«Մինչ մենք վերջին շաբաթներին ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում հանրայնորեն մի շարք աղմկահարույց քրեական գործերին, քաղաքական իրադարձություններին եւ ԱԺ-ում տեղի ունեցող գործընթացներին, կորոնավիրուսի համաճարակի իմաստով, ցավոք սրտի, նոր հակառեկորդներ ենք սահմանում»,-այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց՝ ցավոք, այսօր ՀՀ-ն մեկ միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով եւ ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում.«Սա մեծ խնդիր է մեզ համար, բայց կա շատ ավելի կարեւոր խնդիր, որից, մեր կարծիքով, բխում է այս երկրորդ խնդիրը՝ այս իրավիճակի գիտակցումը ՀՀ-ում չկա:
Որովհետեւ այս պայմաններում մեր երկրում պետք է լիներ մի իրավիճակ, երբ երեք միլիոն բնակչությունն ամբողջությամբ ամենօրյա ռեժիմով պայքարում է համավարակի դեմ: Ցավոք, այդպիսի իրավիճակ չունենք, ընդհակառակը շարունակում է ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի մասին, շատ դեպքերում շարունակվում է կյանքը բնականոն ընթանալ, դեմ չենք դրան, բայց հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ: Այսօր պարետատանը քննարկել ենք, եւ եկել այն եզրակացության, որ չունենք այլընտրանք, եւ առաջիկայում պետք է գնանք հակահավաճարակային կանոնների խստացման»:
Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ արեց խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակներ, ձեռքերը պարբերաբար ախտահանել, պահպանել սոցիալական հեռավորություն.«Այսօր մեր ուղերձը սա է: Այո, մենք սխալներ արել ենք, երեւի կազմակերպչական,կառավարման մակարդակի սխալներ էլ ենք արել եւ հիմա մենք գնում ենք այդ սխալներն ուղղելու ճանապարհով, բայց ամեն մեկս պետք է սխալը ուղղենք: Ամեն մեկս եկեք մեր սխալն ուղղենք հանուն մեր պետության եւ հանուն մեր ժողովրդի»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