«Համացանցում մեծ քանակությամբ տեղեկատվություն է զետեղված, թե, իբր «Հեղափոխության պահապաններ» խմբի հիմնադիր Հայկ Ստեփանյանի հետ կատարված միջադեպն ունի քաղաքական ենթատեքստ, հրահրված է նախորդ իշխանությունների կողմից եւ, որ դա կապված է նրա հասարակական-քաղաքական գործունեության հետ: Իրականության հետ դա որեւէ աղերս չունի»,- Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով միջադեպի մասնակից իր վստահորդներ՝ Գոռ Բաղդասարյանի եւ Վահե Դանիելյանի տեսակետն, ասաց նրանց շահերի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը (լուսանկարում): Նրա խոսքով, ո՛չ Գոռ Բաղդասարյանը ո՛չ Վահե Դանիելյանը Հայկ Ստեփանյանին չեն ճանաչել, որեւէ շփում նրա հետ երբեւէ չեն ունեցել, տեղեկություն չեն ունեցել, որ առհասարակ գոյություն ունի «Հեղափոխության պահապաններ» խումբ, այլ միայն դեպքից հետո են դրա մասին տեղեկացել:
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Սասուն Ռաֆայելյանի խոսքով, 2020 թ.-ի հունիսի 21-ին, ժամը 19-ի սահմաններում, Գոռ Բաղդասարյանը եւ Վահե Նազարյանը վերադառնալիս են եղել Աշտարակից եւ ճանապարհին Գոռ Բաղդասարյանը, որը գտնվել է իրեն պատկանող մեքենայի ղեկին, նկատել է, որ իրեն հետեւից մեծ արագությամբ մոտենում է «Օփել աստրա» մակնիշի մի ավտոմեքենա ու ազդանշան տալով, լուսարձակները թարթելով՝ ճանապարհ է պահանջում:
«Քանի որ այդ ժամանակահատվածում Գոռ Բաղդասարյանի անմիջապես աջ կողքից երթեւեկելիս է եղել մեծ բեռնատար կցորդով, ուստի հիշյալ ավտոմեքենայի վազանց կատարելու եւ աջ երթեւեկելի գոտի տեղավորվելու համար նրանից պահանջվել է շուրջ տասը վայրկյան: Այնուհետեւ Գոռ Բաղդասարյանի ձախ կողմից մոտեցել է Հայկ Ստեփանյանն իր «Օփել» մակնիշի ավտոմեքենայով, բացել է պատուհանը եւ ձեռքն ուղղելով դեպի Գոռ Բաղդասարյանը, շատ հանդուգն ձեւով հարցրել է, թե ինչո՞ւ ճանապարհ չեն զիջում: Ի պատասխան, Գոռ Բաղդասարյանը հայտնել է՝ տեսար, որ կցորդով բեռնատար էր եւ պետք է նրանից վազանց կատարեի եւ հնարավորություն ստանայի քեզ ճանապարհ զիջել: Սակայն Հայկ Ստեփանյանը կրկին բղավելով ասել է՝ էս ո՞վ են, արա: Որից հետո պահանջել է, որպեսզի Գոռ Բաղդասարյանը ավտոմեքենան աջ երթեւեկելի գոտում կանգնեցնի, որպեսզի որոշակի հանգամանքներ նրա հետ պարզաբանի: Ավտոմեքենան կանգնեցնելուց հետո իմ պաշտպանյալները դուրս են եկել ավտոմեքենայից: Հայկ Ստեփանյանն իր ավտոմեքենան կայանել է վերջիններիս ավտոմեքենայի դիմաց եւ այդ ժամանակ իմ պաշտպանյալները նկատել են, որ ավտոմեքենայի հետնամասում կայանեցին եւս 4-5 ավտոմեքենա, որոնք եղել են Հայկ Ստեփանյանի հետ»,-պատմեց Սասուն Ռաֆայելյանը:
