Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրում սոցիալական խնդիրները, համեմատած համավարակի սկզբնական շրջանի հետ, կտրուկ ավելացել են․ Էդուարդ Պետրոսյան

Հունիս 27,2020 13:30

Օրերս բյուջեի կատարողականի ամփոփման ժամանակ կառավարության ղեկավարը և ԱԺ նախագահը հայտարարեցին, որ Հայաստանում չկա սոցիալ-տնտեսական ճգնաժամ, այլ կա առողջապահական ճգնաժամ՝ իր հետևանքներով: Ակնհայտ փաստ է, որ մեր երկրում սոցիալ-տնտեսական վիճակն օրեցօր ավելի է վատթարանում, քանի որ համավարակի տեմպերը չեն նվազում, այլ ավելանում են և դրա հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները հիմնականում չեն լուծվում և շարունակում են կուտակվել: Հենց այդ հանգամանքն է թույլ տալիս ներկայիս իրավիճակը համարել սոցիալ-տնտեսական ճգնաժամ: Իսկ հիմա ավելի առարկայական.

Այն հանգամանը, որ համաշխարհային առողջապահական ճգնաժամն իր հետևից ծնեց սոցիալ-տնտեսական ճգնաժամ, արդեն իրողություն է: Դժբախտաբար, այդ իրողության հետ մեր երկրի կառավարությունը մինչ այս պահը, ինչպես պարզվում է, հաշվի չի նստում: Ի տարբերություն մեր կառավարության զարգացած երկրների կառավարությունները շատ արագ գիտակցեցին սպասվելիք սոցիալ-տնտեսական ճգնաժամի իրողությունը և հակազդման քայլեր ձեռնարկեցին: Եթե մեր երկիրը պլանավորեց սոցիալ-տնտեսական ճգնաժամը մեղմելու նպատակով ֆինանսական ներարկում կատարել երկրի ՀՆԱ 2%-ի չափով, ապա զարգացած երկրների կառավարությունները հայտարարեցին տասնյակ տոկոսներով ավել ներարկում (օր.՝ Իտալիան ՀՆԱ-ի մոտ 50%-ի չափով, Ճապոնիա՝ մոտ 20%, ԱՄՆ՝ մոտ 20%): Վերը թվարկած երկրների պետական պարտքը գերազանցում է երկրի ՀՆԱ-ի 100%-ը և համարվում է հարաբերական ծանր բեռ իրենց տնտեսությունների համար, իսկ մեր երկրի պետական պարտքը գտնվում է ՀՆԱ-ի 50-60% շրջանակում և համարվում է տնտեսության համար նվազ պարտքի բեռ: Տրամաբանական հարց է առաջանում, ինչու առանց այդ էլ պետական պարտքի տեսանկյունից բարդ վիճակում գտնվող երկրներն գնացին նման շռայլության: Վստահաբար կհամաձայնեք ինձ հետ, որ պատճառը ամենևին այն չէր, որ նրանց կառավարությունները տգետ ու խենթ էին, կամ հայրենասեր չէին, այլ ընդամենը գիտակցում էին, որ եթե պանդեմիայի հետևանքով օրեցօր ավելացող սոցիալ-տնտեսական խնդիրներին էական լուծումներ չտրվեն, ապա իրենց երկրները կհայտնվեն սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր երկրում սոցիալական խնդիրները, համեմատած համավարակի սկզբնական շրջանի հետ, կտրուկ ավելացել են: Այս իրավիճակը կանխատեսելի էր այն պահից սկսած, երբ կառավարությունը ներկայացրեց իր հակաճգնաժամային սոցիալական աջակցության փաթեթները: Աղքատության շեմին գտնվող 700.000 քաղաքացի ունեցող երկրում, հարյուր հազարավոր կարիքավորներ չընդգրկվեցին աջակցության շահառուների ցանկում, իսկ շահառուները չստացան համաչափ սոցիալական աջակցություն: Առանձնացնենք սոցիալապես խոցելի այն խմբերը, որոնք ընդգրկված չէին որևէ  ծրագրում: Դրանք են օրավարձով աշխատող քաղաքացիներ, արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներ, չվճարվող հարկադիր պարապուրդում գտնվող քաղաքացիներ, ճգնաժամի հետևանքով աշխատանքը կորցրած, սակայն պահանջներին չհամապատասխանող քաղաքացիներ և այլն, ընդհանուր թվով մի քանի հարյուր հազար քաղաքացի: Քաղաքացիների մյուս խումբը, ովքեր օգտվեցին աջակցությունից, ստացած աջակցությամբ չէին կարող հոգալ նույնիսկ իրենց չաշխատած երկու ամիսներից մեկի կենսաապահովման  նվազագույն ծախսերը:

Ամփոփելով իրավիճակն արձանագրում ենք, որ գրեթե բոլոր քաղաքացիները երկու ամիս չաշխատելով չեն ունեցել եկամուտ, գոյատևել են կամ կուտակելով պարտքեր, կամ սպառել են խնայողությունները: Հետևանքն այն է, որ զրկվելով հիմնական եկամուտի աղբյուրներից, քաղաքացիների առանց այդ էլ օրեցօր ավելացող ծանր սոցիալական բեռը դարձել է անկառավարելի: Եթե ստեղծված իրավիճակից ելնելով, օբյեկտիվորեն կտրուկ ավելանում է գոյատևման խնդիր ունեցող քաղաքացիների քանակը, ապա դա ինչ է, եթե ոչ սոցիալական ճգնաժամ:

Ինչ վերաբերվում է տնտեսական իրավիճակին, հակիրճ, եթե բիզնեսը երկու ամիս չի գործել և կուտակել է հավելյալ պարտքեր, ապա մասնակի գործելու պայմաններոմ, ինչպես պետք է սպասարկի նախկին պարտքերը՝ հավելյալ պարտքերին զուգահեռ: Վնասով աշխատելու պայմաններում, հատկապես ՓՄՁ-ները երկար չեն կարող գոյատևել և մոտենում են մասսայական սնանակցման փուլին: Այն իրավիճակում, երբ տնտեսվարողները մասսայական հայտնվում են փակման եզրին, դա ինչպես անվանել, եթե ոչ տնտեսական ճգնաժամ:

Մեր օրերի սոցիալ-տնտեսական ճգնաժամի առաջացման միակ և հիմնական պատճառը կառավարության կողմից պանդեմիայի հետևանքով առաջ եկող սոցիալական-տնտեսական խնդիրների անտեսումը կամ թերագնահատումն է: Պարզ ճշմարտություն է, եթե խնդիրները չեն լուծվում, ապա միայն կուտակվում են, այլ ոչ թե ինքնաոչնչանում:

Էդուարդ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՏՆՏԵՍԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930