Օրերս ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ Վահան Կոստանյանը ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից եւ նշանակվել խորհրդական:
Դեռեւս տարիուկես առաջ Aravot.am-ի հետ զրույցում Վահան Կոստանյանն ասել է, որ Ազգային ժողովում էլ գիտությամբ կզբաղվի եւ եթե սահմանված ժամկետում չպաշտպանի թեկնածուական ատենախոսությունը, անպայման բանակ կգնա:
Aravot.am-ը Վահան Կոստանյանից, արդեն նոր պաշտոնում, կրկին հետաքրքրվեց՝ գրո՞ւմ է ատենախոսությունը, ի՞նչ թեմայով է այն եւ ո՞վ է գիտական ղեկավարը: «Ատենախոսությունը վերաբերում է այրում էթնիկ խմբին: Գիտական ղեկավարը Վարդան Ոսկանյանն է: Նախատեսված կարգով ընթանում է գործընթացը»,-ասաց ԱԺ նախագահի խորհրդականը: Սակայն դժվարացավ ասել, թե երբ պատրաստ կլինի:
Հետաքրքրվեցինք՝ կարողանո՞ւմ է զուգահեռել քաղաքական ու գիտական գործունեությունները, գիտության համար ժամանակ մնո՞ւմ է, Վահան Կոստանյանը հակիրճ պատասխանեց. «Այո, այլ մեկնաբանություն չունեմ, շնորհակալ եմ»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը կապվեց նաեւ ԱԺ «Իմ քայլ»-ական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որի՝ ԿԳ նախարարի տեղակալ եղած տարիներին է Վահան Կոստանյանին տարկետում տրամադրվել, որով նա ազատվել է զինվորական ծառայությունից՝ գիտությամբ զբաղվելու համար, ինչն առաջացրել էր այլ ուսանողների դժգոհությունը, որոնք վիճարկելով գործընթացի օբյեկտիվությունը՝ բաց նամակով դիմել էին Հովհաննես Հովհաննիսյանին:
Պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ փոխնախարարի պաշտոնում ինքը եղել է տարկետում շնորհող հանձնաժողովի անդամ, իր պաշտոնավարման ժամանակ է Վահան Կոստանյանն ազատվել բանակից, տեղեկություններ ունի՞ Կոստանյանն արդյոք այս պահին գիտությամբ զբաղվո՞ւմ է, թե՞ ոչ:
«Հանձնաժողովը բաղկացած էր 30 անդամից ու տարկետում է տրամադրել մոտ 200 ուսանողի։ Ես չեմ կարող հետաքրքրվել բոլոր ուսանողների գիտական առաջընթացով»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Վահան Կոստանյանի ֆեյսբուքյան էջից