Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է «Բիլայնի» գլխամասային գրասենյակի աշխատանքը եւ դպրոցի շինարարությունը․ ԱԱՏՄ

Հունիս 26,2020 21:01

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր 24 ժամով կասեցրել է «Բիլայն» ընկերությանը պատկանող «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակի եւ սպասարկման գրասենյակներից մեկի գործունեությունը։ Կասեցման որոշումը պարետինն է, հիմքում՝ ԱԱՏՄ արձանագրած խախտումները։

ԱԱՏՄ աշխատանքային թիմն այսօր ՀՀ պարետի որոշմամբ Երեւանում կասեցրել է նաև Ներսիսյան 3 հասցեում «ՀիդրոԷնշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվող դպրոցի շինարարական աշխատանքները։ Նախորդիվ այստեղ անակնկալը ստուգայցը պարզել էր, որ շինարարության ընթացքում չեն պահպանվում ոչ միայն պարետի սահմանած հակահամաճարակային, այլեւ շինարարական անվտանգության նորմերը։

Մասնավորապես, փակ աղբամանների բացակայության պատճառով վտանգավոր թափոններ համարվող օգտագործված ձեռնոցները եւ դիմակները նետված են եղել շուրջբոլորը, ապահովված չեն եղել լվացման և ընդմիջման համար պատշաճ պայմաններ։ Նկատվել են նաեւ խմիչքի շշեր, մինչդեռ ալկոհոլի օգտագործումը շինաշխատանքների ընթացքում խստիվ արգելված է, քանի որ կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ։
ՀՀ ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ Աշոտ Հարությունյանը տնտեսվարողի ուշադրությունն է հրավիրել խախտումների վրա։ Կարգադրվել է անմիջապես շտկել դրանք, այլապես կկիրառվեն վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ։

Կասեցման աշխատանքներին զուգահեռ՝ ԱԱՏՄ աշխատանքային մյուս թիմերը հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նաև անակնկալ ստուգայցեր, մշտադիտարկումներ են իրականացնում։ Ստուգայցերն ուժեղացված ռեժիմով այսօր Արաբկիրում են։ Նաեւ կրկնակի դիտարկումներ են անցկացվում այն տնտեսվարողների մոտ, որոնք օրեր առաջ կասեցվել են խախտումների պատճառով։ Խնդիր է դրված պարզել՝ վերացվե՞լ են արդյոք կասեցման պատճառ դարձած խախտումները։ Եթե ոչ՝ վարչական առավել խիստ միջոցներն անխուսափելի են։ «Ստուգայցերը կրկին խախտումներ արձանագրում են»,-փաստում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը։ Բայց դինամիկան, ըստ նրա, դրական է․ խախտումները զգալիորեն նվազել են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930