«Գոլոս Արմենի» թերթի խմբագրությունից հայտնում են, որ հրատարակության կայքը (golosarmenii.am) հունիսի 26-ի վաղ առավոտյան կոտրել են:
Չնայած մասնագետների ջանքերին՝ դեռ հնարավոր չէ վերականգնել կայքի բնականոն աշխատանքը, դրա վերականգնման մոտավոր ժամկետները նույնպես պարզ չեն:
Ավելի վաղ կայքը նույնպես ենթարկվել էր տարբեր գրոհների, բայց հնարավոր էր եղել վերսկսել աշխատանքը համեմատաբար կարճ ժամանակահատվածում:
«Դեպքի պատճառների վերաբերյալ մենք դեռ չունենք ճշգրիտ տվյալներ և կապ ենք հաստատել պատկան մարմինների հետ: Միևնույն ժամանակ, մենք չենք բացառում, որ գրոհը կարող էր իրականացվել ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին ուժերի կողմից:
Մենք ներողություն ենք խնդրում մեր ընթերցողներից և հավաստիացնում, որ հնարավոր ամեն ինչ արվում է կայքի արագ վերականգնման համար», – ասված է թերթի խմբագրության տարածած հաղորդագրությունում: