«Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության պատվիրակությունը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր հանդիպեց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին։ Փոխադարձ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ և Արցախի ներքաղաքական իրավիճակին, ղարաբաղյան հակամարտությանն ու արտաքին քաղաքական տարածաշրջանային և գլոբալ կարևորության մի շարք հարցեր։
«Հանուն հանրապետության» նախաձեռնության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը նախաձեռնության անունից շնորհավորեց Արցախի ԱԳ նախարարին՝ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ, միաժամանակ շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար։
«Սա «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության առաջին այցն է, և այդ այցը կատարում ենք Արցախ։ ՀՀ և Արցախի անվտանգության ապահովումը հայության հավաքական շահերի առանցքային բաղադրիչն է։ Միայն ինքնիշխան պետությունն ու պետականակենտրոն քաղաքականությունը կարող են երաշխավորել այդ շահերի իրացումը»,-իր բացման խոսքում նշեց ԱԺ պատգամավորը։
Բաբաջանյանն անթույլատրելի որակեց նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում դավադրական և հակապետական այն ուժերի հայտարարությունները, որոնք ստանձնելով 5-րդ շարասյան դերը, Արցախի հարցը դարձրել են շահարկումների առարկա։
Կարդացեք նաև
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն իր պատասխան խոսքում կարևորեց Հայաստանում գոյություն ունեցող և ձևավորվող ապագային միտված քաղաքական ուժերի գործունեությունը։ «Արցախի ապագան կախված է Հայաստանում հեղափոխության արժեքների ամրապնդումից, ինչը հայության անվտանգ ապագայի միակ երաշխիքն է։ Քաղաքական դաշտում առողջ ուժերի գոյությունը կապահովի ժողովրդավարական արժեքների հաստատումը և կամրապնդի հայկական կողմերի դիրքերը բանակցային գործընթացում։ Արցախն իր աջակցությունն է հայտնում ՀՀ-ում ժողովրդավարական արժեքային համակարգի ձևավորման ճանապարհն ընտրած ուժերին»:
Հանդիպման փակ հատվածում, ի շարս այլ հարցերի, նախարարի հետ քննարկվեցին Արցախի ներքաղաքական կյանքին ու կարգավորմանը վերաբերող հարցեր։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