Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում առողջապահության նախարարն ասել էր, որ կլինի իր համաքաղաքացիների կողքին, նույն պայմաններում

Հունիս 27,2020 13:00

Դեռեւս փետրվարի 21-ին լրատվամիջոցները, այդ թվում նաեւ հայկական, գրեցին Ուկրաինայի առողջապահության նախարար Զորյանա Սկալեցկայայի խոսքը. երկու շաբաթ կանցկացնի կարանտինում, Չինաստանից տարհանված համաքաղաքացիների հետ, որոնք պահվելու էին Նովիյե Սանժարի  ազգային գվարդիայի բուժհաստատությունում: Նախարարն ասել էր, որ կլինի իր համաքաղաքացիների կողքին, նույն պայմաններում: Լրատվամիջոցները հայտնեցին նաեւ, որ ուկրաինացիները ցույց էին արել բուժկենտրոնի մոտ, ինչը դատապարտել էր նախարարը, նաեւ նախագահը`Զելենսկին: Նախարարն ասել էր` «Մենք ապրում ենք մեկ երկրում եւ պետք է հոգ տանենք նրանց մասին»: Իսկ ապրիլի կեսերին արդեն տասը պատգամավոր կորոնավիրուսային վարակ ուներ:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն էլ հայտարարեց (ապրիլի 29), որ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում կիրառվում են ռեպրեսիվ եւ բռնի միջոցառումներ: «Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունները COVID-19 համավարակին արձագանքում են ռեպրեսիվ եւ բռնի միջոցառումներով, որոնք ոչ մի կերպ չեն համապատասխանում մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորություններին»,- ասվում է կազմակերպության զեկույցում: Զեկույցն անդրադարձել է Ադրբեջանում, Ռուսաստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում եւ քանի այլ երկրներում ստեղծված իրավիճակին:

Համավարակի, ուկրաինական դիմագրավումների մասին զրուցում եմ Խարկով քաղաքում ժամանակավոր բնակվող Արմինե Խարազյանի հետ:

– 42 միլիոնանոց Ուկրաինայում ե՞րբ հայտարարվեց արտակարգ դրություն:

– Մարտի 12-ից մտցվեց կարանտին: Ապրիլի 6-ին կարանտինի պայմանները խստացվեցին:

– Ինչպիսի խստացումներ եղան, եւ արդյոք դրանք դեռ պահպանվել են:

– Փակվեց ամեն ինչ՝ գործարանները, դպրոցները, ուսումնական հաստատությունները, մեծ մոլերը, շուկաները՝ հագուստի, սննդի: Մետրոն, միջքաղաքային տրանսպորտը, մտնող տրանսպորտը. սահմանային 250 անցակետերից  թողեցին ընդամենը 47-ը՝ այն էլ շատ խստացված ռեժիմով ու ներս էին թողնում միայն Ուկրաինայի քաղաքացիներին: Օդանավակայանում դադարեցվեցին բոլոր թռիչքները: Աշխատում էր միայն հասարակական տրանսպորտը` խստացված ռեժիմով, ավտոբուսի մեջ միայն տասը հոգի պետք է լիներ, անպայման դիմակով: Եթե ավել մարդ լիներ` վարորդը տուգանվում էր: Հասարակական վայրերում ախտահանվում էին բոլոր այգիները, շքամուտքերը: Խանութներ եւ դեղատուն իրավունք ունեիր մտնեիր միայն դիմակով. ալկոգելը հենց մուտքի դեմը դրված է, մինչեւ հիմա էլ մտնելուց ու դուրս գալուց կարող ես ստերիլիզացնես ձեռքերդ … բոլոր կաֆեները, ռեստորանները փակվեցին: Բոլորն անցան հեռավար աշխատանքի եւ ուսուցման: Այսօր արդեն բոլորն անցել են աշխատանքի, բայց վարչական շենքերում, դատարաններում դեռեւս չեն աշխատում … մուտքը միայն դիմակով ու սոցիալական հեռավորությունը պահպանելով է: Քաղաքացիները տնից դուրս գալիս պարտավոր էին ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

– Ինչպիսին են այսօրվա` հունիսի 24-ի պաշտոնական թվերը:

– Կարանտինից սկսել ենք դուրս գալ մայիսի 17-ից փուլ առ փուլ: Այսօրվա տվյալները ամբողջ Ուկրաինայի տարածքում հետեւյալն է՝  ընդհանուր ստուգվածների քանակը՝ 594602, լաբորատոր հաստատվածների քանակը՝ 39014, առողջացածների քանակը՝ 17409, մահացածների քանակը՝ 1051: Այսօր գրանցվել է 940 դեպք: Ամենաշատ դեպքերը Կիեւսկի նահանգում են …Լվովսկի ու Ռիվնա, Չեռնովցի:

