Լրահոս
Օրվա լրահոսը

Մազոխիզմից մինչեւ զոռբայություն

Հունիս 27,2020 14:00

Օտարները թերեւս մեզնից լավ կարող են կանխատեսել մեր վարքը տարբեր վիճակներում: Հայաստանի դեռեւս անկախացման նախաշեմին՝ Արցախյան շարժման հենց սկզբին Մոսկվան մեր մասին շրջանառեց «էքստրեմիստներ» (ծայրահեղական) որակումը, որից բորբոքվեց Ազատության հրապարակի ժողովուրդը: Հետագան ապացուցեց, որ կայսրության հետազոտական ինստիտուտների այդ եզրակացությունը հիմնականում ճշգրիտ էր:

Դա մենք ցույց էինք տվել դեռեւս 20-րդ դար մուտք գործելիս: Ինչպես Մուշեղ Գալշոյանն էր ասում՝ «կռիվ՝ մեկը հարյուրի դեմ»: Դա աներեւակայելի էր, որեւէ օրինաչափության չենթարկվող, զուտ հայկական ֆենոմեն: Մյուս կողմից՝ Սարդարապատից ընդամենը երկուսուկես տարի անց հակառակը՝ «հարյուրը մեկի դեմ» փախանք Կարսից, լքեցինք Գյումրին: Իսկ ի՞նչը պիտի խանգարեր օտարին, որ այդ ճանաչողությունը մեր դեմ օգտագործեր նաեւ 20-րդ դարավերջին: Մարդուժով մեկը երեքի դեմ եւ զինվածությամբ՝ մեկը գուցե տասի դեմ 1990-94թթ. հաղթական պատերազմ հաջողվեց մղել, բայցեւ՝ նույն հարաբերակցությամբ եղավ հակառակը՝ արտագաղթը, կոռուպցիան: Դա թերեւս մեր չափազանցնող, առասպելական մտածողությունից է գալիս, եւ երեւի թե՝ հազարամյակների խորքից:

Իհարկե, արդյունաբերական երրորդ՝ թվային հեղափոխությանը գրեթե անմիջապես հաջորդած այս չորրորդ՝ կիբերֆիզիկական համակարգերի հեղափոխությունից հետո եւս աշխարհը փոխվելու է, գալու են նորացված մտածողություն ու վարք, ինչպես որ փոխվել են արդյունաբերական նախորդ հեղափոխություններից հետո: Իհարկե, բանվորի, գյուղացու, բժշկի, նույնիսկ զինվորի փոխարեն շատ բաներ որոշելու եւ անելու են նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը: Բայց մի՞թե կա մեկը, որ կարծում է, թե մարդիկ այլեւս չեն սնվելու, չեն բազմանալու, չեն սիրելու, չեն ատելու, եւ լինելու է միայն արհեստական սնունդ, արհեստական բեղմնավորում, արհեստական սեր… Արդյունաբերական ամեն հեղափոխություն, իհարկե, հանգեցրել է վերարժեւորումների, շատ արմատացած բաներից հրաժարումների եւ շատ նոր՝ անհայտ բաների արմատավորման, բայց ամեն անգամ ֆրանսիացին երգել է ֆրանսերեն եւ անգլիացին՝ անգլերեն: Այլ բան է, որ նորի զարկերակն առավել արդյունավետ որսացողներն իրենց նյութական, քաղաքական, հոգեւոր սահմաններն ընդարձակել են՝ ի հաշիվ նորը չըմբռնածների, նաեւ՝ նորը չափազանցրածների՝ «էքստրեմիստ պանիկյորների»:

