Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանն ԱԱԾ-ում է. «Փաշինյանը, իր ընտանեկան կապալը, որը դիտում է հանրապետությունը որպես իրենց համքարություն, անում են այն, ինչ ուզում են»

Հունիս 27,2020 15:51

«Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանն այս պահին ԱԱԾ-ում է: Նրան կանչել են հարցաքննության:

Մինչ հարցաքննությունը Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ ՍԴ-ի առջեւ փոքր ճեպազրույցում քննադատել է իշխանություններին, ասել է, որ Նիկոլ Փաշինյանը հակաօրինական, հակասահմանադրական միջոցներ է կիրառում, քաղաքական ընդդիմությանը պարտադրում է գործել օրենքի դաշտում, բայց ինքը հակաօրինական քայլերով անում է այն, ինչ ուզում է, թե՛ դատական, թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինները կենտրոնացրել է իր ձեռքում: Ուստի Հակոբյանն առաջարկել էր Փաշինյանի դեմ պայքարել իր մեթոդներով, ինչպես նա էր ռադիոտուն մտնում, հենց այդ մեթոդներն էլ պետք է կիրառել. «Ինքը կարողացավ իշխանության գալ պետական հեղաշրջման միջոցով, պետք է դիմել այդ գործիքակազմին: Ինքը գրավեց ռադիոտունը, ազգային անվտանգության, ռազմավարական նշանակության պետական պահպանության տակ գտնվող օբյեկտները»:

Ռուբեն Հակոբյանն այսօր իրեն ԱԱԾ հրավիրելը կապում է հենց իր այդ քննադատության հետ: Նրա խոսքով՝ ընդդիմության պահվածքը համարժեք չէ. «Ամեն օր, ով արթնանում է, ասում է՝ հակաօրինական, հակասահմանադրական ուղղություն է որդեգրել իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը: Լավ, հասկացանք, ինքը թքած ունի ե՛ւ սահմանադրության վրա, ե՛ւ օրենքների վրա: Ինքը, իր ընտանեկան կապալը, որը դիտում է հանրապետությունը որպես իրենց համքարություն, անում են այն, ինչ ուզում են: Պետական կառույցներ այսօր որպես այդպիսին գոյություն չունեն: Ասում ենք՝ բավական է այլեւս, երբ տեսնում ենք, որ ուշադրություն չի դարձվում, պետք է համարժեք քայլեր ձեռնարկել: Համարժեք քայլերն էլ՝ ինքը կարողացավ փողոցները փակելով, ռադիոտան նման պետական պահպանության օբյեկտը գրավելով, դռները ջարդելով՝ արեց այն, ինչ պետք է չարվեր: Եթե սելեկտիվ մոտեցում ունի ե՛ւ այսօրվա իշխանությունը, ե՛ւ ԱԱԾ-ն, այդպես էլ քրեաիրավական գնահատական չտրվեց ռադիոտան գրավմանը, այսօր ՀՀ-ում ցանկացած քաղաքացի կարող է դիմել նույն քայլին, ինչին դիմեց Նիկոլ Փաշինյանը»:

Հարցին՝ ձեզ ասե՞լ են, թե ինչու են կանչել ԱԱԾ, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Մոտավորապես ասեցին, որ սահմանադրական կարգի հետ կապված կոչեր եմ արել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930