Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտուար դը Կաստելան՝ Կարլ Լագերֆելդի մուսան եւ Dior-ի զարդերի թագուհին

Հունիս 27,2020 12:00

Վիկտուար դը Կաստելան՝ Կարլ Լագերֆելդի մուսան եւ Dior-ի զարդերի թագուհին

Dior նորաձեւության տան առաջին դիզայներ Վիկտուար դը Կաստելանը՝ Կարլ Լեգերֆելդի մուսան, որը հետագայում դարձավ   Dior -ի ոսկերչական զարդերի ստեղծագործական տնօրենը, ֆրանսիական արիստոկրատական արմատներ ունի: Նրա նախնիները եղել են իշխաններ, գեներալներ ու եպիսկոպոսներ:

Իսկ ազգականներից մեկը եղել է  Մարսել Պրուստի «Կորսված ժամանակի փնտրտուքներում» հայտնի գործի գլխավոր հերոսի նախատիպը: Գրողը նրան համեմատում էր օպալ կիսաթանկարժեք քարի հետ, որն այժմ Վիկտուարի սիրելի քարերից է եւ այն հաճախ է օգտագործում իր զարդերի մեջ:

Վիկտուարը ժամանակին  Միկի Մաուսի ականջներ ամրացրած՝ «պայթեցնում» էր ֆրանսիական ակումբների պարահրապարակները, երազում սուրճ խմել Քրիստիան Դիորի հետ, ցուցադրում էր «Շանելի» զգեստները: Հետագայում նրա երազանքն իրականություն դարձավ:

kulturologia.ru-ն պատմում է, որ  Վիկտուարի համար ճաշակի մարմնացում է եղել հայրական տատիկը՝ Սիլվիա Հեննեսին, որը օրվա ընթացքում մի քանի շքեղ զգեստ էր փոխում, սիրում էր անկրկնելի զարդեր կրել: Նա յուրօրինակ ընկերուհիներ ուներ, ինչպես միլիոնատիրուհի Բարբարա Հատտոնը, որը սիրում էր ադամանդներով զարդարված շրջել,  Սիլվիա Հեննեսին ընկերություն էր անում նաեւ Քրիստիան Դիորի հետ: Այժմ Վիկտուարը ստեղծագործում է՝ ոգեշնչված կուտյուրիեի ընկերությամբ՞:

Նա զարդեր պատրաստել է հինգ տարեկանից եւ նվիրել հարազատներին, իսկ լուրջ զարդ ստեղծել է տասնինը տարեկանում, դա մի մատանի էր, որը մինչ օրս կրում է: Հենց այդ ժամանակ էլ նա վայելում էր իր քեռի Ժիլ Դյուֆուրի հովանավորությունը, որը հանրահայտ Կարլ Լագերֆելդի ընկերն էր:  Դյուֆուրը աղջկա համար գնում էր «հասուն» զգեստներ ու թանկարժեք կոշիկներ եւ նրան տանում էր Փարիզի ամենահայտնի ակումբները, որտեղից Վիկտուարը վերադառնում էր առավոտյան, սակայն ծնողները չէին զայրանում նրա վրա: Նրան ոգեշնչում էին պարերը, երաժշտությունը, աղմուկը, մարդկանց բազմությունը: Նա չէր օգտագործում ալկոհոլ, թմրանյութեր, չէր հաստատում կասկածելի կապեր, ուղղակի սիրում էր լավ հագնվել եւ լավ ժամանակ անցկացնել քեռու հսկողության ներքո:

1948 թվականին աղջիկը պրակտիկայի եկավ Chanel ու դարձավ Կարլ Լագերֆելդի մուսան: Սովորաբար կանանց հանդեպ անտարբեր հանրահայտ կուտյուրիեն սիրում էր շփվել երիտասարդ, տաղանդավոր, գեղեցիկ աղջիկների հետ եւ հայրություն անել նրանց նորաձեւության աշխարհում ճանապարհ հարթելիս: Վիկտուարը իր ստեղծած Chanel-ի զարդերով հանդես եկավ պոդիումին, իսկ 1998-ին արդեն  դարձավ  Dior-ի զարդերի առաջին ստեղծագործական տնօրենը: Նա համարվում է լյուքս դասի դիզայներ եւ նրա հռչակը տարածված է աշխարհով մեկ: Նա ձեռքով նկարում է իր զարդերի էսքիզները, որոնք վերածվում են չքնաղ զարդերի:

Վիկտուար դը Կաստելանը մի քանի անգամ խոստովանել է, որ կցանկանար նաեւ ռոք աստղ դառնալ, որովհետեւ երաժշտությունը նույնքան հարազատ է իր համար, որքան ոսկերչությունը:

Վերաձեւակերպելով  Կոկ Շանելի ասածը, նա նշում է, որ նորաձեւությունն անցողիկ է, ոճն է մնայուն եւ ոճը կարող է արտահայտվել անգամ մերկության մեջ: Վիկտուար դը Կաստելանը կարծրատիպեր է կոտրել ոսկերչական արվեստում ոչ միայն նրանով, նախկինում  դա կանացի մասնագիտություն չէր, այլեւ նրանով, որ  կիրառում է ամենատարբեր քարեր, ամենավառ գույներ, նրա զարդերը երբեմն  այնքան խոշոր են, որ ասես փոքրիկ քանդակներ լինեն: Վիկտուար դը Կաստելանը  աշխատում է օրական 24 ժամ, նա նկարահանվում է ֆիլմում, երաժշտություն ձայնագրում, ստեղծում իր զարդերը, կոմիքսներ նկարում: Չորս երեխա ունի երկու ամուսնություններից՝ ամուսնացած է եղել հավաքորդ Փոլ-Էմմանուել Ռեյֆերսենդի եւ նկարիչ Թոմ Լենտալի հետ:

Այսօր Dior նորաձեւության տունը կին է ղեկավարում՝ Մարիա Գրացիա Կյուրին: Ինչպես Գալիանոն եւ Սիմոնսը, նա եւս մեծ ազատություն է ընձեռել իր գործընկերոջը եւ  նպաստում է նրա՝ էլ ավելի հանրային դառնալուն: Ինչպես Վիկտուարը, Կյուրին եւս  նորաձեւությանը վերաբերվում է որպես  սիրելի խաղի:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930