Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կտրականապես համաձայն չեմ վարչապետի հետ…բացառված չէ, որ վարչապետն ուղղակի էմոցիոնալ գնահատական է տվել». Աշոտ Մելիքյան

Հունիս 26,2020 22:00

ԱԺ-ում 2019-ի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Արտակարգ դրության պայմաններում, երբ կորոնավիրուսի հետ կապված խոսքի ազատության սահմանափակումներ էին մտցվել, գուցե ձեր քննադատությանը, մարդու իրավունքների պաշտպանի հորդորներին, նաեւ այլ հորդորների մենք ականջալուր լինելով, նաեւ ելնելով այն կանխավարկածից, ասելով, ի վերջո սա համազգային հարց է, կառավարություն-ընդդիմություն հարց չէ, հանեցինք խոսքի ազատության սահմանափակումները կորոնավիրուսի հետ կապված: Եվ տեսեք, թե ինչ սկսեց դրանից հետո:

Եվ այսօրվա իրավիճակի կարեւորագույն պատճառներից մեկը հենց դա է, որ ասում եք՝ ի՞նչ եք սխալ արել, հենց դա ենք արել սխալ, ձեր հորդորներով, նաև ժողովրդավարական կառույցների հորդորներով»:

Aravot.am-ի հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այս առնչությամբ ասաց. «Ես կտրականապես համաձայն չեմ վարչապետի հետ: Ես համոզված եմ, որ այն քայլը, որ սահմանափակումները վերացրեցին, շատ ողջամիտ էր եւ անհրաժեշտ: Ավելին՝ սխալ քայլ էր 4 կետը մտցնել եւ ԶԼՄ-ներին արգելել ու սահմանափակումների ենթարկել: Կարծում եմ, որ հակառակը, շատ ողջունելի է, որ իշխանությունները արիություն գտան իրենց մեջ, ընդունեցին իրենց սխալը եւ ուղղեցին այն: Սկզբից մեղմացրեցին, հետո առհասարակ չեղարկեցին սահմանափակումները: Դա ճիշտ քայլ էր, քանի որ միջազգային պրակտիկայում էլ մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսով պայմանավորված որեւէ սահմանափակում չեն կիրառում ԶԼՄ-ների գործունեության հետ կապված»:

Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ միտում է նկատվել՝ ավտորիտար երկրներում են իշխանությունները համավարակն օգտագործում՝ լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու համար, այսինքն, դա պատրվակ են դարձնում ու շատ կարեւոր է, որ մեր երկրի իշխանությունները ձեռնպահ մնացին այդ քայլից. «Թե ինչու է վարչապետը համարում, որ սխալ են եղել, չգիտեմ, որովհետեւ եթե ուղիղ կապ փնտրենք համավարակով վարակվելու եւ ԶԼՄ-ների գործունեության մեջ, դժվար է ցույց տալ, թե որ հրապարակումերի պատճառով համավարակը էլ ավելի շատ տարածվեց: Դա շատ արհեստական կապ է ու բացառված չէ, որ վարչապետն ուղղակի էմոցիոնալ գնահատական է տվել: Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ եւ համարում եմ, որ այս պայմաններում ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակելն անիմաստ է: Ուրիշ հարց է, որ եթե ԶԼՄ-ների գործունեության մեջ որեւէ օրենքի խախտում են նկատում, իսկ դա երեւում է, տարբեր հրապարակումների մեջ ե՛ւ զրպարտություն կա, ե՛ւ միակողմանի լուսաբանում, դա ուրիշ թեմա է, բայց եթե մենք խոսենք լրացուցիչ պաշտոնական սահմանափակումների մասին, ապա դա ուղղակի անընդունելի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930