Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Այսօր չենք կարողանում ապահովել հակահամաճարակային կանոնների համընդհանուր պահպանումը»

Հունիս 26,2020 20:10

«Մենք միշտ ունենք տնտեսական, առողջապահական, սոցիալական խնդիրների միջեւ ճիշտ բալանս պահելու անհրաժեշտությունը: Ապրիլին 70 հազար աշխատատեղ է փակվել, եւ  մեզ համար ակնհայտ էր՝  եթե այդ ռեժիմը շարունակվի, մենք կարող ենք իսկապես սոցիալական կոալպսի առաջ կանգնել, մեզ համար ակնհայտ էր, որ պետք է առավելագույնն անենք կորոնավիրուսի հետ համատեղ ապրելու հմտություն ձեռք բերելու համար»,-այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի բյուրոյի ղեկավարը հայտարարել է՝ Եվրոպայի 11 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման ցուցանիշներն այնքան մտահոգիչ են, որ եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն, առողջապահական համակարգերը կոլապսի առաջ կկանգնեն, ընդ որում, ԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել, որ ԵՄ-ում վիրուսի ակտիվ տարածումը նաեւ կապված է սահմանափակումների մեղմացմամբ, արդյոք Հայաստանում համավարակի դեմ մեթոդներն արդյունավե՞տ են:

Վարչապետը հիշեցնելով օրերս ԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը, ասաց.«Ես փորձեցի նրանց գնահատականը լսել մեր կողմից ձեռնարկված կանոնների մասին: Մենք արձանագրեցինք՝ կանոնները հիմա ունիվերսալ են, խնդիրը՝ կանոնների որակյալ պահպանումն է: Եվ նույնիսկ մեզ ոչ մի նոր ռեկոմենդացիա  չի տրվել: Դրանք ճշգրիտ նույնն են՝ դիմակ կրել, սոցիալական հեռավարություն պահել, ձեռքերը ախտահանել: ԱՀԿ ներկայացուցիչն այսպիսի արտահայտություն արեց՝ այս պահին, ցավոք սրտի, չունենք պատվաստանյութ, հայտնի չէ, թե  երբ կունենանք, մինչեւ չկա իրական արդյունավետությունը ապացուցող պատվաստանյութ, պատվաստանյութը մնում է դիմակը:  Մենք այսօր ունենք այն կանոնները, որը պետք է ունենանք: Խնդիրն այդ կանոնները աներկբա պահպանելն ու  ապահովելն է: Այսօր դա չենք կարողանում ապահովել: Երբ ես տեսնում եմ, որ մարդն առանց դիմակի քայլում է, այստեղ է խնդիրը, պետք է հասկանանք՝ ինչպե՞ս այդ քաղաքացուն խնդրենք անհրաժեշտության դեպքում պարտադրենք, որ կրի: Մեծագույն խնդիրը բակերն ու բակային տարածքներն են, հուղարկավորությունները, հոգեհանգստյան արարողությունները: Այստեղ պետք է  յուրաքանչյուր մարդ, որը ներգրավված է, անհատական վարքագիծը փոփոխի»:

Կառավարության ռազմավարությունը, ինչպես ասաց վարչապետը, առավելագույնս բարձր որակով կարողանանք կորոնավիրուսի հետ համատեղ ապրել՝  կանոնների համընդհանուր պահպանմամբ.«Բայց մենք երբեք չենք բացառել, որ կարող է մի իրավիճակ լինել, երբ մենք նորից գնանք համընդհանուր սահմանափակումների, հասկանալով, որ դա կարող է ջարդել մեր տնտեսության ողնաշարը, բայց մարդկանց կյանքերը փրկելու այլ տարբերակ չլինի»:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլորին միանալ հակահամաճարակային շարժմանը, դառնալ դրա ակտիվիստ եւ  քաջալերի դիմակ կրել, քարոզչություն տանի, եթե հարկ լինի՝ ամոթանք տա դիմակ չկրող անձին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930