Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւակ Ղազարյան․ Մինչեւ օրս չի հայտնաբերվել Պարույր Սևակի մահվան վերաբերյալ գեթ մեկ ծանրակշիռ փաստ, որ խոսի հօգուտ «դավադրության» կամ «սպանության» վարկածի․ «Ազգ»

Հունիս 27,2020 11:35

Հունիսի 17-ին լրացավ Մեծն Պարույր Սեւակի մահվան հերթական տարելիցը, որի առթիվ էլ ներկայացնում ենք մեր աշխատակցի զրույցը նրա թոռան` գրականագետ Սեւակ Ղազարյանի հետ, որոշ հապավումներով:

– Տարիներ առաջ Հովիկ Չարխչյանը տպագրեց «Սուլամիթա. Սեւակի մեծ սերը» երկհատորյակը, որը, ըստ շրջանառվող լուրերի, դուր չի եկել գրողի ժառանգներին, այդ թվում` ձեզ: Իրականում ո՞րն էր պատճառը, նամակների իսկության վրա՞ էիք կասկածում, թե՞ չէիք ցանկանում, որ հրապարակվեն դրանք:

-Այո, անձամբ ես բացասական վերաբերմունք ունեմ այդ գրքի հանդեպ: Պատճառները մի քանիսն են: Նախ` նամակները թեեւ իսկական են, բայց` հատվածական: Իսրայել մեկնելուց առաջ Սուլամիթան իր նախընտրած հատվածները պատճենահանել եւ ուղարկել է Հայաստան (Մատենադարան, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան, «Սովետական գրող» հրատարակչություն, Պ. Սեւակի տուն-թանգարան եւ այլն): Շատերը ծանոթ են եղել այդ նամակ հատվածներին, բայց ոչ ոք իրեն թույլ չի տվել հրատարակել դրանք: Դա արել է միայն Հ. Չարխչյանը` նախկին Արարատի շրջկոմի բաժնի վարիչը՝ իր մոր միջոցով Պ. Սեւակի տուն-թանգարանից ձեռքը գցելով այդ նամակները:

Երկրորդ՝ գրեթե համոզված եմ, որ Պ. Սեւակն ինքը երբեք չէր ցանկանա, որ իր անձնական, առավել եւս՝ սիրային նամակները դառնան հանրային սեփականություն: Սեւակի խառնվածքը քիչ թե շատ ճանաչողները կհասկանան, թե ինչու եմ այդպես կարծում: Ընդհանրապես արվեստագետներն այս առումով բաժանվում են երկու խմբի. ոմանք առավել կամ նվազ պատրաստակամությամբ հանրայնացնում են իրենց անձնական կյանքը (Չարենց, Մայակովսկի, Դալի, Բուքովսկի…), մյուսները փորձում են հնարավորինս խուսափել դրանից (Տոլստոյ, Էկզյուպերի, Սահյան, Սեւակ…):

Երրորդ՝ Սուլամիթան Սեւակի «մեծ սերը» չէ, դա միֆ է (փակագծերում ասեմ, որ իմ խորին համոզմամբ սերը «մեծ» կամ «փոքր» չի լինում): Սեւակի եւ Սուլամիթայի միջեւ շատ բուռն կապ է եղել մոտ երեք տարի (1957-1960 թթ): Սակայն թե դրանից առաջ, թե հետո Սեւակի կյանքում բազմաթիվ այլ սերեր են եղել, որոնց ընդամենը մի մասի անուններն են հայտնի ավելի նեղ՝ գրական կամ մերձգրական շրջանակներում: Ես հասկանում եմ, որ կգա մի օր, երբ կտպագրվեն նրա բոլոր սիրային նամակները եւ հանրությունը կճանաչի Սեւակի սերերից շատերին: Սակայն կարծում եմ, թե որքան ուշ գա այդ օրը, այնքան լավ: Եվ այստեղ խնդիրը ոչ այնքան Սեւակի եւ նրա ժառանգների շուրջ է պտտվում, որքան Սեւակի սերերի եւ նրանց ժառանգների: Արդյո՞ք այդ մարդիկ (եւ մեր հանրությունն ընդհանրապես) պատրաստ են նման «բացահայտումների» (օրինակ այն, որ Սեւակը կապ է ունեցել ինչ-որ մեկի մոր կամ տատիկի հետ, որն այդ պահին ամուսնացած է եղել), արդյո՞ք նման «բացահայտումներ» անելով՝ մենք չենք վիրավորում նրանց:

Եվ վերջապես, եթե նման «բացահայտումներ» ենք անում, ապա պիտի ամբողջ ճշմարտությունն ասենք՝ ոչինչ չթաքցնելով: Իսկ ձեր նշած գրքում (չգիտեմ՝ օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով) ամբողջ ճշմարտությունը չի ասվում. Սեւակի ու Սուլամիթայի հարաբերությունները միշտ չէ, որ այդքան ռոմանտիկական եւ իդիլիական բնույթ են կրել: Ավելի մանրամասնել չեմ կարող, քանզի ինչպես ասացի՝ վստահ եմ, որ Սեւակն ինքը դեմ կլիներ դրան:

