Լրահոս
Օրվա լրահոսը

Կարանտինը՝ «Կարանտին» անսամբլի «նախաձեռնող ու աջակից»

Հունիս 27,2020 12:30

Հարցազրույց մենեջեր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային երաժշտության խորհրդի անդամ կազմակերպության՝ Music of Armenia-ի հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանի հետ

– «Առավոտն» առաջին անգամ է հանդիպում ձեզ հետ։ Գիտենք, որ ավելի քան 10 տարի կազմակերպում եք միայն երաժշտական նախագծեր՝ համերգներ, փառատոներ եւ այլն, մենեջերի կարիերան սկսել եք Մեծ Բրիտանիայում, հետո ընդլայնել եք աշխարհագրությունը՝ եվրոպական երկրներ, Թուրքիա, Վրաստան… Շուրջ 5 տարի գործունեություն եք ծավալում Հայաստանում։ Մասնագիտական կրթությունը ստացել եք Պրահայում եւ Լոնդոնում։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ եք ի սկզբանե ընտրել երաժշտարվեստի ոլորտը։

«Կարանտին» անսամբլ

 – Չեմ սիրում, երբ ասում են, թե մանկուց սիրել եմ դասական երաժշտություն, բայց իմ դեպքում դա այդպես է հինգ տարեկանից զբաղվել եմ գեղարվեստական մարմնամարզությամբ եւ այդ գեղեցիկ սպորտաձեւը ներկայացրել դասական երաժշտության ներքո։ Հենց դա է պատճառը, որ երաժշտությունը, այն էլ դասական, խոր հետք թողեց իմ հետագա գործունեության վրա։ Իսկ Չեխիայում պատանիների առաջնությունում թիմը, որի կազմում նաեւ ես էի, գրավեց առաջին տեղը… Այո, մասնագիտական կրթությունը ստացել եմ Եվրոպայում, 18 տարեկանում տեղափոխվել եմ Լոնդոն, որտեղ ուսանել եմ՝ ձեռք բերելով մենեջերի եւ մարքեթինգի մասնագիտություն։ Լոնդոնում 2008թ. հիմնել եմ  Music of Armenia կազմակերպությունն ու աշխարհով մեկ ներկայացրել հայկական երաժշտությունը, խթանել հայ երաժիշտների արվեստը։  Նաեւ ապրում ու գործունեություն եմ ծավալում Հայաստանում։ Կազմակերպել եւ իրականացրել ենք Երեւանում ու Թբիլիսիում «Սայաթ-Նովա» փառատոնը (2016-17թթ.), Տաթեւի վանական համալիրում՝ «Շարական» փառատոնը (2016-17թթ.), «Երեւանի դուդուկի փառատոնը» (2015-17թթ.), «Կանանց երաժշտական միամսյակը» (2018-20թթ.), «Սեւանի ձայներ» նախագիծը (2018թ.)…

– Թվարկում եք միայն հայաստանյան միջոցառումները, իսկ արտասահմանո՞ւմ…

– Օրինակ՝ «Սեւանի ձայներ» նախագիծը Լոնդոնի միջազգային ամենամյա փառատոնի շրջանակներում արժանացել է առաջին մրցանակի՝ «Լավագույն երաժշտություն» անվանակարգում։ 2017թ. Ստամբուլում հայ, քուրդ եւ թուրք երաժիշտների մասնակցությամբ ապրիլի  23-ին իրականացրել ենք համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։ Մինչ այդ՝ 2010թ. եւ 2014թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոներ ենք անցկացրել Լոնդոնում։ 2014-ին՝ Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված համերգ անցկացրինք  Լոնդոնում։ Եթե նախագծերի ողջ ցանկը թվարկեմ, ձեր օրաթերթի էջերը չեն բավականացնի։

– Փաստորեն ապրում ու ստեղծագործում եք եւ Լոնդոնում, եւ Երեւանում։

– Եվ ոչ միայն։ Պարզապես վերջին 4 տարիներին գործունեությունս ավելի ակտիվ է եղել Հայաստանում, բայց, բնականաբար, չեմ դադարել կազմակերպությանս գործունեությունը շարունակել միջազգային հարթակներում եւս։

– Ժամանակին մենք լուրերի տեսքով անդրադարձել ենք ձեր մեկ-երկու նախագծերին։ Գիտենք նաեւ, որ դուք իբրեւ մենեջեր մասնակցություն եք ունենում տարբեր կոնֆերանսների։

– Միայն 2019թ. մասնակցել եմ  եվրոպական երկրներում, կոնկրետ՝ Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում եւ Լեհաստանում տեղի ունեցած մասնագիտացված կոնֆերանսների, ինչպես նաեւ փառատոների՝ բնականաբար ներկայացնելով Հայաստանը։ Լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային երաժշտության խորհրդի անդամ կազմակերպություն՝ Music of Armenia-ն ի դեմս ինձ, Փարիզում մասնակցեց նշյալ կառույցի հիմնադրման 70-ամյակին նվիրված տոնակատարությանը։

– Օրերս համացանցում ձեր կազմակերպությունը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ, ավելի ճիշտ՝ ներկայացրեց հայ երաժիշտներից բաղկացած նոր անսամբլ՝ «Կարանտին» անվամբ։

– Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ ենք հանդես եկել այդ նոր նախագծով (առաջինը՝ «Սեւանի ձայներն» էր)՝ «Կարանտին» անսամբլի ստեղծմամբ, որը բաղկացած է 14 երաժիշտներից, անսամբլի ղեկավարը ճանաչված դիրիժոր Ռուբեն Ասատրյանն է։ Պետք է նշեմ, որ ինձ համար պատիվ է համագործակցել  այնպիսի մասնագետի հետ, ինչպիսին մաեստրո Ասատրյանն է։ Ասեմ նաեւ, որ այս նախագծի շրջանակներում համագործակցում ենք կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաեւի հետ։

– «Կարանտինի» ստեղծմամբ, նկատի ունենք հենց անսամբլի անվանումը, դուք նշանակետին եք «կրակել», քանի որ այն առաջիկայում եւս արդիական  կլինի, նկատի ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջերս արած հայտարարությունը, թե համավարակի հետևանքները դեռ մի քանի տասնամյակ մեզ կուղեկցեն։

– «Կարանտինի» հիմնումը նախեւառաջ  նպատակ ուներ հնարավորություն ստեղծել մեկուսացված երաժիշտներին համախմբելու, եւ իհարկե, հնարավորություն տալ նրանց ստեղծագործելու։ Պետք է կրկնվեմ՝ անսամբլը կներկայացնի բացառապես հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Զրուցեց Սամվել  ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930