– Դու ասացիր, որ դիմակ չկրելու համար պատժում են վարորդին, կամ տասը հոգուց ավել երթուղի դուրս գալու համար, ինչպես մեզ մոտ Հայաստանում է: Պատժի չափերը դրամով որքան են կազմում, տարբերություն կա՞ պաշտոնատար անձի պատժամիջոցների կիրառման եւ շարքային քաղաքացու վարչական պատասխանատվության միջեւ:

– Այո, վարորդներին են պատժում, եթե ավել ուղեւոր է վերցնում: Տուգանքը Հայաստանի դրամով 35 000 դրամ է,  տարբերություն չկա` թե ով է պատժվում, բոլորը օրենքի առաջ հավասար են, իսկ փակ սրճարանի կամ ռեստորանների համար տուգանքը հայկականով 600 000 դրամ է:

– Դու, ըստ էության, երկու երկրների քաղաքացի ես, հետեւում ես նաեւ հայաստանյան արտակարգ միջոցառումներին: Ինչով ենք նման եւ տարբեր:

– Այստեղ արգելում են գնալ հիվանդանոց, պոլիկլինիկա: Զանգում ես, ասում ես նախանշաններ կամ ինչ որ բան կա, ասում են` մնացեք տանը, մեկուսացեք, խմեք դեղեր, երբ որ շատ վատ կլինեք` նոր զանգեք: Հիվանդանոցներում բուժումը լրիվ վճարովի է … ԿՏ չունեին, նոր են ձեռք բերել ու շատ թանկ է: Հայաստանում հետեւում եմ, թե ինչ հոգատար են հիվանդների հանդեպ, ուշադիր, մեկուսացրեցին, պետությունը մարդկանց իր հաշվին պահում է, ամեն գնով աջակցում է: Ուկրաինայում նման բան չկա: Մեր մոտ չեռնոբիլցիների հիվանդանոցում ուզում էին բերել «COVID-19» -ով վարակված հիվանդների: Բժիշկները բունտ էին անում` չէին թողնում: Ասեմ, որ մեր մոտ COVID-ը դեռեւս դեկտեմբերից արդեն շատ բուռն տարածվում էր, քանի որ մեր քաղաքում`Խարկովում շատ վիետնամցիներ ու չինացիներ կան: Հունվար ամսին էլ ավելի ուժեղացավ վարակը, հիվանդանոցներում տեղ ու դադար չկար, բայց ոչ ոք տեղյակ չէր, թե սա ինչ վիրուս է: Երբ արդեն մեծամասնությունն արդեն հիվանդացել- լավացել էին` նոր հայտարարվեց համաճարակի մասին ու հայտնվեցին թեստերը:

Նշեմ նաեւ, որ թոշակառուների նպաստն ավելացրեցին 1000 գրիվնի (12 000 դրամ) ու վերջ,  օգնություն չեն բաժանել կամ էլ շատ քիչ:

– Բայց բժիշկն իրավունք ունի՞ բունտ անել, նա երդում ունի օգնության ձեռք մեկնել բոլոր հիվանդներին:

– Այստեղ ընտանեկան բժիշկներ են կոչվում, ամեն մեկն ըստ իր գրանցման վայրի կցված է մի բժիշկի վրա ու այդ բժիշկը պիտի միայն ուղեգիր տա` ուր գնալ … դե իրենք էլ էդպես են աշխատում: Ասենք եթե աչքդ ցավում է, չես կարող գնալ ակնաբույժի մոտ. ինքը պիտի ուղեգիր տա, որ նոր դու գնաս:

– Այս ընթացքում հավաքներ եղե՞լ են, ցույցեր, հայտնի է, որ ուկրաինացիներն էլ հավաքային են իրենց բնույթով:

– Շուկայի առեւտուր անողներն ապրիլի վերջին շաբաթը  քաղաքապետարանի դիմաց  մեքենաներով առանց մեջից դուրս գալու բողոքարկեցին, որ այլեւս անհնար է ապրել, բայց իրարից հեռու մեքենաների մեջ էին նստած` միայն ազդանշաններով: Հետո Կիեւում սրճարանների տերերը բացօթյա սեղաններ դրեցին սոցիալական հեռավորության վրա, դիմակներով՝ կառավարական շենքի դիմաց: Երեք օրից թույլ տվեցին բացօթյա սրճարաններին աշխատել:

– Ի՞նչ արժե դիմակը:

– 20 գրիվնի էր`350 դրամ,  հիմա արդեն իջել է հինգ գրիվնի: Բայց կան բազմամյա ածուխե պաշտպանիչ ֆիլտրով մինչեւ տասը դոլար արժողությամբ դիմակներ:

Հարցազրույցը`

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930