Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսալսողական մեդիայի մասին նոր օրենքի ընդունմամբ վերահեռարձակողներն ու սպառողները խնդիրների կբախվեն. «Հայաստանի օպերատորների միություն»

Հունիս 26,2020 17:28

Ազգային Ժողովում այժմ քննարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման հարցը: «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ը, որին անդամակցում են հեռահաղորդակցության ոլորտի թվով 28 ընկերություններ, հայտնել է իր մտահոգությունները եւ նկատառումները:

Միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը ներկայացրել է ոլորտում գործունեություն ծավալող օպերատորների կողմից արված դիտարկումները եւ մատնանշել թերությունները:

-Նախքան Նախագծի մշակումը Հայաստանի օպերատորների միությունն ի՞նչ առաջարկներ է ուղարկել կարգավորող մարմնին եւ օրենսդրին:

-«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն դեռևս 1.5 տարի առաջ նախաձեռնել էր հեռահաղորդակցության և թվային բովանդակության ստեղծման ու տարածման ոլորտներին առնչվող իրավական դաշտի և կարգավորումների վերանայման, արդիականացման ուղղությամբ աշխատանքներ:

Ներկայումս ոլորտը կարգավորող իրավական ակտերն ընդունվել են ավելի քան մեկ տասնամյակ առաջ («Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենք ընդունված 2005թ., «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենք ընդունված 2000թ., «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենք ընդունված 2000թ. և այլն) և այս տարիների ընթացքում առաջացել են ոլորտի կարգավորման հետ կապված մի շարք բացեր՝ պայմանավորված ոլորտի զարգացումներով և տեխնոլոգիաների փոփոխություններով:

Առաջացած մարտահրավերներին լուծումներ տալու համար Միությունը կազմակերպել է բազմաթիվ հանդիպում քննարկումներ անդամ ընկերությունների հետ, ուղարկել է հարցումներ նաև Միությանը դեռևս չանդամակցող, սակայն ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին, հավաքագրել այն բոլոր իրավական խնդիրները,  որոնց բախվում են կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում:

Քննարկումների արդյունքում Միությունը պատրաստել է Օրենսդրական փոփոխությունների նախագիծ և մոտ մեկ տարի առաջ ներկայացրել Բարձր տեխնոլոգիաների նախարարություն և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով: Այս ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ իրավասու մարմինների հետ, որտեղ ներկայացվել և հիմնավորվել են Ցանցային օպերատորների միասնական կարծիքը և առաջարկները:

Միությունը նաև ակտիվ մասնակցել է այս պահին շրջանառության մեջ դրված «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին, բարձրաձայնել օպերատորների կարծիքը և առաջարկները թե Ազգային ժողովում տեղի ունեցած օրենքի հանրային լսումների և թե բազմաթիվ առանձին հանդիպումների ժամանակ:

-Ի՞նչ խնդիրների են բախվում մալուխային հեռարձակողները տեղական հեռուստաալիքների վերահեռարձակման ժամանակ:

-Լրջագույն խնդիրների են բախվում: Ստացվում է այնպես, որ խոշոր կաբելային հեռարձակողները կարողանում են բարձր գին վճարելով բացառիկ պայմանագրեր կնքել հանրապետական սփռում ունեցող եթերային հեռարձակողների հետ՝ զրկելով մյուսներին տվյալ հեռուստածրագիրը վերահեռարձակելու հնարավորությունից կամ տվյալ հեռուստածրագիրը վերջիններիս տրամադրվում է խտրական պայմաններով և բարձր վճարների դիմաց: Այս ամենի հետևանքով տուժում են ոչ միայն մալուխային հեռարձակողները, այլև բաժանորդները, քանի որ կամ զրկվում են տվյալ հեռուստածրագիրը ընդունելու հնարավորությունից, կամ ավելի բարձր բաժանորդային վարձ են վճարում տվյալ հեռուստածրագրերը դիտելու համար: Հանրապետական սփռում իրականացնող եթերային հեռուստաընկերությունների և խոշոր ցանցային օպերատորների միջև նման հակամրցակցային համաձայնությունները կանխելու և այս ոլորտում անհավասար տնտեսական մրցակցությունը բացառելու, մեր սպառողին տեղական հեռուստածրագրերը ընդունելու հնարավորությունից չզրկելու նպատակով շատ կարևոր ենք համարում հանրային մուլտիպլեքսում ներառված հեռուստածրագրերը պարտադիր անվճար հիմունքներով ցանցային օպերատորներին տրամադրելու  դրույթը Նախագծում վերականգնելը:

