Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության որևէ ներկայացուցիչ չի կարող սահմանափակել ակադեմիական ազատություններն ու ազատ միտքը բուհական համակարգում. ԵՊՀ գիտական խորհրդի հայտարարությունը

Հունիս 26,2020 17:31

ԵՊՀ-ն մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում հունիսի 24-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Լ. Բադալյանի՝ ԱԺ ամբիոնից բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատող դասախոսների հասցեին արված ոչ կոռեկտ արտահայտությունների առթիվ

Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով՝ ԵՊՀ գիտական խորհուրդը ընդունում է հետևյալ հայտարարությունը.

Երևանի պետական համալսարանն իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում հունիսի 24-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Լ. Բադալյանի՝ ԱԺ ամբիոնից բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատող դասախոսների հասցեին արված ոչ կոռեկտ արտահայտությունների առթիվ։ Պատգամավորը, ԿԳՄՍ նախարարի ուշադրությունը հրավիրելով իր բնութագրմամբ՝ «վերահսկողությունից դուրս գտնվելուց» օգտված դասախոսների վրա, նախարարին կոչ արեց «մաղել նրանց»:

Ցանկանում ենք հիշեցնել, որ ԵՊՀ-ն բոլոր իշխանությունների ժամանակ եղել է ազատ մտքի և գործունեության միջավայր ու իշխանության որևէ ներկայացուցիչ չի կարող սահմանափակել ակադեմիական ազատություններն ու ազատ միտքը բուհական համակարգում։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ԵՊՀ-ն անընդունելի է համարում Ազգային ժողովի ամբիոնից այլակարծությունը սահմանափակող, դասախոսների հասցեին կոպիտ ու վիրավորական արտահայտությունները։

Պատգամավորի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ որոշ մասնագիտությունների պարագայում (իրավագիտություն, քաղաքագիտություն, պատմություն և այլն) օբյեկտիվ անհրաժեշտություն են քաղաքական, պատմական, իրավական գործընթացների զուգահեռների անցկացումը, քննադատական վերլուծությունը։ Սակայն դրանք պետք է լինեն ապաքաղաքական և միտված լինեն ուսանողի քննադատական մտածողության և վերլուծելու կարողությունների զարգացմանը:

Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի հնչեցրած մեղադրանքներին՝ որոշ դասախոսների կողմից հակաօրինական գործունեությամբ զբաղվելու մասով, ապա պահանջում ենք իրավապահ մարմիններից այս հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և օբյեկտիվ քննության միջոցով պարզել հնչեցրած հայտարարությունների հիմնավորվածությունը՝ կողմերի համար դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով։

Ամփոփելով վերոնշյալը՝ հորդորում և պահանջում ենք զերծ մնալ բուհական համակարգի և ոլորտի աշխատակիցների պատիվն ու հեղինակությունն արատավորող անհիմն, վիրավորական որակումներից և անհասցե մեղադրանքներից, հարգել բազմակարծությունը և ակադեմիական ազատությունները։

Ընդունվել է ԵՊՀ գիտական խորհրդի 26.06.2020 թ. թիվ 16 նիստում

ԵՊՀ գիտական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930