«Շաբաթներ առաջ կորոնավիրուսով վարակվեց գրեթե իմ ամբողջ ընտանիքը՝ հայրս, մայրս, եղբայրս, երեխաներիս մայրը, դուստրս, զոքանչս, մյուս եղբորս ընտանիքը, անգամ իրենց փոքր հասակի դուստրը: Եղբայրս գտնվում է հիվանդանոցում, երեխաներիս մայրը նոր է դուրս գրվել հիվանդանոցից: Մյուս հարազատներս բուժում են ստանում տանը»,-այսօր այս մասին ասաց «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, որը վարչապետի հետ մասնակցում էր պարետատան նիստից հետո ճեպազրույցին:
Արմեն Մարտիրոսյանի հայրը օրերս է մահացել կորոնավիրուսից:
Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ ծնողների հետ չի շփվել 4,5 ամիս, սակայն չի կարողացել ապահովել, որպեսզի այլ անձինք չշփվեն նրանց հետ. «Եվ փաստորեն, այդ իմ չապահովելը բերել է նրան, որ մերոնք շփվել են վարակակիրների հետ եւ հիվանդացել՝ առանց պահպանելու բոլոր կանոնները: Իմ օրինակը փաստում է, որ եթե անգամ մենք անձամբ պահպանում ենք սահմանված կանոնները, դրանով խնդիրը չենք լուծում, քանի դեռ հանդուրժում ենք այն մարդկանց, ովքեր չեն պահպանում»:
Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ բոլոր այն մարդիկ, որոնք ասում են՝ կորոնավիրուս չկա կամ անվտանգ է, նույնն է, թե ասեն՝ ապրիլյան պատերազմին հարձակվող ադրբեջանցի զինվորը կամ անօդաչու թռչող սարքն անվտանգ են:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