Չորրորդ պատճառն ամենակարեւորն է ինձ համար: Կարդալով այդ գիրքը՝ տպավորություն է ստեղծվում, որ եթե Սեւակի կյանքում չհայտնվեր Սուլամիթան, ապա Սեւակը որպես խոշոր բանաստեղծ չէր կայանա: Ինչո՞ւ է այդպիսի տպավորություն ստեղծվում: Որովհետեւ գրքի հեղինակը 1957 թվականից ի վեր գրված սեւակյան գրեթե բոլոր ընտիր գործերը կապում է Սուլամիթայի անձի հետ: Ստացվում է՝ չլիներ Սուլամիթան, չէր լինի Պարույր Սեւակ հանճարը: Իսկ սրան ես կտրականապես դեմ եմ, որովհետեւ դա բացարձակապես չի համապատասխանում ճշմարտությանը: Ավելին՝ գրքում երբեմն նշվում են ստեղծագործություններ, որոնք իբրեւ թե Սուլամիթայի անմիջական ազդեցությունն են կրում, մինչդեռ իրականում դրանք վերաբերում են այլ կանանց: Եվ ընդհանրապես հանճարները ոգեշնչման տարբեր աղբյուրներ կարող են ունենալ, ըստ որում՝ ոչ միան սիրո հողի վրա, ու չի կարելի այդ ամենը սահմանափակել ընդամենը մեկ անձով կամ երեւույթով:

– Պարույր Սեւակի մահվան վարկածները շատ են, դրանից ո՞րն է ձեզ ավելի արժանահավատ թվում եւ ո՞րն է ձեր բուն վարկածը:

– Այո, իրավացի եք՝ տարբեր վարկածներ են շրջանառվում եւ ըստ երեւույթին դեռ երկար կշրջանառվեն: Սակայն թե հայրս, թե ես, թե շատ այլ՝ իսկապես քաջատեղյակ մարդիկ համոզված ենք, որ դա դժբախտ պատահար էր: Նորից պետք է մի շարք պատճառներ նշեմ:

Առաջին եւ ամենակարեւոր պատճառն այն է, որ Սեւակն այդ ժամանակ դեռ նոր-նոր էր մեքենա վարել սովորում: Այդ գործում նրան օգնում էին ընկերները, համագյուղացիները, ծանոթները: Եվ մինչ այդ ողբերգական օրը Սեւակը երբեք ինքնուրույն նման երկարատեւ ճանապարհորդություն չէր նախաձեռնել: Բավական է մեջբերեմ մի հուշ, որը հայրս է պատմել, եւ ամեն ինչ պարզ կդառնա: Հայրս այդ ժամանակ համարյա 13 տարեկան է եւ հիշում է, որ երբ այդ օրը բանաստեղծն իրենց առանձնատան ավտոտնակից մեքենան ետ քշելով դուրս է բերել ու չի վնասել այն, շատ է ուրախացել: Ինչո՞ւ: Որովհետեւ անվարժ վարորդ լինելով՝ մեքենայով ետընթաց կատարելը դեռ շատ բարդ գործ է եղել նրա համար: Հանգամանքների բերումով Սեւակի վարորդն այդ օրը չի կարողացել գալ եւ ընտանիքը տեղափոխել Երեւան, ու Սեւակը ճակատագրական որոշում է կայացրել՝ ինքնուրույն վարել մեքենան: Այդ մասին նախօրոք ոչ ոք չի իմացել եւ չէր էլ կարող իմանալ:

Երկրորդ՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարների կողմից սպանության կազմակերպումը անհավանական է նաեւ այն պատճառով, որ շատերի հետ բանաստեղծը մտերիմ հարաբերություններ ուներ: Ինչ վերաբերում է «Եղիցի լույս» գրքի բանտարկությանը, ապա պետք է նշեմ, որ այստեղ կենտրոնական դեր են խաղացել ոչ այնքան ժամանակի քաղաքական-իշխանական վերնախավը, որքան գրչակից «ընկերները»՝ գրական եւ հրատարակչական ոլորտի «յուրայինները»: Իսկ դրա հիմքում էլ հաճախ եղել է անձնական թշնամանքը կամ նախանձը:

Երրորդ՝ մինչեւ օրս չի հայտնաբերվել գեթ մեկ ծանրակշիռ փաստ, որ խոսի հօգուտ «դավադրության» կամ «սպանության» վարկածի: Փոխարենը կան բազմաթիվ փաստեր, որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն վկայում են դժբախտ պատահարի մասին:

Սակայն այստեղ պետք է նշեմ մեկ այլ շատ կարեւոր հանգամանք: «Եղիցի լույս» գրքի բանտարկությունն էապես ազդել էր Պ. Սեւակի ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա, քանզի արվեստագետի համար չկա ավելի մեծ ցավ, քան սեփական ստեղծագործության արգելված լինելը: Կյանքի վերջին երկու տարիներին Պ. Սեւակը դարձել էր շատ դյուրագրգիռ ու նյարդային: Անգամ լուսանկարներից երեւում է դա. 46-47 ամյա բանաստեղծն առնվազն տասը տարով ավելի է մեծ թվում, եւ դժվար չէ կռահել, թե որքան ծանր ու տառապալից էին նրա ապրումներն այդ շրջանում: Սեւակը, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելով, պայքարում էր գրքի լույս ընծայման համար, գնում էր որոշ զիջումների, կրճատումների, սակայն ոչինչ չէր ստացվում, ամեն անգամ մի նոր պատի էր բախվում: Եվ այս իմաստով 1971 թվականի հունիսի 17-ի վթարը ինչ-որ տեղ հետեւանք էր այդ շրջանի իր հոգեվիճակի: Այս առումով անշուշտ կարելի է մեղադրել ժամանակի իշխանություններին նաեւ, բայց ոչ ուղղակի սպանության համար:

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930