Բացի վերը նշված խնդիրներից, սոցիալական կամ պարտադիր հեռուստածրագրերի փաթեթ չսահմանելը լի է նաև այլ վտանգներով: Օրինակ՝ պատկերացրեք ցանցային օպերատորները կարող են համաձայնություններ կնքել և հրաժարվել տեղական որևէ հեռուստաալիքի համար վճարելուց և վերահեռարձակելուց: Նման համաձայնությունները կհանգեցնեն նրան, որ հայրենական տեսալսողական տեղեկատվությունը դուրս կմղվի ցանցային օպերատորների փաթեթներից՝ իր տեղը զիջելով ամբողջությամբ օտարերկրյա տեսալսողական տեղեկատվությանը, ինչը ևս ընդունելի չէ տեղեկատվական անվտանգության նկատառումներով:

Նախագծի սկզբնական տարբերակը նախատեսում էր դրույթ՝ համաձայն որի հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերը իրենց վերգետնյա հաճախությունների սփռման տարածքներին համապատասխան հեռարձակման իրավունքով անվճար տրամադրվում են ցանցային օպերատորներին: Ցանցային օպերատորները պարտավոր են հեռարձակել իրենց՝ անվճար հեռարձակման իրավունքով տրամադրված տեսալսողական ծրագրերը: Սակայն, Նախագծի լրամշակված տարբերակում հիշյալ դրույթը ստացել է այլ բովանդակություն, համաձայն որի Հանրային հեռարձակողները, այսինքն` միայն հանրային հեռուստաընկերություններն ունեն պարտավորություն ցանցային օպերատորներին անվճար տրամադրել իրենց տեսալսողական ծրագրերի հեռարձակման իրավունք:

Այսինքն, այն բազմաթիվ և լրջագույն խնդիրները, որոնք առկա են մալուխային օպերատորների կողմից տեղական հեռուստաալիքների վերահեռարձակման հետ կապված, մնում են չլուծված: Նախքան Նախագծի մշակման աշխատանքները սկսելը մեր կազմակերպությունը բազմիցս բարձրաձայնել է այդ խնդիրների մասին և ներկայացրել առաջարկ այսպես կոչված «սոցիալական փաթեթ» կամ «պարտադիր հեռուստածրագրերի փաթեթ» հասկացությունները, որոնք վաղուց կիրառվում են առաջադեմ եվրոպական և այլ  երկրների կողմից, մեր օրենսդրության մեջ ներդնելու վերաբերյալ: Քննարկումների ընթացքում մեր առաջարկները հավանության են արժանացել ինչպես օրենսդիր մարմնի, այնպես էլ հեռուստատեսության և ռադիոյի բնագավառը կարգավորող պետական մարմնի ներկայացուցիչների կողմից: Նախագծի սկզբնական տարբերակում, տվյալ խնդիրը լուծված էր և հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող բոլոր ալիքները հասանելի էին դառնում նաև կաբելային վերահեռարձակողներին, սակայն լրամշակված տարբերակում այդ դրույթի նման խմբագրումը մեզ անակնկալի բերեց:

Հետևաբար, մեր կարծիքով Նախագծի 45 հոդվածի 3-րդ մասի նման կերպ լրամշակումը բխում է բացառապես մեկ կամ երկու եթերային հեռուստաընկերությունների շահերից՝ ոտնահարելով ցանցային օպերատորների և սպառողների շահերը:

-Նախագծի 6-րդ հոդվածը նախատեսում է, որ տեղեկատվության լեզուն հայերենն է, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Մալուխային հեռարձակողները արդյո՞ք կարող են ապահովել բոլոր ծրագրերի հայերեն թարգմանությունը:

-Բնականաբար, դա անհաղթահարելի պահանջ է, ինչն էլ իր հետ կբերի շատ խնդիրների, ընդհուպ ցանցային օպերատորների մեծ մասի գործունեության դադարեցմանը: Հիմա բացատրեմ որն է խնդիրը և ինչու չի կարող դա իրականացվել: Նախագծի 6-րդ հոդվածը նախատեսում է, որ տեսալսողական տեղեկատվության լեզուն հայերենն է, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Սակայն սահմանված բացառությունների մեջ ներառված չեն Հայաստանի տարածքում վերահեռարձակվող օտարերկրյա տեսալսողական ծրագրերը: Ինչը նշանակում է, որ մալուխային հեռարձակողները (Նախագծում ցանցային օպերատորներ), որոնք վերահեռարձակում են 30-150 կամ ավել օտարերկրյա տեսալսողական ծրագրեր, պետք է ապահովեն այդ բոլոր ծրագրերի հայերեն թարգմանությունը, ինչը հաղթահարելի և կիրառելի չէ: Եթե նման պահանջ կիրառվի վերահեռարձակում իրականացնող ցանցային օպերատորների նկատմամբ, ապա վստահեցնում ենք, որ Հայաստանի տարածքում կդադարեն գործել բոլոր ցանցային օպերատորները և կմնան միայն եթերային հեռարձակում իրականացնողները: Հայաստանյան հեռուստալսարանը կզրկվի շատ մեծ ծավալի տեսալսողական տեղեկատվություն ստանալու հնարավորությունից: Լիովին հասկանալով և ընդունելով օրենսդրի նպատակը խրախուսել հայրենական արտադրության և հայերեն լեզվով տեսալսողական տեղեկատվությունը, կարծում եմ, որ օտարերկրյա տեսալսողական ծրագրերը չպետք է բացառվեն նման խոչընդոտների պատճառով:

Այստեղ վերադառնալով մեր նախորդ թեմային, տեղական ալիքների վերահեռարձակմանը խոչընդոտող դրույթին, պետք է նշեմ, որ երկու դեպքում էլ տուժում են ցանցային օպերատորը և սպառողը:

-Ինչու՞ է այս Նախագծով արգելվում  ցանցային օպերատորներին ունենալ սեփական տեսալսողական ծրագրեր, իսկ նրանք ովքեր ունեն, պետք է օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում դադարեցնեն այդ ծրագրերի պատրաստումը եւ վերահեռարձակումը:

-Այո, շատ ճիշտ եք նկատել, ներկայումս գործող մի շարք ցանցային օպերատորներ ունեն սեփական հեռուստածրագրեր, որոնք իրականացնելու համար կազմել են բիզնես պլան, դիմել կարգավորող մարմին, ստացել թույլտվություն, սեփական հեռուստածրագրերն իրականացնելու համար ձեռք են բերել թանկարժեք ծրագրային ապահովումներ, համակարգիչներ, սերվերներ, ստեղծել աշխատատեղեր, կնքել երկարաժամկետ պայմանագրեր տեսալսողական տեղեկատվություն տրամադրողների հետ, սակայն այս Նախագծով արգելվում է օպերատորներին ունենալ սեփական ծրագրերը, իսկ նրանք ովքեր ունեն, պետք է օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում դադարեցնեն այդ ծրագրերի պատրաստումը և վերահեռարձակումը: Հասկանալի չէ ցանցային օպերատորներին նման սահմանափակումների առաջ դնելու և դրանով ֆինանսական մեծ կորուստներ պատճառելու նպատակը և տրամաբանությունը: Տեղին եմ համարում նշել, որ համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում, երբ ուսումնական հաստատություններն անցան հեռավար ուսուցման, որոշ ցանցային օպերատորներ շատ արագ արձագանքեցին ստեղծված իրավիճակին՝ ընդամենը մի քանի օրում ստեղծելով կրթական ուղղվածության սեփական հեռուստածրագրեր և եթերաժամ տրամադրելով հեռուստադասընթացների համար, նաև Միության անդամ բոլոր օպերատորներն անվճար հասանելի դարձրեցին նախարարության կողմից տրամադրվող հեռավար ուսուցման ռեսուրսներին հասանելիությունն իրենց բաժանորդներին, նույնիսկ ծառայության մատուցումը տարբեր պատճառներով դադարեցնելուց հետո:

Հասկանալի չէ նաև ցանցային օպերատորներին տեսալսողական մեդիածառայության դիստրիբյուտոր լինելու հնարավորությունից զրկելը: Այս իրավիճակում ինչ պետք է անեն այն ցանցային օպերատորները, որոնք ունեն երկարաժամկետ պայմանագրեր տեսալսողական մեդիածառայությունների հետ, ինչ եկամուտի աղբյուրներով պետք է գոյատևեն ցանցային օպերատորները, որոնք ի տարբերություն մուլտիպլեքս օպերատորների, չեն օգտագործում պետության սահմանափակ ռեսուրս հանդիսացող հաճախային տիրույթներ, այլ ստեղծում են իրենց ենթակառուցվածքները, դրանով իսկ պետությանն ապահովելով ռազմավարական նշանակություն ունեցող կապի համակարգերով: Ինչպես գիտեք, բաժանորդային մուծումները այն հուսալի եկամուտի աղբյուրները չեն, հատկապես ճգնաժամային տնտեսական համակարգերում, որոնք ցանցային օպերատորին կապահովեն անխափան գործելու, պարբերաբար վերազինվելու և իրենց ենթակառուցվածքները զարգացնելու հնարավորությամբ:

