ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այսօր կրկին անդրադարձավ միասնական քննություններին: Ասաց, որ հուլիսի 2-ից մեկնարկում են քննությունները, դրանք անցկացվելու են չորս օր, շաբաթվա առաջին տասնօրյակի զույգ օրերին: Առաջինը օտար լեզուների քննությունն է:
Հուլիսի 4-ին դիմորդները քննություն կհանձնեն հայոց պատմությունից, աշխարհագրություն եւ քիմիայից, հուլիսի 6-ին՝ մաթեմատիկայի քննությունն է լինելու, իսկ հուլիսի 8-ին՝ հայոց լեզու եւ գրականություն, կենսաբանություն, ֆիզիկա առարկաներինը: Նախարարի խոսքերով, դիմորդները տեղեկատվություն կստանան, թե որ քննական կենտրոններում են հանձնելու քննությունները: Նախարարը կոչ արեց ուշադիր լինել էլեկտրոնային փոստերի հասցեներին, որի վրա տեղեկատվություն է ուղարկվելու:
Ասաց նաեւ, որ դիմորդներն իրենց անցագրերը ոչ միայն հեռախոսի մեջ էլեկտրոնային տարբերակով կարող են ներկայացնել քննական կենտրոններ մտնելիս, այլեւ թղթի վրա տպված:
Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ դիմորդները պետք է լինեն դիմակներով ու ձեռնոցներով, նրանց ջերմությունը կչափեն, եւ երբ արձանագրվի, որ ջերմություն չունեն, դրանից հետո միայն կգնան քննական կենտրոն, ովքեր չունեն դիմակ, նրանց դիմակ կտրամադրվի: Նրա խոսքով, այն դիմորդները, որոնք այլ պատճառներով ունեն ջերմություն կամ ջերմության տատանումներ, քննության օրը պետք է ներկայացնեն համապատասխան հիմնավորում-քաղվածք՝ մեկ օր առաջ վերցված պոլիկլինիկաներից: Իսկ նրանք, որոնք ջերմություն կունենան, նրանց ջերմությունը մի քանի անգամ կչափվի:
Կարդացեք նաև
Այս տարի քննարկման կենտրոններում դիմորդների թիվը չի գերազանցելու 140-150-ը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