Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Հին մարդու» ձեւավորումը

Հունիս 27,2020 10:00

Դարերի ընթացքում ծավալվող հեղափոխական շարժումները մշտապես առաջ են քաշել «նոր մարդու ձեւավորման» գաղափարը: Դա, հավանաբար, «պատմության վերջի», կամ, ինչպես Մարքսն էր կանխատեսում, «նախապատմության» վերջի եւ «իսկական պատմության» սկզբի մասին երազանքի մասնավոր դրսեւորումն է: Եվ այդպես էին մտածում ոչ միայն կոմունիստները. 20-րդ դարի 90-ականներին «ճիշտ հակառակ» գաղափարախոսությունը դավանող ամերիկացի փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույաման հայտարարել էր մոտավորապես հետեւյալը՝ «վերջ, պատմությունն ավարտվեց, ազատականությունը հաղթեց»: Բայց փորձը ցույց է տալիս, որ այդ «վերջից» հետո բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում՝ այդ «վերջը» հերքող: Այդ իմաստով ոչ մի «վերջ» էլ գոյություն չունի:

Գայթակղիչ է, իհարկե, մտածել, որ որոշակի պահից մարդկությունը կհրաժարվի իր նախապաշարումներից եւ արատներից ու ամեն ինչ կսկսի «մաքուր էջից»: Այդ գայթակղությանն են ենթարկվել ոչ միայն մեզ համար ամենացցուն օրինակը հանդիսացող ֆրանսիական եւ ռուսական հեղափոխությունների գաղափարախոսները: Նույն պատրանքներն ունեին արեւմտյան Եվրոպայում ծնված Ռեֆորմացիայի գործիչները, Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը, ինչպես նաեւ շատ ավելի վաղ՝ օրինակ, մեր (նաեւ բյուզանդական) պատմության մեջ՝ պավլիկյան շարժման առաջնորդները: Ի վերջո, բոլոր տեսակի «աղանդավորական» համայնքները՝ ներառյալ 1970-ականների «հիփի»-ներին, ստեղծվում էին հենց այդ նպատակով՝ նպաստել «նոր մարդու» ձեւավորմանը: Նոր դարաշրջան – նոր պետություն – նոր մարդ՝ այդ շղթան առաջին հայացքից, զուտ տեսականորեն, տրամաբանական է թվում: Բայց գործնականում նման բան երբեք տեղի չի ունենում՝ նոր ժամանակները «նոր մարդուն» չեն երկնում: Իսկ «մաքուր էջից» սկսելու փորձերը կամ կոչերը հաճախ բերում են մի վիճակի, որի ծայրահեղացված, գրոտեսկային նկարագրությանը մենք հանդիպում ենք Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» վիպակում:

Իսկ գուցե հակառա՞կը. մարդկության պատմության մեջ գալիս են պահեր, երբ կա «հի՞ն մարդու» կարիքը՝ այնպիսի մարդու, որի վարքը, արժեքային համակարգը հիմնված է դարերի ընթացքում մշակված համաշխարհային հոգեւոր ուսմունքների եւ դրանց «ազգային բեկումների» վրա: Հիմա, կարծես թե, հենց այդպիսի դարաշրջան է, երբ ցինիզմը, «պրագմատիզմը», անհավատությունն իրենց սպառել են, խանգարում են մարդկության զարգացմանը եւ բերում են հարաճուն ճգնաժամերի: Տարբեր՝ մեծուփոքր, «առաջադեմ» եւ «թերզարգացած» երկրների իշխանությունները ժամանակ առ ժամանակ կորցնում են իրավիճակի հանդեպ վերահսկողությունը՝ հավանաբար, չհասկանալով, որ ղեկավարելու ավանդական՝ 20-րդ դարում միանգամայն արդյունավետ «ուժային-քարոզչական» մեթոդներն այլեւս չեն գործում: Պետությունները եւ մարդիկ «հենասյուներ» են փնտրում, ավելի ճիշտ՝ փորձում են վերգտնել դրանք: Վերգտնելու այդ փորձը իրական պրագմատիզմի արտահայտություն է. «զոռով» մարդկությանն ու ազգերին անհնար է «երջանկացնել», մեկ կամ մի քանի ցնցումով «նոր մարդուն» հնարավոր չէ «ձեւավորել»: (Եվ պե՞տք է արդյոք): Հենց այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ 21-րդ դարում պետք վերանայվեն պետությունների գործառույթները եւ հասարակական հարաբերությունների էությունը: Դրանք պետք է ունենան հստակ էթիկական հիմք:

Թե որն է Հայաստանի դեպքում այս հիմքը, պետք է լրջորեն մտածել: Հենց ՄՏԱԾԵԼ եւ ոչ թե ղեկավարվել այսրոպական հույզերով ու կրկնել իշխանական կամ հակաիշխանական դոգմաները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Alfred says:

    Ինչքան հասկացել եմ հիմա ուզում են Մարս մոլորակի վրա նոր մարդկությունը ստեղծել

  2. Արմեն says:

    Բոլորին խորհուրդ եմ տալիս նայել պիեսը։ Հին ու նոր չկա, մարդիկ , մարդկությունը չի փոխվում, ձեւը՝ կարող է, բայց ոչ՝ բովանդակությունը։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930