-Նաեւ արգելվելու՞ են գովազդ պարունակող օտարերկրյա տեսալսողական ծրագրերը:

-Այո, և սա ևս խնդիր է: Ըստ Նախագծի 55 հոդվածի 5-րդ մասի պահանջի, արգելվում են այն օտարերկրյա ծրագրերը, որոնք պարունակում են գովազդ: Պետք է նշենք, որ Հայաստանի տարածքում վերահեռարձակվող և հայկական հեռուստալսարանի կողմից սիրված և մեծ վարկանիշ ունեցող օտարերկրյա տեսալսողական ծրագրերի մոտ երեսուն տոկոսը պարունակում են գովազդ, ուստի նման պահանջի սահմանումը կզրկի հեռուստալսարանին այդ երեսուն տոկոս տեսալսողական ծրագրերն ընդունելու հնարավորությունից: Մենք առաջարկում ենք հոդվածի այդ դրույթը վերաշարադրել այնպես, որ այն օտարերկրյա տեսալսողական ծրագրերը, որոնք ունեն նաև առանց գովազդ տարբերակներ, ապա Հայաստանի տարածքում վերահեռարձակվում են բացառապես այդ տարբերակները, իսկ այն ծրագրերը, որոնք չունեն նման տարբերակ, ապա թույլ տալ վերահեռարձակել:

– Ինչպե՞ս եք տեսնում ցանցային օպերատորների խնդիրների լուծումը:

-Անկեղծորեն պետք է խոստովանենք, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ գործող օրենքը նոր օրենքով փոխարինելու գաղափարը շատ էր ոգևորել մեր միության բոլոր անդամներին, քանի որ լիահույս էինք, որ այն բազմաթիվ խնդիրները, որոնց բախվում են ցանցային օպերատորները իրենց գործունեության ընթացքում, վերջապես իրենց լուծումը կստանան նոր օրենքում: Նախքան Նախագծի մշակումը մեր միությունը բազմաթիվ առաջարկներ  է ուղարկել ինչպես կարգավորող մարմնին, այնպես էլ օրենսդրին, մասնակցել քննարկումների, բարձրացրել այն բոլոր խնդիրները, որոնք առկա են և որոնց բախվում են այս բնագավառի մասնակիցները, սակայն Նախագծին ծանոթանալուց մի քանի օր հետո ստանալով Նախագծի լրամշակված տարբերակը տպավորությունն այնպիսին էր, որ Նախագծում կատարվել են փոփոխություններ, որոնք մշակվել են եթերային հեռարձակում իրականացնողների շահերը սպասարկելու շարժառիթով:

Ցանցային օպերատորներին պետք է ավելի շատ հնարավորություններ ընձեռել զարգանալու և ընդլայնվելու համար, ոչ թե զրկել եղած բոլոր հնարավորություններից, քանի որ ինչպես արդեն նշեցի, ցանցային օպերատորները չեն օգտագործում պետության սահմանափակ ռեսուրսները, այլ իրենք են ստեղծում ենթակառուցվածքներ: Բացի այդ, պետք է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ ամբողջ աշխարհում կաբելային հեռուստատեսությունը հանդիսանում է տեսալսողական մեդիայի ամենամեծ սեգմենտը և կաբելային ցանցերը շարունակում են մնալ աշխարհի խոշորագույն և հայտնի տեսալսողական մեդիածառայությունների հեռուստածրագրերի տարածման հիմքը:

Այնուամենայնիվ, շարունակում ենք հուսալ, որ Նոր Հայաստանում օրենքների նախագծերը մշակվում են բացառապես ոլորտը բարելավելու և կարգավորելու մղումներով, այլ ոչ թե կոնկրետ շահեր սպասարկելու շարժառիթներով և մեր կազմակերպության բարձրացրած խնդիրներն ի վերջո արձագանք կստանան Նախագծի ընդունման ժամանակ: Միությունը միշտ պատրաստ է հնարավորինս աջակցել և ներկայացնել այն փորձն ու գիտելիքները, որոնք կուտակել են մեր միության անդամներն իրենց գործունեության ընթացքում:

Հայաստանի օպերատորների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930