Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Երանոսյանի պաշտպան․ Ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել հատուկ միջոցներ․ «Հայկական ժամանակ»

Հունիս 27,2020 10:15

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, տեւական դադարից հետո այսօր վերսկսվեց նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործի քննությունը: Վերջին անգամ այս գործով նիստ էր կայացել փետրվար ամսին. դրանից հետո՝ մարտ եւ մայիս ամիսներին նշանակված երկու նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել էին:

Նշենք, որ դատարանը դեռ ապացույցների հետազոտման փուլում է. այժմ հետազոտվում են 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում պայթուցիկներ նետելու տեսանյութերը: Առաջին տեսանյութի ցուցադրումից հետո Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտարարություն արեց՝ ասելով, որ տեսանյութով ընդհանուր տեսքով ֆիքսված են օրվա իրադարձությունները, սակայն դրանով հնարավոր չէ իրենց գործի լուծման համար էական փաստերը հաստատել կամ հերքել. «Չեն երեւում, թե ինչ պայմաններում եւ ովքեր են կիրառել հատուկ միջոցները, կան նաեւ տուժած անձանց կադրեր, եւ դարձյալ չի երեւում, թե ովքեր են նրանք, ինչ հանգամանքներում են վիրավորվել»,- ասաց նա:

Հաջորդ տեսանյութը դարձյալ նույն օրվա իրադարձությունների մասին էր, վերնագրված՝ «Պայթյուն՝ Բաղրամյան պողոտայում»: Դրանում երեւում էր, թե ինչ իրավիճակ էր Բաղրամյան պողոտայում պայթուցիկներ արձակելուց հետո: Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը նույն հայտարարությունն արեց նաեւ այս տեսանյութի վերաբերյալ:

Երրորդ տեսանյութում երեւում էին այն կադրերը, երբ Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցների դիմաց պատ կազմած ոստիկաններին տեղեկացնում էր, որ ինքը պատգամավոր է եւ պետք է գնա Ազգային ժողով՝ աշխատանքի: Նա բանակցություններ էր վարում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի այդ ժամանակվա տեղակալ Վալերի Օսիպյանի հետ՝ բացատրելով, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ իրեն ուղեցկելու են աշխատանքի. «Այսօր ընդունելության օր է, եւ ես հազարավոր քաղաքացիների պետք է ընդունեմ Ազգային ժողովում»,- ասում էր նա: Տեսանյութում երեւում է, որ Օսիպյանն ասում է, թե ԱԺ բարձրանալ կարող են միայն 4 պատգամավորները, եւ ինքը պատրաստ է նրանց ուղեկցել: Դրան արձագանքելով՝ Փաշինյանն նշում է, որ ոստիկանությունը չի կարող իր առաջ պայման դնել՝ ասելով, թե ինքը ինչպես պետք է գնա աշխատանքի, եւ ճեղքելով փշալարերը՝ առաջ է անցնում: Դրանից հետո արդեն իրավիճակը լարվում է, եւ կիրառվում են լուսաձայնային նռնակները:

Անդրադառնալով այս տեսանյութին՝ պաշտպան Տիգրան Սաֆարյանը մեր զրույցում ասաց, որ սա ամենակարեւոր ապացույցն է, որին հետագա փուլերում իրենք ավելի առարկայական կանդրադառնան. «Այստեղ հստակ երեւում են մինչեւ հատուկ միջոցներ կիրառելը տեղի ունեցած իրադարձությունները, երբ ցուցարարների մի մասը հրում է ոստիկաններին, արգելապատնեշները բռնության գործադրմամբ գցում ոստիկանների վրա, արդյունքում փշալարերն են քաշվում, բայց կադրերն այստեղ ամբողջական չեն, հետո գալիս է հատուկ միջոցների կիրառումը, ամեն դեպքում, ժամանակագրությունը հստակ է, կոնկրետ ու բազմաթիվ անձանց կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրվել, եւ ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել հատուկ միջոցներ. առաջինը եղել է փշալարը, որը մի պահ զսպել է, որ զանգվածային բախումներ չլինեն, բայց երբ արդեն փշալարերը չեն կարողացել այդ ճնշմանը դիմանալ, կիրառվել են սահմանափակ քանակով հատուկ միջոցներ, որից հետո իրադրությունը հանդարտվել է»: Պաշտպանի խոսքով՝ Երանոսյանը չի հերքել, որ կիրառել է հատուկ միջոցներ, պարզապես իրենց պնդմամբ՝ դրանց կիրառումը եղել է իրավաչափ:

Այսօրվա դատական նիստին հետազոտվեց մեկ սկավառակ, որից հետո նիստը հետաձգվեց դատարանի ծանրաբեռնվածության պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 27-ին: Մեր հարցին ի պատասխան՝ պաշտպանը տեղեկացրեց, որ դեռ շատ սկավառակներ կան, իսկ գործի մի քանի հատոր մյուս նյութերի հետազոտումը ավարտվել է:

 

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930