Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստանը» հարգում է «Իմ քայլի» կասկածելու իրավունքը ու չի հարգում ԲՀԿ-ի՞ այդ նույն իրավունքը. ԼՀԿ-ի երկակի ստանդարտներն ու մանեւրները

Հունիս 26,2020 17:17

Ինչպես հայտնի է,  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշեց չմիանալ ԲՀԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին՝ դիմելու Սահմանադրական դատարան՝ վստահեցնելով, որ ուզում են իրենց քայլերը զուլալ իրավական մնան, չծառայեն ո՛չ նախկին, ոչ էլ գործող իշխանության շահերին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ու պատգամավորներն իրենց այդ որոշումը պայմանավորում էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով՝ ասելով, որ քանի դեռ այդ գործը չի քննվել, իրենք ՍԴ չեն դիմի:

Չնայած, հետո Քոչարյանի փաստաբանները ՍԴ-ին ուղղված իրենց դիմումը հետ վերցրին, բայց ԼՀԿ-ն, միեւնույն է, չմիացավ ԲՀԿ-ի նախաձեռնությանը:

Ինչն է հատկանշական այս պատմության մեջ. բանն այն է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը, որն առնչվում էր Քոչարյանի գործին, վարույթ էր ընդունել դեռեւս 2019-ի հունիսին, բացի այդ, ՍԴ էին դիմել նաեւ Քոչարյանի փաստաբանները:

Այդ ընթացքում՝ 2019-ի սեպտեմբերին, երբ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց ու ԱԺ-ն որոշեց դիմել ՍԴ-ին, նրանց նախաձեռնությանը «Լուսավոր Հայաստանը» միացավ՝ չհիշելով անգամ այն նույն փաստարկները, որոնք հիմա է բերում՝ այն է՝ ՍԴ-ն Քոչարյանի գործ է քննում, իրավական առումով զուլալ մնանք:

Հիշեցնենք, որ ՍԴ-ին ուղղված այդ դիմումը կապված էր հենց Քոչարյանի գործի քննության հետ, ու որպես Հրայր Թովմասյանին լիազորություններից զրկելու հիմք, նշում էին նաեւ այն, որ նա Քոչարյանի ծնունդը շնորհավորել է, Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի եւ այլն: Ընդ որում, «Լուսավոր Հայաստանը» միացավ դրան՝ չնայած իրավական ձեւակերպումների առումով անհամաձայնություն ուներ, օրինակ, ՍԴ դատավոր-անդամ տերմինի հետ կապված կամ նախնական տարբերակում դատավճիռ արտահայտող տեքստի հետ կապված:

Հասկանալու համար, թե ինչպես հիմնավորեց այն ժամանակ ԼՀԿ-ն իշխանականերին միանալու իրենց որոշումը, բավական է լսել ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ խմբակցության անունից հանդես եկող Տարոն Սիմոնյանի ելույթը. «Մեր դիրքորոշումը, որ պաշտպանում ենք, ավելի ճիշտ՝ չենք ընդվզում եւ կողմ ենք քվեարկում իշխող խմբակցության առաջ բերած նախագծին, հիմնավորված է այն պատճառաբանությամբ, որ մենք հարգում ենք կասկած ունենալու ձեր իրավունքը: Եվ դուք  իրավունք ունեք կասկածելու, որ ՍԴ որեւէ դատավոր կատարել է կարգապահական խախտում կամ էական կարգապահական խախտում: Դուք արտահայտել եք կասկած, եւ մենք հարգում ենք կասկածելու ձեր իրավունքը»:

Այս ամենից հետո հարց է առաջանում՝ ինչպե՞ս է, որ «Լուսավոր Հայաստանը» հարգում է «Իմ քայլի»՝ կասկած ունենալու իրավունքը ու չի հարգում ԲՀԿ-ի կասկածելու իրավունքը:

Իհարկե, այստեղ կարելի է տարաբնույթ պատճառաբանություններ բերել, որ «Իմ քայլի» նախաձեռնությանը միանալու ժամանակ Քոչարյանի գործը կասեցված էր՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու համար: Բայց, եթե մարդիկ հայտարարում են, որ ուզում են իրավական առումով զուլալ մնալ, հարգում են կասկածելու իրավունքը, ուրեմն ողջամիտ սպասելիքներ են ձեւավորվում, որ այդ հարգանքը դրսեւորեն միշտ, ոչ թե հատվածաբար ու տեղ-տեղ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930