Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի ասածը կարող եմ բացատրել այն ձգտմամբ, որ բացառվելու է քրեաօլիգարխիկ ուժերի վերադարձը». Նարինե Դիլբարյան

Հունիս 26,2020 17:46

«Եթե ժողովրդավարության տիրույթում դիտարկենք, ապա, առհասարակ, որեւէ խորհրդարանում տեղ գտնելու համար ժողովրդի աջակցությունն է պետք. ժողովուրդն է որոշելու, թե գալիք խորհրդարանում ինչպիսի քաղաքական ուժեր պետք է տեղ գտնեն, բայց գաղափարական առումով ընտրազանգվածին միշտ էլ կողմնորոշում են, ուստի, իմ կարծիքով՝ Փաշինյանի հիմնական միտքն այն է, որ պետք է ձեւավորվի հեղափոխության արժեքների անշրջելիությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ նիստում վարչապետի արտահայտած հետեւյալ համոզմունքին՝ «հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այն ուժերը, որոնք 2018թ.-ին պաշտպանել են ժողովրդական հեղափոխության արժեքները»:

«Ի վերջո, 2018թ.-ին տեղի ունեցած փոփոխությունները ցույց տվեցին, որ Հայաստանում երկարաժամկետ ոչ ժողովրդավարական եւ քրեաօլիգարխիկ համակարգի հաստատումը հասցրել էին ցասումի բարձր աստիճանի: Փաշինյանի ասածը կարող եմ բացատրել այն ձգտմամբ, որ բացառվելու է քրեաօլիգարխիկ ուժերի վերադարձը»,-նշեց Նարինե Դիլբարյանը՝ միաժամանակ շեշտելով, որ քաղաքական ուժերի առաջ կանաչ ճանապարհ են բացում նրանց գործունեությունն ու հանրությունը, որն ընտրելու է նրանց:

Նարինե Դիլբարյանի խոսքով՝ ժողովրդավարության դասական մոտեցմամբ ընտրվում են նրանք, ում ձայն են տալիս. «Չեմ ուզում Փաշինյանի ասածներում հակաժողովրդավարական եւ վիրավորական բան տեսնել: Գուցե դա թիրախավորված է հնչում եւ կարող է ընկալվել, թե մեկ ուժ է որոշում՝ ով խորհրդարան մտնի, իսկ ով՝ ոչ, բայց կարծում եմ, որ այս պարագայում Փաշինյանն ուզում էր նշյալ անշրջելիությունը նկարագրել՝ փորձելով ցույց տալ, որ հայ հասարակության մեջ չի կարող լինել անցյալին վերադարձ: Ճիշտ է, իրենց գործունեության պատճառով մեր քաղաքական դաշտը պարփակվեց սեւերի եւ սպիտակների տխուր գունապնակում, թեեւ կան նաեւ մասամբ սեւ եւ սպիտակ ու շատ պայծառ քաղաքական ուժեր: Այս ճգնաժամային իրավիճակում դա կոչ էր, որ անցյալին վերադարձ չի լինելու, որովհետեւ, ցավալիորեն, նաեւ ներկա իշխանության թույլ տված սխալների պատճառով, մենք անցյալի ուրվականների մասին ենք խոսում, ոչ թե գալիքի տեսլականների: Մյուս կողմից, հեղափոխության արժեքները չեն կարող պատկանել 1 կամ 2 կուսակցության. ժողովրդավար, իրավական, ազգային պետության կազմավորումը հանրության մեծ շերտերի գաղափարն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930