Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները դիմում են ԱԱԾ՝ նախորդ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար․ «Ժամանակ»

Հունիս 27,2020 11:55

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեցին, որ քաղաքացիներն արձագանքում են իրենց կոչին և դիմում են ԱԱԾ՝ նախորդ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար։

Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը իրականացված խուզարկությունից և ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տասնյակ փաստաթղթեր հայտնաբերելուց հետո Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ ակնկալում է ստանալ հանրության աջակցությունը՝ 2017-ին «Ծառուկյան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու հանգամանքը հավաստելու համար։

«Այո, քաղաքացիները դիմում են, արդեն իսկ ստացել ենք նման դիմումներ»,- փոխանցեցին մեզ ԱԱԾ լրատվականից՝ հավելելով, որ այդ դիմումների քանակն ու բովանդակության վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն կարող տրամադրել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակից Վարդինե Գրիգորյանը ևս, անսալով ԱԱԾ հորդորին, ուղարկել է 2017թ. երկարաժամկետ դիտորդության ու ամբողջական դիտորդության զեկույցները՝ ԱԱԾ-ին հորդորելով ուշադրություն դարձնել ոչ միայն «Ծառուկյան» դաշինքի վերաբերյալ տվյալներին։

Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ զեկույցներում բավականին տեղեկություններ կան և՛ Հանրապետական կուսակցության, և՛ «Ծառուկյան» դաշինքի, և՛ այդ ուժերի առանձին պատգամավորների կողմից ընտրակաշառքի ու այլ չարաշահումների, ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահումների մասին: «Բացի դրանից, աշխատանքային լրացուցիչ ֆայլեր կան, որոշ առանձին դեպքեր, որոնց այդ ժամանակ ընթացք չէր տրվել։ Իսկ զեկույցներում մենք արձանագրել ենք այն դեպքերը, որոնց մասին ավելի հստակ տեղեկատվություն կար, և որոնք ստացվել էին երկարաժամկետ ու կարճաժամկետ դիտորդության ընթացքում»,- ասաց Գրիգորյանը։

Նա որպես ցայտուն օրինակ բերեց Վանաձորը, երբ ընտրության ժամանակ կուսակցության շտաբից ընտրակաշառք էր բաժանվում, մարդիկ մտնում-դուրս էին գալիս։ Եվ երբ ահազանգի հիման վրա դիտորդական կազմակերպության ղեկավարը գնացել էր այդտեղ, տեղում ներկա ոստիկանությունն անգամ արձագանքել էր, որ չգիտեն՝ ինչ անեն, որովհետև այդ ժամանակ ընտրակաշառքը ծանր հանցագործություն չէր համարվում, և ոստիկանությունն ուղղակի միջամտություն ու գործողություններ կատարելու իրավունք չուներ:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930