Առողջապահության նախարար (ԱՆ) Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի բացօթյա տարածքում մասնակցել է Հայկական բժշկական ալյանսի կազմակերպած հերթական քննարկմանը, որը ձևավորվել է մի շարք բժշկական հասարակական կազմակերպությունների և մասնագիտական ասոցիացիաների համագործակցության շնորհիվ։ Վերջիններիս հետ սերտ աշխատել է նաև ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը:
Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է նախաձեռնությունը և ընդգծել, որ մասնագիտական ասոցիացիաների ներուժը պետք է ակտիվ օգտագործել կորոնավիրուսային հիվանդության դեմ տարվող պայքարում:
«Հատկապես ողջունելի է, որ ոչ թե մենք ենք դիմել և նախաձեռնել, այլ հենց մասնագիտական ասոցիացիաներն են հանդես եկել նմանօրինակ առաջարկով: Ես նաև ուրախ եմ, որ Առողջապահության ազգային ինստիուտը, որպես գիտակրթական կառույց, այդ թվում` Հանրապետական գիտաբժշկական գրադարանը գործընթացի մի մաս են կազմում և առիթն օգտագործելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել Առողջապահության ազգային ինստիտուտին` կորոնավիրուսային հիվանդության ընթացքում մասնագետների լայնածավալ վերապատրաստումներ իրականացնելու համար»,- ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Մասնագետները կորոնավիրուսային հիվանդության դեմ տարվող աշխատանքների վերաբերյալ իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին և պատրաստակամություն հայտնել նախարարության հետ ստեղծելու համագործակցության հարթակ` հիվանդությունը վարելու գործելակարգերի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ, հավանություն տալով նեղ մասնագետների ներկայացրած առաջարկներին` Արսեն Թորոսյանը շեշտել է, որ առաջիկայում ակնկալում է դրանք տեսնել ավարտուն և գործնականում կիրառելուն պատրաստ:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