Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ 3 դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները պետք է կատարվեն հաջորդաբար Կառավարության, Հանրապետության նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից երկամսյա ժամկետում. ԱԺ

Հունիս 26,2020 18:07

2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ են մտել 2020 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները: ՀՀ Սահմանադրության 213 հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ․ «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է» (հոդված 213 1-ին մաս):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորների (անդամների) անձնական գործերը պահվում ու վարվում են ՀՀ Ազգային ժողովում, և ուսումնասիրելով նշված գործերում առկա փաստաթղթերը, հայտնում ենք, որ նշված կանոնակարգումներով դադարել է Սահմանադրական դատարանի հետևյալ դատավորների (անդամների) պաշտոնավարումը.

Հրանտ Արայի Նազարյան, որի Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը մինչև 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 24 տարի։

Ֆելիքս Պապինի Թոխյան, որի Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը մինչև 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 22 տարի:

Ալվինա Բալաբեկի Գյուլումյան, որի Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը մինչև 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 12 տարի։

ՀՀ Սահմանադրության 213 հոդվածի 3-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանի երեք դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները պետք է կատարվեն հաջորդաբար Կառավարության, Հանրապետության նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից երկամսյա ժամկետում, որը սկսում է հոսել 2020թ. հունիսի 27-ից:

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Սահմանադրության հոդված 213 4-րդ մասի համաձայն դադարել է Հրայր Վարդանի Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում: ՀՀ Սահմանադրության 13 հոդվածի 4-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվի Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, ընտրությունը պետք է իրականացվի Սահմանադրական դատարանի դատավորների առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո։

Հաշվի առնելով այն փաստը, որ Սահմանադրական դատարանի նախագահ դեռևս ընտրված չէ, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Ալվինա Բալաբեկի Գյուլումյանի՝ որպես ՀՀ սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը ՀՀ Սահմանադրության հոդված 213 1-ին մասի ուժով ավարտվել է և պաշտոնավարումը դադարել է, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները իրականացվելու են Սահմանադրական դատարանի դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից: 2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՀՀ սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է՝ ծնված 1962թ. սեպտեմբերի 10-ին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930