Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Սա մի նախագիծ է, որն արմատապես վերանայելու է դպրոցի տնօրենի ընտրության գործընթացը․ «Ժամանակ»

Հունիս 27,2020 12:33

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը դրական է գնահատում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից դպրոցի տնօրենի ընտրության ընթացակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը: Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է դպրոցի սովորողներին, մանկավարժական և ծնողական խորհուրդներին մասնակից դարձնել տնօրենի ընտրության գործընթացին։

Նախատեսվող փոփոխությամբ՝ դպրոցի տնօրենի հավակնորդը հանդիպելու է սովորողների հետ զարգացման ծրագիրը կազմելու համար, իսկ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից առաջադրված անդամները հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը քննարկելու են իրենց խորհուրդներում՝ թեկնածուի մասնակցությամբ: Եթե տնօրենի մրցույթի հավակնորդը չներկայանա քննարկմանը, չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին:

«Վերջապես այդ նախագիծը բերվեց քննարկման: Այդ նախագիծը ամփոփ ներկայացնում է մեր բոլոր առաջարկները:

Սա մի նախագիծ է, որը, կարծում եմ՝ արմատապես վերանայելու է տնօրենի ընտրության գործընթացը: Նախկինում տնօրենի թեկնածուն ներկայացնում էր իր աշխատանքները, մրցույթի ավարտից երեք օր առաջ ներկայացնում էր իր զարգացման ծրագիրը, հետո գալիս էր ընտրության օրը, և Կառավարման խորհրդի անդամները, ինչպես ուզում էին, քվեարկում էին: Համայնքը՝ աշակերտները, ծնողերը, մանկավարժները, որևէ տեղեկություն չէին ունենում, թե ո՞վ է դպրոցի թեկնածուն, դպրոցի զարգացման ինչ ծրագիր ունի: Իսկ այս նոր նախագծով տնօրենի թեկնածուն պետք է ներկայանա մանկավարժներին, ծնողներին, լսել նրանց խնդիրները ու այդ հանդիպումների արդյունքում ներկայացնի դպրոցի զարգացման իր ծրագիրը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:

Տիկին Բախշյանը անդրադարձավ նաև Կառավարման խորհրդին, թվաքանակին: 2019 թվականի ուսումնական հաստատությունների Կառավարման խորհուրդների փոփոխության նախագծով ամրագրված է՝ երեք ծնող, երեք մանկավարժ, երեք տեղական ինքնակառավարման և լիազորված մարմնի ներկայացուցիչ:

Անահիտ Բախշյանը վերջում մեկ կարևոր առաջարկով հանդես եկավ: Նա նշեց՝ շատ կարևոր է, որ օրենքով սահմանենք, որ տնօրենը աշխատանքային պայմանագիրը կնքելու է իրեն ընտրող մարմնի հետ՝ այս դեպքում խորհրդի, այնպես, ինչպես 2009-ի հուլիսին ընդունված օրենքում էր, որը հետագայում փոփոխության ենթարկվեց: «Մինչև 2014 թվականը՝ առանց օրենքը փոխելու, ընտրված տնօրենները պայմանագիրը կնքում էին քաղաքապետի կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ: Դա տնօրեններին դարձնում է խամաճիկ, ազատությունը, որն այդքան հարկավոր է, նրանք չեն ունենում»,- իր խոսքն ամփոփեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930