Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկ Կարեն Տոնոյան. «Մենք դեռ չգիտենք, մեր երեխաները, որոնք թեթեւ են հիվանդանում, վաղն ինչ կլինի նրանց հետ»

Հունիս 26,2020 20:50

«Սկզբնական շրջանում շատ դժվար էր, անծանոթ հիվանդություն էր, չգիտեինք ինչպես պայքարել դրա դեմ: Փորձում էինք կարդալ, ճանաչել հիվանդությանը, իմանալ վտանգավոր եւ թույլ կողմերը: Սակայն առաջին տեսնելիս՝ կարծես խուճապի մատնվեցինք, փորձեցինք մեզ հավաքել, բայց հիվանդությունը շատ դաժան է»,-այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդունելության բաժնի վարիչ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանը:

Նրա խոսքերով՝ կորոնավիրուսը որքան արագ տարածվում է, այդքան արագ կարողանում է վնաս հասցնել մարդկանց առողջությանը.«Ժամերի ընթացքում իր ոտքով հիվանդանոց եկած հիվանդը կարող է առողջական շատ ծանր խնդիր ունենալ: Շատ դժվար է եւ այդպիսի մի դժվար օր ես նույնպես վարակվեցի, ունեցա ախտանիշներ, թեստս դրական էր, շատ էի ընկճվել, բայց ընկճվել էի ինձ զգալով դասալիք: Իմ ընկերները մարտի դաշտում կռվում էին, իսկ ես հիվանդասենյակում էի: Ես նաեւ գիտակցում էի, որ ես իրենց համար էլ էի վտանգավոր»:

Բժիշկն ասաց, որ ապաքինվել է, հաղթահարել հիվանդությունը.«Բայց ես ինձ հաղթած չեմ զգում: Ես կհաղթեմ այն ժամանակ, երբ մեր երկրում կորոնավիրուսով գեթ մեկ հիվանդ չի լինի: Այս հիվանդությունը խաղ եւ հումոր չէ, սոցցանցերում շոուներ անելու թեմա չէ, այս հիվանդությունը ընտանիքներ է դժբախտացնում:

Խնդրում եմ ձեզ՝ պայքարեք այս հիվանդության դեմ,մի բաժանվեք խմբերի, եղեք մեկ ամբողջ ամուր բռունցք, ինչպես մեր զինվորներն էին կանգնած սահմանին: Ժողովուրդը պետք է բժիշկների հետ պայքարենք եւ հաղթենք այս դաժան պատերազմում: Խնդրում եմ,կրեք դիմակներ, ճիշտ կրեք: Մենք դեռ չգիտենք, մեր երեխաները, որոնք թեթեւ են հիվանդանում, վաղն ինչ կլինի նրանց հետ: Խնդրում եմ, ախտահանեք ձեռքերը օրը հազար անգամ, միլիոն անգամ, պաշտպանեք ձեզ եւ մեր մեծերին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930