Ըստ նրա, Հայկ Ստեփանյանը, ավտոմեքենայից դուրս գալով, հարցրել է Գոռ Բաղդասարյանին՝ արդյոք իրեն տեղը չի բերում, որին ի պատասխան ստացել է բացասական պատասխան. «Հայկ Ստեփանյանն ասել է, որ հանդիսանում է «Հեղափոխության պահապաններ» խմբի հիմնադիր անդամներից մեկը, նաեւ միաժամանակ հանդիսանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանավորյալները եւ հայհոյանքներ հնչեցնելով իմ վստահորդների հասցեին, ասել է, որ կանի այնպես, որ հաջորդ անգամ իրեն անմիջապես ճանաչեն: Դրանից հետո իմ վստահորդներին թիկունքից հարվածել են, գցել գետնին, միջադեպի արդյունքում կոտրվել է Գոռ Բաղդասարյանի աջ ձեռքը եւ Վահե Նազարյանի ամբողջ մարմինը պատված է եղել կապտուկներով»:
Կարդացեք նաև
Պաշտպանի խոսքով, ծեծի հանգամանքը հիմնավորվել է նաեւ դատաբժշկի եզրակացությամբ: Վիճաբանությունը դադարել է այն բանից հետո, երբ Հայկ Ստեփանյանի ավտոմեքենայից իջել է մի կին եւ սկսել է բարձր բղավել է, ինչից հետո կրքերը հանդարտվել են:
Այնուհետեւ, Սասուն Ռաֆայելյանի խոսքով, Հայկ Ստեփանյանը մոտեցել է Գոռ Բաղդասարյանին, նրան է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը եւ ասել, որ, եթե ցանկանան տեղեկանալ, թե ո՞րն է նրանց ծեծի ենթարկելու պատճառը, զանգեն՝ հանդիպեն:
«Գոռ Բաղդասարյանը գնալով տուն, որոշ ժամանակ անց զանգահարել է Հայկ Ստեփանյանին՝ ասելով, որ ցանկանում է հանդիպել, որպեսզի պարզաբանումներ ստանա՝ ի՞նչն էր պատճառը, որ իրեն ծեծի է ենթարկել: Հայկ Ստեփանյանն ասել է՝ որեւէ խնդիր չկա, լավ է, որ այդպես են մտածում, որ պետք է հանդիպեն՝ բարիշեն, պայմանավորվել են Տիչինայի փողոցում հանդիպել: Գոռ Բաղդասարյանը գնացել է նշված հասցե եւ սպասել Հայկ Ստեփանյանին: Պայմանավորվածությունից կես ժամ անց Հայկ Ստեփանյանը մոտեցել է այլ մակնիշի ավտոմեքենայով, կայանել է, դուրս եկել եւ առանց որեւէ բան ասելու՝ սկսել է իմ վստահորդների հասցեին կրկին հայհոյանքներ հնչեցնել՝ թե արդյոք մինչեւ այդ պահը նրանք չեն ճշտել՝ ինքն ով է: Եվ դրանից հետո նա ծեծի է ենթարկվել իմ վստահորդների կողմից: Այդ ձայների վրա հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, ինչպես տարեցներ, այնպես էլ երիտասարդներ եւ նրանցից մի մասը եւս հնարավոր է, որ հարվածներ հասցրած լինի Հայկ Ստեփանյանին, քանի որ նա, ըստ մեր ունեցած տեղեկությունների, իրեն դրսեւորել է ե՛ւ հակաբարոյական ե՛ւ հակաիրավական: Եղելությունն այդպես է»,-պատմեց պարոն Ռաֆայելյանը:
Նրա խոսքով, դեպքից 6-7 ժամ անց նրա վստահորդներն իր ուղեկցությամբ ներկայացել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի նախաքննական մարմնին եւ քննիչի կողմից ձերբակալվել են. «Հիշյալ ձերբակալության արձանագրությունները բողոքարկել ենք դատարան: Դատարանը նրանց ձերբակալությունը ճանաչել է ոչ իրավաչափ եւ իմ վստահորդները դատական նիստերի դահլիճից ազատ են արձակվել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Սպասում ենք՝ երբ են կանչելու, որպեսզի կա՛մ մեղադրանք առաջադրեն կա՛մ քրեական հետապնդումը դադարեցնեն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