ճաշի գդալ
Եգիպտացորենի օսլա-4 ճաշի գդալ
Կակաոյի փոշի-3 ճաշի գդալ
Կրեմի համար
Սերուցք (33 կամ ավելի բարձր տոկոսանոց)-300 մլ
Շաքարի փոշի-3 ճաշի գդալ
Շոկոլադ-50-70 գրամ
Կարագ-10 գրամ (մեկ ճաշի գդալ)
Մրգեր եւ հատապտուղներ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
Այս չափաբաժինը, որ վերեւում գրված է, մեծ տորթի համար է, բնականաբար, կարող եք պատրաստել փոքր Շոկո-Պավլովա, կիսով չափ պակասեցնելով բոլոր բաղադրամասերը:
Ջեռոցը միացրեք 140-150 աստիճանի վրա, թողեք տաքանա: Լավ հարեք սպիտակուցները, ապա ավելացրեք շաքարի փոշին, շարունակեք հարել այնքան, որ բեզեն չհոսի հարիչի վրայից:
Ավելացրեք օսլան, քացախն ու կակաոյի փոշին:
Շարունակեք հարել, որ դառնա միատարր զանգված:
Ջեռոցի տապակի վրա յուղաթերթ փռեք, ապա խմորը գդալով լցրեք յուղաթերթի վրա այնպես, որ արդյունքում ստացվի շերտ: Այն պետք է նմանվի բալետի պարուհու թեթեւ, փքված կիսաշրջազգեստի:
Դրեք խմորը ջեռոցը առնվազն 1 ժամով: Եթե փոքր չափով եք պատրաստում, ապա 45-50 րոպեն լիովին բավական է: Երբ ջեռոցն անջատեք, խմորը չհանեք այնքան ժամանակ, մինչեւ ամբողջովին սառչի:
Կրեմի համար պետք է սերուցքը լավ հարել, ապա ավելացնել շաքարի փոշին:
Շոկոլադը կարագի հետ միասին լցրեք առանձին տարայի մեջ եւ միկրոալիքային վառարանում (20-30 վայրկյանը բավական է) հալեցրեք: Եթե չունեք միկրոալիքային վառարան, հալեցրեք գոլորշու վրա: Դրա համար հարկավոր է փոքր կաթսայի մեջ ջուր լցնել, դնել կրակին: Կաթսայի վրա դնել շոկոլադով եւ կարագով տարան, բայց այնպես, որ տարայի հատակը չդիպչի եռացող ջրին: Հենց շոկոլադը հալվի, վերցրեք կրակից: Հալեցրած շոկոլադը պետք է մի փոքր հովանա, բայց լրիվ չսառչի, որպեսզի հանկարծ կրկին չպնդանա: Հովացած շոկոլադը բարակ շիթով զգուշորեն ավելացրեք հարած սերուցքին՝ ընթացքում անընդհատ հարելով: Դառնում է շատ նուրբ, կապուչինոյի գույնի կրեմ:
Կրեմով պատեք ամբողջովին սառած բեզեն եւ զարդարեք հատապտուղներով:
Ցանկության դեպքում կարող եք հալած շոկոլադից լցնել նաեւ մրգերի վրա:
Սա այն հազվագյուտ տորթերից է, որ կարիք չունի մի քանի ժամ սառնարանում մնալու, որպեսզի կրեմը ներծծվի, այն կարելի է, մատուցել անմիջապես: Ավելին, եթե մատուցելու եք պատրաստելուց մի քանի ժամ հետո, այդ դեպքում նախընտրելի է կրեմը նախապես չքսել, այլ անմիջապես մատուցելուց առաջ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