Եթե ոչ պատմությունից, ապա գոնե Աստծուց երբեւէ կիմանանք՝ արդյո՞ք խոհեմ էր, որ պետականորեն հենց առաջի՛նն ընդունեցինք քրիստոնեությունը: Եվ արդյո՞ք դա ընդունում էր, թե՞ հեղափոխական արտագաղթ ինքնության կերպից: Մատրիքսային այս տրամաբանությունն ամենուր է: Օրինակ՝ ցանկացած լեզվի բառերի մի զգալի մասը փոխառություն է. բացառություն չէ եւ հայերենը: Պատմության ընթացքում մենք փոխառել ենք պահլավերենից, ասորերենից, հունարենից, արաբերենից…., բայց փաստ է, որ մոտ 900 բառ՝ մի հսկա զանգված, մեզնից են փոխառել կովկասյան ժողովուրդները: Այստեղ էականն այն է, որ դա եղել է այն ժամանակ, երբ մենք հոգեւոր, մտավոր, զինական հեգեմոնիա ենք ունեցել: Ու մի պահի հանկարծ դա կանգ է առել: Այսօր այլեւս վրացին մեզնից բառեր չի վերցնում, այլ ռուսերենից, հեռավոր անգլերենից: Սա՛ նկատի ուներ Վրաստանի նախկին առաջնորդ Սաակաշվիլին, երբ փոքր-ինչ հեգնելով մեր սայթաքումն ասաց, թե Տիգրան Մեծից հետո «նման բան տեղի չի ունեցել»: Ցավոք, Սաակաշվիլին ճիշտ էր, քանի որ նա պատմությունը գիտեր ոչ թե որպես հպարտանք, այլ ճանաչել էր նրա տրամաբանությունը:

Անշուշտ, մենք կարող ենք մեզ «աննախադեպի» հույսերով սնել, որ նույն է, ինչ «էքստրեմիզմը», բայց դա կաշխատի միայն ներքին շուկայում՝ չարքաշ ու դյուրահավատ քաղաքացիների գիտակցությունն է՛լ ավելի անբնականացնելով (խնդրեմ՝ չշփոթել արհեստական բանականության հետ, որի մասին էլ այսօր ենք միֆեր, իռացիոնալություններ ստեղծում՝ առասպելական մեր մտածողությամբ), մեզ Մորփեոսի գիրկը նետելով:

Իսկ սա էլ իր հերթին կարելի է հստակ տեսնել մի հետահայացով: 2016թ.-ին՝ իշխանափոխությունից երկու տարի առաջ Հայաստանում նկարահանվեց եւ ցուցադրվեց «Առաջին դեմք» 110 րոպեանոց մի «մարգարեական» ֆիլմ, ուր լրագրողը դառնում է Հայաստանի առաջին դեմք, սակայն վերջում պարզվում է, որ դա երազ էր: Դավադրությունների տեսության մեջ չմտնելով՝ արձանագրենք, որ ուկրաինական իշխանափոխությունից դարձյալ ճիշտ երկու տարի առաջ՝ 2017թ.-ին Ուկրաինայում նկարահանվեց ավելի քան 50 մասանոց նույնատիպ մի «մարգարեական» ֆիլմ, որտեղ պատմության ուսուցիչն է դառնում երկրի առաջին դեմք, եւ դա ամենեւին երազ չէր (ի դեպ, ուսուցիչ-պրեզիդենտի դերակատարը հենց այսօրվա նախագահ պարոն Զելենսկին էր): Մենք՝ հայերս, երազասուն ենք, ինչպես Լեոն է բնութագրում, ուստի ֆիլմով մեր ենթագիտակցությանը նետվեց մե՛զ արժանին՝ 110 րոպեանոց երազ, խաբկանք, շփոթմունք, մինչդեռ ուկրաինացիների ավելի քան 30 ժամանոց ֆիլմում դրվեցին արժեքներ՝ ընկերությունից մինչեւ ինքնազոհություն, քաղաքական հանրամատչելի ու մանրակրկիտ դաստիարակությունից մինչեւ ներկա աշխարհակարգում սեփական տեղը որոնելու մոդուլներ:

Հետհամավարակային աշխարհի միանգամայն այլ լինելու վախի մարտահրավերը մենք դարձյալ ընդունում ենք չափազանցված, «պերեբարշիտ» արված, ինչպես սովորական սասունցիները, որոնց աչքին Մսրա Մելիքի զորքն այնքան էր սարսափելի թվացել, որ էպոսում արձանագրվել էր, թե զորքը խմեց գետի ջուրը, եւ ջուրը պրծավ: Այդ երազի, այդ խաբկանքի դեմն առնելու համար ընդամենը մեկ մաքուր պատանի Դավիթ էր պետք, որը գետը ոչ թե խմված-պրծած, այլ հենց գետ էր տեսնում, ինչպես Անդերսենի հեքիաթի փոքրիկ տղան, ով տեսավ, որ թագավորը մերկ է: Երանի մանուկներին:

