Լրահոս
Օրվա լրահոսը

Թևան Պողոսյան․ Նախագահը պետք է ներքաշվեր քաղաքական պայքարի մե՞ջ․ «Հրապարակ»

Հունիս 27,2020 10:59

Հարցազրույց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) նախագահ Թեւան Պողոսյանի հետ

– Գրել էիք․ «Հայաստանին անհրաժեշտ էր ձեւավորել քաղաքական կոնսենսուսի բանակցային սեղան, երբ բոլոր ուժերը կկարողանային գալ, հավաքվել մի տեղ ու աշխատել ազգային օրակարգի ձեւավորման հարցի շուրջ։ Ես գիտակցում եմ, որ իրավիճակը սրելով՝ մենք տեղ չենք հասնելու։ Դա ինձ համար կարեւոր է։ Կարեւոր է հասկանալ՝ ինչպես խոսել միմյանց հետ, որ դիմացինը պատրաստ լինի լսելու»։ Ինչպե՞ս է դա հնարավոր, երբ ՀՀ առաջին պետական դեմքը՝ վարչապետը, էս գլխից ԱԺ-ում հայտարարում է, թե հաջորդ ԱԺ-ում ովքեր են լինելու։

– Սա վերաբերում է բոլոր հարցերին՝ թե՛ Ադրբեջանի ագրեսիային, թե՛ կորոնավիրուսին, թե՛ տնտեսական ճգնաժամին, նրան, ինչով մենք զբաղված ենք․ ինչո՞վ ենք զբաղված, ո՞րն է մեր օրակարգը։ Ի՞նչ ենք անում մենք, ինչո՞ւ ենք զբաղվում այլ բաներով, ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարով։ Ո՞րն է մեր թիվ 1 խնդիրը։

– Այնուամենայնիվ, այս թշնամանքի պարագայում, հատկապես Փաշինյանի երեկվա ելույթից հետո, ի՞նչ կոնսենսուսի մթնոլորտի մասին կարելի է խոսել։

– Ես ժողովրդավարության կողմնակից եմ, եւ այդ արժեքներն ինձ համար շատ կարեւոր են։ Ժողովրդավարությունն ասում է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այդպես չէ՞։ Ընդհանրապես, ցանկացած ժողովրդավարական երկրում իշխանություն ձեւավորվում է 3 ճյուղից՝ գործադիր, օրենսդիր եւ դատական։ Պառլամենտական երկրի մոդուլի պարագայում ամեն ինչ սկսվում է ընտրություններից, ընտրություններից առաջ կա նախընտրական պայքարի ինստիտուտ, երբ կուսակցությունները կամ քաղաքական միավորները գնում են, հայտեր են ներկայացնում՝ քվե ստանալու համար։ Ովքե՞ր են այդ միավորները։ Դա ամրագրված է օրենքով։

– Բայց, փաստորեն, օրենքով չէ, Նիկոլ Փաշինյանի ասելով է․․․

– Պատասխանում եմ Ձեր հարցին։ Բոլոր նրանք, ովքեր ունեն երկրի զարգացման տեսլական՝ քաղաքական կուսակցությունները, միավորներ են ձեւավորելու եւ մասնակցելու են ընտրություններին։ Եվ ժողովրդավարության մասին իմ պատկերացումը նշանակում է՝ ես ո՞վ եմ, որ որոշեմ՝ ովքեր են լինելու։ Եթե օրենքի համաձայն ձեւավորվել են կուսակցություններ, անուններն էական չեն՝ Գարեջրի սիրահարների՞, թե՞ Կանաչների, «Քաղաքացիական պայմանագի՞ր», թե՞ «Հայրենիք», Հանրապետակա՞ն, թե՞ որեւէ այլ՝ 90-ից ավելի քաղաքական ուժերից։ Եվ ուզում եմ ասել, որ ժողովրդավարության արժեքներից է նաեւ խոսքի ազատությունը, ինչպես նաեւ ընտրական մեխանիզմը, որի արդյունքներով էլ ձեւավորվելու է օրենսդիր իշխանությունը։ Եվ ում 2023թ․ ժողովուրդը վստահելու է, նրանք էլ անցնելու են խորհրդարան։ Այնպես որ, դա ընտրողների ասելով է, այլ ոչ թե մեկ մարդու։
Եվ նրանք, ովքեր կստանան քվեն, նրանք էլ կձեւավորեն խորհրդարանը։ Սա է իմ մոտեցումը, անկախ նրանից, թե ով ինչ է ասում։

– Ասում եք՝ իշխանության 3 ճյուղ, հիմա օրենսդիրն ու գործադիրը տապալում են դատականը՝ ոչ առանց Արմեն Սարգսյանի օգնության։

– Ի՞նչ օգնությամբ՝ կասե՞ք։

– Ստորագրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը։

– Ես իրավաբան չեմ եւ նախագահ Սարգսյանի հասարակական հիմունքներով խորհրդականն եմ՝ ոչ իրավական հարցերի մասով։ Բայց, իմ պատկերացմամբ, ոչ մի Սահմանադրության փոփոխությունների նախագիծ չի ստորագրվել։ Ընդամենը կանոնակարգ օրենքում (ԱԺ) այն խնդիրն էր, որ իրեն էր վերապահված «նոտարական վավերացումը»՝ ԱԺ-ի կողմից նախաձեռնած, եւ ըստ օրենքի՝ ՍԴ-ի կողմից համաձայնության դեպքում՝ Սահմանադրության տեքստի փոփոխությունները։ Ցավալի է, որ ԱԺ-ն չի դիմել ՍԴ, ինչպես պահանջում է օրենքը։

– Բայց ստորագրելն արդեն իսկ չեզոքություն չէր։

– Նախագահը պետք է ներքաշվեր քաղաքական պայքարի մե՞ջ։ Պառլամենտական երկրի նախագահի ինստիտուտից սա՞ եք ակնկալում։ Եթե պետք է քաղաքական պայքարի մեջ գտնվող մարդկանց կարծիքները ներկայացնեք, որ ես մեկնաբանեմ, կարծում եմ՝ սխալ է։ Ես քաղաքական խնդիրներ լուծելու առաջարկներ չունեմ, քաղաքական ուժերն իրավունք ունեն միմյանց հետ պայքարելու։ Եվ իրենց այդ պայքարում ամեն մեկն իր մեկնաբանությունը կարող է ունենալ։ Եթե չունենայինք այս իրավիճակը, ունենայինք իրավիճակ, որում մարդիկ նստում, բանակցում են, իրար հետ խոսում են, կարողանում են որոշումների հանգել, սենց լարված վիճակ չէինք ունենա։ Բայց էս քաղաքական լարված պայքարի մեջ եկել եք, չեզոք ինստիտուտին ասում եք՝ բռնիր այս կամ այն կողմը։

 

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930