Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր՝ 2020 թ. մարտի 16-ից, ՀՔԱՎ գրասենյակը տարաբնույթ զանգեր է ստանում սոցիալապես խոցելի խմբերի քաղաքացիներից՝ հաշմանդամություն ունեցողներ, թոշակառուներ, տարեցներ և այլն: Գրասենյակ ահազանգող քաղաքացիները տեղեկացնում են, որ կորոնավիրուսի պատճառով հայտնվել են սոցիալական ծանր կացության մեջ և որևէ աջակցություն չեն ստացել։ Քաղաքացիների շրջանում աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկության պակասը լրացնելու, տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու, հետաքրքրող հարցերի շուրջ պարզաբանումների և համապատասխան կառույցներ ուղղորդելու նպատակով 2020 թ. հունիսի 10-ին ՀՔԱՎ գրասենյակը գրությամբ դիմել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Նախարարությունից հայցել էր տեղեկություններ այն մասին, թե համավարակի ժամանակահատվածում ինչ քայլեր են ձեռնարկվում եկամտի հիմնական աղբյուրն ու աշխատատեղը կորցրած քաղաքացիների նվազագույն պարենային ապահովումը կազմակերպելու, Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շահառու չհանդիսացող ընտանիքների սոցիալական վիճակը մեղմելու ուղղությամբ։
ՀՔԱՎ գրասենյակը խնդրել էր տրամադրել նաև տեղեկություններ սոցիալական, այդ թվում և՝ պարենային ապահովման ծրագրերն իրականացնող կազմակերպությունների մասին, թե ֆինանսական ի՞նչ միջոցների հաշվին են դրանք իրականացվում։ Ինչքանո՞վ են նախարարությունը, մարզպետարաններն ու տեղական ինքնակառավարման մարմինները ներգրավված սոցիալական ծրագրերի իրականացման մեջ և ի՞նչ չափանիշներով են ընտրվում աջակցության ծրագրերի շահառու ընտանիքները։
Այս ամենից զատ, ՀՔԱՎ գրասենյակը նախարարությունից խնդրել էր տեղեկություններ նաև պարենային աջակցության ծրագրերից օգտված քաղաքացիների թվի ու սոցիալական աջակցության տրամադրման խնդիրներով զբաղվող կազմակերպությունների վերաբերյալ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համապարփակ տեղեկություններ է տրամադրել ՀՔԱՎ գրասենյակին՝ սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ, ներկայացնելով նաև համագործակցող կառույցների ցանկն ու իրականացվող ծրագրերի շահառուների թիվը:
Կարդացեք նաև
ՀՔԱՎ