Բայց սա մեր աշխարհայեցումն ու աշխարհընկալումն է՝ կա՛մ վախենալ ամեն նորից ու գլխակորույս նետվել մեջը, ինչպես «Մաուգլիի» կապիկներն օձի երախը, կա՛մ աշխարհի փոխարեն տոտալ պատերազմ հայտարարել ամեն նորին՝ թաքնվելով «ավանդական արժեքներ» ասվածի թիկունքում՝ առանց սահմանելու ու վերասահմանելու ավանդականի երկու սայրերը:

Եվ պատահական չէ, որ այս աշխահընկալումը հենց «զոռբայությունը» պետք է որդեգրեր որպես գործունեության մեթոդ: Քաղաքական կյանքի համար դա առաջին անգամ զոռբայություն կոչեց «Ղարաբաղ» կոմիտեի առանցքային առաջնորդներից Վազգեն Մանուկյանը՝ հերթական վիճահարույց ընտրությունների առիթով: Տասնամյակների ընթացքում զոռբայության մեթոդը, որն իր հերթին աշխարհավարման հայկական կերպ է դարձել, այդպես էլ չի նահանջում: Եվ երբ այդ զոռբայությունն օբյեկտիվորեն անկարող ենք լինում կիրառել արտաքին աշխարհի հանդեպ, այն առավել բազմապատկվում ու, ինչպես Կոնրադ Լորենցն է ասում, դառնում է ներազգային, ներտեսակային ագրեսիա, անզիջումություն, սեփական սայթաքումն ամեն գնով չընդունելու հաստակողություն, որից ծնվում են երեկվա ու այսօրվա սեւն ու սպիտակը, փոխադարձ թշնամանքն ու ատելությունը, երկրից խորթանալն ու օտարվելը: Ու երբեք իր կախարդական փակ շրջանակից դուրս չի գալիս «Յա նաչալնիկ՝ տի դուռակ» ծագումնաբանորեն ոչ հայկական՝ այլասերված մոտեցումը, ու բազում կուսակցությունների դաշինքները կոչվում են ոչ թե մի նոր անվամբ, ինչպես արեցին Հիմնադիր-նախագահն ու Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց «Հանրապետություն» եւ «Իմ քայլը» դաշինքներով, այլ այդ բազումքը համավոր հարսի նման դառնում է «Հանրապետական» կամ, որ ավելի հակաքաղաքակրթական է, որեւէ ազգանուն՝ դիցուք՝ «Ծառուկյան»:

Մեր ամբողջատիրական «էքստրեմիզմը» մի կողմից ամեն իշխանափոխությունից հետո բերում է ամեն գնով Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանը փոխելու, մյուս կողմից՝ ամեն գնով Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանը որպես քարացած կուռք պահելու զոռբայական մարմաջի: Մի կողմից՝ մենք տասնյակ հազարանոց ցույցերով ընդվզում ու բոցաշունչ ելույթներ էինք ունենում Արցախյան շարժման սկզբին, երբ ադրբեջանցի Անարը ֆրանսիական հանդեսում հայերիս «մազոխիստ» էր անվանել, մյուս կողմից՝ անտարբեր ենք, երբ շատ բարձր դիրքի հայազգիները մեր երկիրը «քոսոտ» ու «չմո» են անվանում: Ո՞ր սահմանում է մեր արդարամտությունը, որպես առողջ ու կենսունակ հանրույթ՝ մենք դատողական ստանդարտներ ունե՞նք, թե՞ ատոմացված միավորներ ենք, որ միասնականությունը պատկերացնում ենք միայն «Գաղթի ճամփին անիծյալ»: Իհարկե՛ նոր աշխարհ (ի դեպ, «Նոր աշխարհ» անունով թերթ հայերս ունեցել ենք նաեւ 100 տարի առաջ), իհարկե՛ նոր Հայաստան, բայց այդ նորի սահմանները կարո՞ղ ենք ճանաչել: Եթե չունենք սահմաններ, ապա մի՞թե մեծ կեղծիք չէ որեւէ փաստաթուղթ Սահմանադրություն անվանելը, դրա համար Սահմանադրական դատարան ունենալը:

Մենք դեռ քննություն պիտի հանձնենք, որ սցենարիստն այլեւս մեզ համար 110 րոպեանոց ֆիլմով երազ չհեգնի. մենք դեռ պիտի ապացուցենք, որ «Թեպետ մենք փոքր ածու ենք եւ թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ եւ շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց եւ այնպես մեր աշխարհում էլ գրելու եւ հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930