Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպանը հետաքրքրվել է նախարարության՝ թվայնացման, բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերով

Հունիս 26,2020 17:10

Հունիսի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեսակապով հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերն ու ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը: Երկուստեք կարևորվել են տնտեսության զարգացման համատեքստում բարձր տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը, ոլորտի զարգացման հնարավորությունները, ԵՄ-Հայաստան համագործակցության բազմամյա փորձն ու ձևավորված փոխհարաբերությունները, իրականացվող աջակցության ծրագրերը:

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին հետաքրքրվել է թվայնացման, բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախարարության կողմից իրականացվող ծրագրերով, որդեգրած ռազմավարությամբ և զարգացման տեսլականով՝ վերահաստատելով այս համատեքստում փոխգործակցության շարունակականության հնարավորությունները:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության և մասնավորապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող քայլերը նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղությամբ: Մասնավորապես, նախարարն ընդգծել է Կառավարության կողմից հավանության արժանացած և ընթացող պետական աջակցության դրամաշնորհային 17-րդ ծրագրի կարևորության մասին, որն իրականացվում  է ոլորտի ընկերությունների շրջանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով:

ԲՏԱ նախարարության հայտարարած մեկ այլ ծրագրով նախատեսվում է մինչև տարեվերջ 2000 մասնակցի փոխանցել Ծրագրավորման հիմունքների բազային գիտելիքներ՝ հատկապես նրանց, ովքեր կորոնավիրուսի տարածման հետևանքով հայտնվել են խոցելի խմբերում և զրկվել աշխատանքից: Նախարարն ընդգծել է, որ դասընթացները լինելու են շարունակական, այլ նեղ մասնագիտացումների գծով ևս վերապատրաստումներ են նախատեսվում:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաև կիբեռանվտանգության և թվայնացման զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ներկայացրել ոլորտի անելիքները և զարգացման տեսլականը:

Անդրեա Վիկտորինը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած տնտեսական, սոցիալական, առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ ստարտափներին, տեխնոլոգիական ոլորտի փոքր ու միջին ձեռնարկություններին տրվող տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրերը:

Ստեղծված ճգնաժամը միասնական ուժերով հաղթահարելու տեսանկյունից Անդրեա Վիկտորինն ու Հակոբ Արշակյանը պատրաստակամություն են հայտնել համագործակցելու EU4Business Տեխնոլոգիաների զարգացում (Technology Development), Արևելյան գործընկերության EU4Digital & Cybersecurity initiatives ծրագրերի շրջանակներում: Թե դեսպան Վիկտորինը, թե Հակոբ Աշակյանը կարևորել են ԵՄ-Թումո միասնական կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը՝ թվային հմտությունների զարգացման և մրցակցության բարձրացման տեսանկյունից:

Կողմերը քննարկել են նաև կորոնավիրուսի բացասական հետևանքների հաղթահարման և թվայնացման օրակարգի ուղղությամբ ջանքերը համատեղելու, գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու հետ կապված հնարավորությունների շուրջ հետագա փոխգործակցության ակտիվացման հեռանկարները:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930